ՀՅԴ երիտասարդների ակցիան՝ ԵՄ պատվիրակության առջև

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը այսօր՝ փետրվարի 11-ին, բողոքի ակցիա է իրականացրել Հայաստանում Եվրամիության պատվիրակության շենքի առջև:
Ակցիայի մասնակիցներն իրենց ընդվզումն են արտահայտել Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կազմաքանդմանը, խորացող բռնաճնշումներին և դատական իշխանության անկախությունը ոտնահարող կոպիտ միջամտություններին եվրոպական կառույցների դրսևորած անտարբերության, հաճախ նաև այս արատավոր երևույթներին ցուցաբերած խրախուսական քաղաքականության առնչությամբ։
«Հարգանքի տուրք Հայաստանում ժողովրդավարության հիշատակին» խորագրով ակցիայի մասնակիցները իրենց բողոքի ձայնը բարձրացրին նաև Արցախի Հանրապետության նկատմամբ թուրք-ադրբեջանական ագրեսիան չդատապարտելու, պատերազմական հանցագործությունների, այդ թվում քիմիական զենքի գործածության իրողությունը լռության մատնելու և մեր հազարավոր հայրենակիցների կյանքի իրավունքը ոտնահարելու փաստը չդատապարտելու կապակցությամբ։
Կենտրոնական վարչության անդամ Սևակ Նազարյանն ասաց, որ ակցիան ամբողջությամբ խորհրդանիշներով է կազմակերպված, որոնցով ներկայացնում են Հայաստանում ժողովրդավարության հոգեհանգիստը։
«Վերջին շրջանում Հայաստանում ժողովրդավարության ցածր մակարդակը գրանցում է իրական հակառեկորդ։ Վերջին շաբաթում դատավորին կալանավորեցին դատական գործընթացն անկախ իրականացնելու համար․ սա նպատակ ուներ դատական իշխանությունն ու իրավագիտությունը վերացնել Հայաստանում։ ԵՄ-ն ունի հստակ արժեքներ և ամեն տարի գնահատականներ է տալիս տարբեր երկրներում ժողովրդավարության մակարդակի վերաբերյալ, բայց ՀՀ-ում ԵՄ ներկայացուցիչ Անդրեա Վիկտորինը ընդամենը կեղծ զեկույցներ է ներկայացնում ԵՄ»,-ասաց Սևակ Նազարյանը։
ՀՅԴ ՀԵՄ կենտրոնական վարչության անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը վստահ է, որ գործող իշխանությունները պատասխան են տալու իրենց արածի համար, բայց ինքը վստահ չէ, որ եվրոպական կառույցներն իրենց դիրքորոշումների համար պատասխան կտան։
«Ես այստեղ եմ նաև որպես ԵՄ միջխորհրդարանական խմբի անդամ․ այն կառույցները, որոնք ներկայացնում են միջազգային հանրությունը, երկակի ստանդարտներ են կիրառում»,-ասաց Քրիստինե Վարդանյանը։
ՀՅԴ անդամ Տարոն Մանուկյանը վստահ է, որ ժողովրդավարությունը Հայաստանում տապալվել է։
«Արդեն շատ ակնառու փաստ է, որ մարդուն ընդամենը իր ազատ խոսքը արտահայտելու համար կարող են ուղղակի ենթարկել քաղաքական հետապնդումների։ Դրա վառ օրինակն էին ՏԻՄ ընտրություններից հետո կատարված ձերբակալությունները, երբ ժողովրդի ընտրած քաղաքապետներին առանց որևէ լուրջ հիմքի բռնել են և պահում են հսկողության տակ»,-ժողովրդավարության տապալման ևս մեկ օրինակ նշեց Տարոն Մանուկյանը։
Այդպիսի օրինակները բազմաթիվ են՝ փաստեց նա, իսկ Անդրեա Վիկտորինը լռում է կամ Հայաստանը ներկայացնում ժողովրդավար։





arfd.am