ՀՅԴ Ընդհանուր ժողովը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » «Դրօշակի»-ի խմբագրական » ՀՅԴ Ընդհանուր ժողովը

ՀՅԴ Ընդհանուր ժողովը

2022 թ․ փետրվարի 28-ից մարտի 8-ը Հայաստանում տեղի ունեցավ Դաշնակցության 34-րդ Ընդհանուր ժողովը։ Գաղտնիք բացահայտած չենք լինի, եթե ասենք, որ Ընդհանուր ժողովները Դաշնակցության ընթացիկ կյանքում տեղի ունեցող ամենակարևոր իրադարձությունն են։ Իբրև ՀՅԴ աշխարհատարած ողջ կառույցի բարձրագույն ժողովներ՝ դրանք գալիք քառամյա շրջանի համար ընդունում են ռազմավարական բնույթի որոշումներ։ Այդպիսով ժողովները նաև ամրապնդում են կուսակցական կազմակերպորեն ապակենտրոն կառույցի, ինչպես և նրա գաղափարախոսության ու ռազմավարական առաջադրանքների միասնականությունը։ Բնական է, որ Հայաստանում, Ավստրալիայում, Կանադայում, Շվեդիայում կամ մեկ այլ վայրում Դաշնակցության կառույցների առջև ծառացած կոնկրետ խնդիրները կարող են լինել միանգամայն տարբեր, սակայն տեղական խնդիրների լուծումները չեն կարող հակասել կուսակցության Ընդհանուր ժողովների ոգուն ու տառին։ Առավել ևս հակասություն չի կարող լինել Ընդհանուր ժողովների ընդունած ուղենիշների, որոշումների ու հայեցակարգային մոտեցումների հարցում։

Ընդհանուր ժողովները հաճախ որակվում են որպես պատմական ժողովներ, և սա հաճոյախոսություն չէ, որ իրենց հասցեին անում են իրենք՝ դաշնակցականները։ Ցավոք, ՀՅԴ 131-ամյա կենսագրությունն անցել է հայոց պատմության դրամատիկ ու դժնդակ փուլերով, որոնց ընթացքում ՀՅԴ-ի ստանձնած հանձնառությունը եղել է նույնը՝ մասնակից լինել հայ ժողովրդի ճակատագրի կերտմանը՝ այդ նպատակին անմնացորդ նվիրաբերելով իր ֆիզիկական ու բարոյական ողջ ներուժը։

Հայ ժողովրդի, Հայաստանի ու Արցախի համար այդպիսի մի դժնդակ ժամանակ էլ գումարվեց ՀՅԴ ոչ արտահերթ, բայց իր բնույթով արտակարգ 34-րդ Ընդհանուր ժողովը։ Բնականաբար, հայ կյանքի տագնապները չէին կարող անարձագանք մնալ այս կարևոր ժողովում։ Ընդհակառակը՝ մթնոլորտում գերիշխողը հենց այդ մտահոգություններն էին, որոնք էլ առաջնորդեցին ժողովն ու արտացոլվեցին որոշումներում։ Կարելի է հաստատել, որ Հայաստանում ու Արցախում ստեղծված իրավիճակի, նրանց առջև ծառացած մարտահրավերների գնահատման, ինչպես և դրանցից բխող անելիքների հստակեցման առումով ժողովը եղավ միակամ, բոլոր ելույթ ունեցողները և ընդհանրապես ներկաները համամիտ էին այն գնահատականներին, որոնք արտացոլվեցին ժողովի բանաձևերում և նախանշվող անելիքների հիմքը դարձան։

Ժողովը տագնապով արձանագրեց, որ այսօր գերխնդիր է դարձել Հայաստանի և Արցախի Հանրապետությունների անվտանգության, տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, կայունության ու զարգացման ապահովումը, և Հայաստանի իշխանությունների վարած ապազգային քաղաքականության շարունակումը հանգեցնելու է Հայաստանի թուրքացմանը, Արցախի հայաթափմանը, իսկ սպառնալի չափերի հասնող արտագաղթը կարող է ժողովրդագրական աղետի վերածվել թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի համար։ Հայաստանի Հանրապետությունը դադարել է լինել Արցախի Հանրապետության և Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը, նվազում է Արցախի՝ որպես համահայկական գործոնի դերակատարությունը: Ադրբեջանական զորամիավորումները շարունակում են խախտել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, սասանել երկրի ինքնիշխանությունը:

