ՀՅԴ ԱԵՄ-ը Ստեփանակերտում մոմերով երթ է կազմակերպել
ՀՅԴ Արցախի երիտասարդական միության նախաձեռնությամբ փետրվարի 13-ին կազմակերպվել է ճրագներով երթ: Այն նվիրված էր Արցախյան գոյապայքարի զոհասեղանին իրենց կյանքը զոհած բոլոր հայորդիների սուրբ հիշատակին: Ընտրված օրն էլ պատահական չէ՝ 33 տարի առաջ հենց այս օրն է Ստեփանակերտում կայացել Արցախյան գոյապայքարի առաջին հանրահավաքը:
«Երթ խոնարհումի և հպարտության» խորագրով միջոցառումը մեկնարկել է Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու բակից դեպի Եղբայրական գերեզմանոց: Երթը մի պահ կանգնել է Վերածննդի հրապարակում տեղադրված 44-օրյա պատերազմի զոհերի լուսանկարների մոտ, վառվել են 88 մոմեր:
ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Սերգեյ Շահվերդյանը նշել է, որ Արցախյան շարժումը սկսվեց մայր Հայաստանին վերամիավորվելու կոչով ու այսօր, անկախ պատերազմի դաժան հետևանքներից, ունենք Արցախի Հանրապետություն: «Մենք մեր պայքարը պետք է շարունակենք՝ անկախ պատերազմի արդյունքներից: Մենք բոլորս այս ոգեկոչմամբ հավատով ու վստահությամբ պետք է նայենք դեպի առաջ, դեպի ապագա ու մեր բոլոր ուժերով ջանք թափենք, որպեսզի այդ ապագան դառնա պայծառ»,- ասել է Սերգեյ Շահվերդյանը:
Մոմերով երթը եզրափակվել է Եղբայրական գերեզմանոցում, որտեղ մատուցվել է հոգեհանգստյան կարգ:
ՀՅԴ ԱԵՄ-ի Կենտրոնական վարչության անդամ Անի Հովհանիսյանն իր ելույթում նշել է, որ մոմավառությամբ ցանկանում են ոգեկոչել հերոս տղաների հիշատակը.
«Ուզում ենք ասել նրանց: Դուք Ձեր սխրանքով ու անմնացորդ նվիրումով ևս մեկ անգամ ապացուցեցիք, որ ոչինչ չի փոխվել՝ հայը նույն քաջ ու մարտունակ ռազմիկն է, որ կարող է իր մատղաշ կյանքը զոհաբերել հանուն հայրենիքի, հանուն լուսավոր ապագայի»,- ասել է Անի Հովհաննիսյանը: