ՀՅԴ երիտասարդական միություններն Արցախի պատանիների կողքին են
ՀՅԴ Արցախի երիտասարդական միությունը ՀՅԴ աշխարհասփյուռ երիտասարդական միությունների աջակցությամբ շարունակում է պատանեկան ճամբարների կազմակերպումն Արցախում:
2-րդ փուլով Մարտունիում նախաձեռնվել է ճամբար, որին մասնակցել է շուրջ 60 պատանի:
ՀՅԴ Արցախի երիտասարդական միության Կենտրոնական վարչության անդամ Թագուհի Խաչատրյանը «Ապառաժ»-ի հետ զրույցում նշեց, որ պատերազմից հետո հատկապես Մարտունիում սա լավ հնարավորություն էր պատանիների համար, որպեսզի հետաքրքիր ձևով անցկացնեն իրենց ամառային արձակուրդները:
«Քանի որ ամռան օրերին երեխաները հիմնականում չունեն ժամանցի համար վայրեր, մենք որոշեցինք ապահովել նրանց հետաքրքիր և դաստիարակչական ժամանցով»,-ասում է Թագուհի Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ այս պատանեկան ծրագրին ընդգրկվել են այն երեխաները, ովքեր դեռ նախորդ ճամբարից էին ցանկություն հայտնել մասնակցելու նմանատիպ ծրագրերի:
«Մեր վարիչների շնորհիվ նրանց օրը հագեցված է անցնում տարաբնույթ սպորտային և ինտելեկտուալ խաղերով, մրցույթներով: Պատանիները ծանոթանում են նաև Հայոց պատմության ուշագրավ դրվագներին, սովորում են ազգային երգ ու պար»,-նշում է Թագուհի Խաչատրյանը։
Ըստ նրա՝ ՀՅԴ Արցախի երիտասարդական միությունը բազմիցս հայտարարել է, որ հետպատերազմյան շրջանում զբաղվելու է Արցախցի փոքրիկների ժամանցային և դաստիարակչական ծրագրերի կազմակերպմամբ:
«Այս ծրագիրը շարունակությունն է այն ճամբարների, որոնք մեր ջանքերով արդեն իսկ իրականացվել են Արցախի բոլոր շրջաններում»,-տեղեկացնում է Թագուհի Խաչատրյանը:
2-րդ ճամբարը կազմակերպվել է Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքում, որին մասնակցել են շուրջ 40 պատանի:
Թագուհի Խաչատրյանի խոսքով՝ առաջին ճամբարից հետո երեխաները բավականին տպավորված են և անընդհատ կապի մեջ են իրենց վարիչների հետ:
«Պատանիներն անընդհատ հարցնում էին, թե երբ ենք նորից կազմակերպելու պատանեկան ճամբար, ինչն էլ ստիպեց մեզ, որ 2-րդ անգամ ևս Նորագյուղում կազմակերպենք պատանեկան ճամբար»,-ասաց Թագուհի Խաչատրյանը:
Ինչպես տեղեկացնում են ՀՅԴ Արցախի երիտասարդական միությունից, 2-րդ փուլով անցկացվող ճամբարներում ընդգրկված երեխաների թիվը պայմանավորված է այն հանգամանքով, որ այս անգամ տարիքային շեմ են կիրառել:
3-րդ և վերջին ճամբարը կազմակերպվել է Մարտակերտի շրջանի Վանք գյուղում, որին մասնակցում էին 30 պատանիներ:
«Վանք գյուղում կազմակերպվող ճամբարը ևս նորություն էր պատանիների համար: Այս տարի արդեն 2-րդ անգամ ենք կազմակերպում ճամբար, քանի որ առաձին փորձը հաջողվել էր, և պատանիները մեծ ոգևորությամբ մասնակցեցին»,-մեզ հետ զրույցում նշեց Թագուհի Խաչատրյանը:
Նա նաև հավելեց, որ ճամբարները այսքանով չեն սահմանափակվելու և ապագայում ևս նախատեսում են կազմակերպել ճամբարներ Արցախի այլ համայնքներում:
«Մենք հետևողական ենք լինելու Արցախի պատանիների կյանքն ավելի գունավոր և հետաքրքիր դարձնելու համար, հատկապես՝ հետպատերազմյան շրջանում: Սա դաշնակցական երիտասարդի առաքելություններից մեկն է»,-եզրափակեց Թագուհի Խաչատրյանը:
Վահագն Խաչատրյան