ՀՅԴ երիտասարդները Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան դիմաց բողոքի ակցիա են իրականացրել

Վաշինգտոնի Հայ Երիտասարդաց Դաշնակցության «Անի» մասնաճյուղը համայնքի անդամների հետ հավաքվել է Ադրբեջանի դեսպանատան մոտ՝ բողոքելու Սումգայիթում տեղի ունեցած զանգվածային սպանությունների, Բաքվի, Կիրովաբադի և Մարաղայի ջարդերի 37-րդ տարելիցի կապակցությամբ:
Համայնքի անդամները հավաքվել են` պահանջելու միջազգային գործողություններ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու Արցախում էթնիկ զտումների, ինչպես նաև հայ ռազմագերիների ազատ արձակման համար:

Հայ Երիտասարդաց Դաշնակցության «Անի» մասնաճյուղի գործադիր անդամ Նարեկ Սաքայանը դատապարտել է Ադրբեջանի գործողությունները` ասելով. «Արցախի ժողովուրդը՝ ուժեղ և վճռական, դեռևս չի դրոշմվել պատմության դասագրքերի էջերում: Այն ընտանիքները, որոնք սեր ու ուրախություն են գտել Ստեփանակերտում, դեռ ողջ են։ Ազատ Շուշիում ծնված երեխաները շարունակում են ջանասիրաբար սովորել և խաղեր խաղալ։ Վետերանները, որոնք պայքարել են խաղաղության և ինքնորոշման իրավունքի համար, շարունակում են լցնել մեր եկեղեցիներն ու համայնքային կենտրոնները: Մեր պարտքն է համերաշխ լինել նրանց հետ այժմ և ընդմիշտ» ։
Բողոքի ակցիան ավարտվել է աղոթքով՝ ի հիշատակ զոհվածների և հայ ռազմագերիների ազատության:

