ՀՅԴ ԱԵՄ-ը պարզապես կազմակերպություն չէ, այն ընտանիք է, գաղափար, կամք ու նպատակ

Երեսուն տարի շարունակ ՀՅԴ Արցախի Երիտասարդական միությունը եղել է հայրենասիրության, նվիրումի և պայքարի խորհրդանիշ։ Երեսուն տարի շարունակ այն կրթել ու առաջնորդել է սերունդներ, ովքեր հավատացել են իրենց հայրենիքի ապագային և պատրաստ են եղել իրենց ողջ ուժը ներդնելու դրա պաշտպանության և զարգացման գործում։
ՀՅԴ ԱԵՄ-ը պարզապես կազմակերպություն չէ։ Այն ընտանիք է, գաղափար, կամք ու նպատակ։ Այն վայր է, որտեղ ձևավորվել են մեր արժեքները, որտեղ սովորել ենք սիրել մեր երկիրը ոչ միայն խոսքով, այլև գործով:
37 տարի առաջ` փետրվարին, երբ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը իր օրինական ձայնը բարձրացրեց, աշխարհը դարձավ ականատես, թե ինչպես կարող է ազատության ձգտումը վեր կանգնել տասնամյակների լռությունից, ճնշումից ու վախից։
Արցախյան շարժումը պարզապես պայքար չէր, այն ազգային վերազարթոնք էր։ Այդ օրերին, երբ Ստեփանակերտի և Երևանի փողոցները լցվեցին մեր ժողովրդի բռունցքված կամքով, աշխարհն առաջին անգամ լսեց Արցախի մասին։ «Միացում» բառը դարձավ մեր նորագույն պատմության հիմնաքարը, իսկ դաշնակցական երիտասարդությունը դարձավ այդ պայքարի առաջին շարքերի զինվորը:
1991-1994 թվականներին, երբ սկսվեց Արցախյան պատերազմը, ՀՅԴ-ն առաջիններից էր, որ կազմակերպեց ազգային դիմադրությունը։ Երիտասարդ դաշնակցականները դարձան ոչ միայն այս պատերազմի մասնակիցները, այլև նրա հիմնասյուներից մեկը։
Արցախի, Հայաստանի և Սփյուռքի մեր մարտիկները կամավոր մեկնում էին ռազմաճակատ՝ գիտակցելով, որ սա գոյության կռիվ է։ Շատերը թողեցին իրենց ուսումը, ընտանիքը, ամեն ինչ՝ միայն մեկ նպատակով. ապահովել հայրենիքի ազատությունը:
Մեր շատ ընկերներ նահատակվեցին։ Նրանք թողեցին իրենց անունը հավերժության մեջ, որովհետև իրենց կյանքը տվեցին գաղափարի համար, որը չի մեռնում։ նրանց թողած պատգամը շարունակում է ապրել, և մենք, որպես ՀՅԴ երիտասարդություն, կրում ենք նրանց պայքարի շարունակության պատասխանատվությունը:
37 տարի առաջ մենք դուրս եկանք պայքարի, որ Արցախը մնա հայկական, բայց այսօր հայությունը ստիպված է հեռվից նայել իր ծննդավայրին։
Սակայն դա չի նշանակում, որ պայքարը ավարտվել է։
Սա չի նշանակում, որ մենք պետք է հանձնվենք։
Սա նշանակում է, որ մենք պիտի վերագտնենք մեր ուժը և պատրաստվենք վերադարձին։
Արցախահայությունը պիտի վերադառնա իր օրրան։ Եվ այդ օրը գալու է, եթե մենք չմոռանանք, եթե պայքարենք, եթե նորից բռունցքվենք:
Չենք կարող չհիշել նրանց, ովքեր թե՛ խաղաղության, թե՛ պատերազմի տարիներին, անսասան կանգնեցին Արցախի պետականության ու ազատության պաշտպանության առաջնագծում։ Դավիթ Իշխանյանը՝ ՀՅԴ-ի գաղափարական և պետական գործիչներից մեկը, նրանցից էր, ում ամբողջ կյանքն արցախյան պայքարին նվիրված էջ է:
2023 թվականի սեպտեմբերի ողբերգական իրադարձությունների ընթացքում, Իշխանյանը ստանձնեց Ազգային ժողովի նախագահի պաշտոնը, գիտակցելով, որ այդ պահին նրա վրա էր դրված մեր հայրենիքի վերջին պետական կառույցի պաշտպանությունը։