Ժողովականները արձանագրեցին, որ Հայաստանի պետական ինստիտուտները կազմաքանդված են, բանակը, ինչպես և ազգային անվտանգության դեմ ուղղված սպառնալիքներին դիմակայելու ներուժը՝ քայքայված։ Սրան զուգահեռ ոտնահարվում են հայկական ինքնությունը կերտող ազգային և ավանդական արժեքները, երկրի քաղաքական օրակարգից դուրս են մղվում Հայ դատը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և հատուցման գործընթացը, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հռչակագրում ամրագրված համահայկական հանձնառությունները։ Համազգային պառակտվածության և անհանդուրժողականության վտանգավոր մակարդակը, ազգային արժեքների և տեսլականների ոտնահարումը, քաղաքական ուժերի և ազգային ինստիտուտների հանդեպ հանրային հավատի և վստահության պակասը, քաղաքական կայուն համակարգի և ստեղծարար օրակարգերի բացակայությունը, երկրում իրականացվող բռնաճնշումները, քաղաքական, մշակութային, գիտական և հոգևոր ընտրախավերի հեղինակազրկումը գրեթե բացառում են հանրային երկխոսությունը, անէացնում հեռանկարի հույսը, նպաստում արտագաղթի տեմպերի աճին։

Երկրի հակասահմանադրական ընթացքը, համատարած բռնաճնշումներն ու քաղաքական հետապնդումները ամրապնդում են երկրում հաստատված ավտորիտար ռեժիմը։

Կատարելով այսպիսի գնահատումներ՝ ՀՅԴ Ընդհանուր ժողովը հաստատեց այս բախտորոշ շրջանում կուսակցության հանձնառությունները՝ ի շահ հայ ժողովրդի և հայոց երկու պետականությունների։ Ընդ որում, ազգի ու հայրենիքի առջև ծառացած մարտահրավերները հաղթահարելու նպատակով Դաշնակցության ժողովն ընդունեց, որ կուսակցությունը կարող է համագործակցել նույն նպատակները հետապնդող ազգային բոլոր ուժերի հետ, պահանջել, որ օրվա ցանկացած իշխանություն ձեռնամուխ լինի ծագած խնդիրների լուծմանը, իսկ այլ պարագաներում միշտ պատրաստ լինի ինքնուրույնաբար ու միայնակ դուրս գալու պայքարի հրապարակ։

Որպես ստեղծված իրավիճակի հաղթահարմանն ուղղված ռազմավարական նպատակ նախանշվեց ազգային բանակի հզորացումը՝ իբրև հայրենիքի անվտանգության անփոխարինելի երաշխիք։ Դաշնակցության պատկերացրած «ազգ-բանակ»-ի գաղափարից է բխում համաժողովրդական բանակի կազմավորումը, որն օժտված կլինի 21-րդ դարին համապատասխան կարողականությամբ։
Ժողովը արձանագրեց, որ Հայաստանում համակարգային ճգնաժամի հաղթահարման համար անհրաժեշտ են ռազմավարական հեռանկարային համապարփակ ծրագրեր, որոնք թույլ կտան վերականգնել պետական անվտանգության ողջ համակարգը։
Կարևորագույն հիմնախնդիրներ համարվեցին Հայաստանի և Արցախի անվտանգության, տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, կայունության ու զարգացման ապահովումը, Հայաստանի և Արցախի հայաթափման կանխումը։
Անհրաժեշտ նկատվեց սահմանել և հստակեցնել համազգային այն կենսական շահերն ու կարմիր գծերը, որոնցից դուրս որևէ զիջում անընդունելի է։ Մասնավորապես՝ նկատի ունենալ, որ հանուն Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման հայությունը չի կարող ընդունել որևէ նախապայման, որն ուղղված կլինի Հայաստանի և Արցախի Հանրապետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության դեմ, կպարտադրի Հայաստանին ճանաչել ներկայումս ձևավորված փաստական սահմանները, ինչպես և հրաժարվել Հայ դատի պայքարից՝ հայության արդար պահանջատիրությունից։

Այժմեական որակվեց Հայաստանի և Արցախի միջև ռազմաքաղաքական փոխգործակցության պայմանագրի կնքման անհրաժեշտությունը։ Անհրաժեշտ համարվեց նաև ՀՀ իշխանություններին մղելը, որ միջազգային հարթակներում հանդես գան Արցախի ժողովրդի անվտանգության և ազգային իրավունքների երաշխավորի հանձնառությամբ։

Հայաստանի և Արցախի քաղաքական կշիռն ու դերակատարությունը վերականգնելու նպատակով անհրաժեշտ համարվեցին ավանդական դաշնակիցների հետ խարխլված հարաբերությունների վերականգնումը, կապերի զարգացումը նախկին դաշնակիցների ու գործընկերների հետ, այդ թվում՝ Ռուսաստանի, Իրանի, Վրաստանի, ԱՄՆ-ի, Եվրամիության երկրների, Չինաստանի ու Հնդկաստանի և այլն։

Որպես սոցիալիստական կուսակցություն՝ Դաշնակցությունը ազգային հիմնահարցերի կողքին չէր կարող չկարևորել նաև հայ մարդու և հայ հասարակության առօրյա կենսական խնդիրները։ Ժողովը վերահաստատեց, որ իբրև ընկերվարական (սոցիալիստական) քաղաքական ուժի՝ «Հայ Յեղափոխական Դաշնակցության» համար մարդը և նրա բարեկեցությունը հիմնական արժեքներ են: Ընկերային (սոցիալական) արդարության, հանրային համերաշխության և եկամուտների արդար բաշխման խնդիրները տակավին լուծված չեն: Մեր ազգային անվտանգության համար սպառնալիքի աստիճանի հասած հանրության բևեռացումը մնում է Հայաստանի ներքաղաքական հիմնական մարտահրավերներից մեկը:

Դաշնակցությունը չէր կարող մոռանալ Սփյուռքը՝ իր հիմնահարցերով և հայության ու հայոց պետության կյանքում դերակատարությամբ։ Գնահատվեց Սփյուռքի ռազմավարական դերը՝ որպես հայկական եռամիասնության կարևոր օղակի։ Նշվեց, որ անհրաժեշտ է նոր ավյուն ներարկել Սփյուռքի առավել կազմակերպման և համահայկական քաղաքական նպատակների իրականացման պայքարին։

Հայաստանում ճգնաժամի հաղթահարման կարևոր պայման դիտվեց քաղաքացիական հասարակության ձևավորումը։ Շեշտվեց, որ ազգային կրթությունը և դաստիարակությունը, ազգային դպրոցի և մշակույթի պահպանումն ու զարգացումը ռազմավարական և քաղաքական առաջնահերթություններ են Հայաստանի ու Սփյուռքի համար։ Ազգային նկարագիր ունեցող հայ քաղաքացու, հանրության ու ընտրախավի (էլիտա) ձևավորումը, ՀՀ քաղաքացու բարոյահոգեբանական նկարագրի բարեփոխումը հայոց պետականության ամրապնդման և հզորացման նախապայմաններ են։

ՀՅԴ 34-րդ Ընդհանուր ժողովի աշխատանքներն ընթացան 9 օր։ Այդ ընթացքում քննարկվեց համահայկական կյանքին, համընդհանուր մարտահրավերներին վերաբերող համապարփակ օրակարգ։ Ընդունվեցին բազմաթիվ կարևոր որոշումներ, որոնց բոլորին անհնար է անդրադառնալ մեկ հրապարակման սահմաններում։ Այո՛, Ընդհանուր ժողովը արդյունավետ եղավ իր կայացրած որոշումներով, սակայն այն պատմական կշիռ ձեռք կբերի, երբ Դաշնակցության համահայկական ընտանիքը միասնական կամքով և վճռականությամբ իրականացնի ժողովի կողմից իրեն թելադրված հանձնարարությունները։

«Դրօշակ»-ի առաջնորդող թիվ 3 (1664), մարտ 2022 թ.

1