Ադրբեջանը, հասկանալով, որ Արցախի քաղաքական գործիչները հայ ժողովրդի պայքարի կենդանի խորհրդանիշներն են, անմիջապես սկսեց հաշվեհարդար տեսնել նրանց հետ։ Դավիթ Իշխանյանը դարձավ ադրբեջանական բռնապետության զոհերից մեկը. առևանգվեց և տեղափոխվեց Բաքու։
Այսօր նա գտնվում է գերության մեջ՝ զրկված ոչ միայն իր ազատությունից, այլև տարրական մարդու իրավունքներից։ Սակայն նրա ձայնը լռեցնել չի կարելի։ Նրա կերպարն ապրում է մեզնից յուրաքանչյուրի մեջ, քանզի նա մեր պայքարի խորհրդանիշներից մեկն է:
Դավիթ Իշխանյանը գերի է, բայց նրա պայքարը գերության մեջ չէ։ Նրա գործն ու պայքարը պիտի շարունակենք մենք՝ մինչև Արցախի նոր ազատագրումը:
Ուզում եմ մի պահ կանգ առնել ու խոսել այն մասին, թե ԱԵՄ-ն ինչ նշանակություն ունի ինձ համար, ինչ դեր է խաղացել իմ կյանքում, և թե որքան կարևոր է նրա գործունեությունը այսօր՝ այս ծանր ու անկայուն ժամանակահատվածում։
Երբ միացել եմ ՀՅԴ Արցախի Երիտասարդական Միությանը (ԱԵՄ), ես չէի գիտակցում, թե որքան խոր ազդեցություն կունենա այն իմ կյանքում։ Բայց հիմա, երբ նայում եմ այն ճանապարհին, որը անցել եմ, տեսնում եմ, թե ինչքան մեծ նշանակություն ունի ԱԵՄ-ի գաղափարախոսությունը, անզիջում պայքարը և մարդասիրությունը։
ԱԵՄ-ն ինձ համար ոչ միայն գաղափարական ուղղություն է, այլ նաև երկրորդ տուն։ Այս միությունը ինձ սովորեցրել է, թե ինչ է նշանակում լինել հավատարիմ արժեքներին:
ԱԵՄ-ն ինձ տվել է վստահություն, մաքուր նպատակի համառություն և օգնել է հստակեցնել իմ ապագայի ուղին։ Արևի նման, որը ծագում է նեղլիկ ու մութ ճեղքից, ԱԵՄ-ը թույլ տվեց ինձ քայլել այն ճանապարհով, որը բարդ ու դժվար է, բայց որը միշտ տանում է դեպի իրավունք, դեպի ազատություն ու անկախություն։
ԱԵՄ-ի գործունեությունը, հատկապես այս պահին, երբ Արցախը բախվել է իր պատմության ամենաբարդ մարտահրավերին, անհրաժեշտ է ավելի, քան երբևէ։ Այսօր մենք կանգնած ենք, թե՛ գաղափարական, թե՛ բարոյական, թե՛ հոգևոր անդունդի խաչմերուկում, որտեղ ամեն քայլը կարևոր է։
Որպես երիտասարդներ՝ մենք ենք կառուցելու Արցախն ապագայում։ Մենք ենք խոսելու ու միասնաբար վերահաստատելու այն արժեքները, որոնք կառուցում են մի ազգի առաջընթացը։ Մենք ունենք պատասխանատվություն մեր հայրենիքի, մեր պատմության և մեր ժառանգության առջև։
Մեր պարտականությունն է լինել պատրաստ մեկ անգամ ևս ոտքի կանգնելու ու բարձր պահելու Արցախի ազատությունն ու անկախությունը։
Երբ հիշում ենք անցյալը՝ կարևորվում է մի բան՝ մենք պետք է շարունակենք այն պայքարը, որ սկսել են մեր նախնիները։ ԱԵՄ-ն միշտ եղել է հայ երիտասարդության ոգեշնչման աղբյուրը՝ ապագան կերտելու համար։ Այսօր ավելի քան երբևէ մենք պետք է միավորվենք՝ մեր համազգային նպատակները կյանքի կոչելու համար։
Այդ պայքարը շարունակելու պարտավորությունը մեզ են թողել նրանք, ովքեր իրենց կյանքը զոհեցին հանուն Արցախի անկախության ու հայրենիքի ազատության։ ԱԵՄ-ի երիտասարդ մարտիկները՝ Արման Ստեփանյան, Արտակ Իշխանյան, Արթուր Աղասյան, Դավիթ Սարգսյան, Սասուն Ամիրջանյան և շատ ուրիշներ, իրենց արյամբ վավերացրին մեր պայքարի արդարացիությունը՝ դառնալով մեր ժողովրդի հերոսները, խոնարհվում ենք մեր նահատակների հիշատակի առջև, ովքեր իրենց կյանքը նվիրեցին Արցախի ազատության ու հայ ազգի ինքնիշխանության սուրբ գործին։
Մարթա Չիլինգարյան