ՀՅԴ ԱԵՄ-ը Արման Ստեփանյանի ծննդյան օրվան նվիրված միջոցառում է կազմակերպել
Նոյեմբերի 6-ին ՀՅԴ Արցախի երիտասարդական միության «Դուշման» խմբի նախաձեռնությամբ ՀՅԴ ԱԵՄ-ի «Արտակ Իշխանյան» երիտասարդական կենտրոնում կազմակերպվել է միջոցառում` Արման Ստեփանյանի ծննդյան 41֊րդ ամյակի առթիվ։ Նախաձեռնությունը նպատակ ուներ ՀՅԴ ԱԵՄ-ի շարքերին ծանոթացնել նահատակ ընկերոջ՝ Արման Ստեփանյանի անհատականությանը, ով հավատարիմ ընկերոջ, նվիրյալ հայի և արժանապատիվ սպայի օրինակ է բոլորի համար։
Միջոցառմանը ներկա էին Արման Ստեփանյանի երեխաններն ու կինը՝ Էլեն Հարությունյանը, գաղափարակից ընկերները, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Ալյոնա Գրիգորյանը, ՀՅԴ ԱԵՄ-ի Ստեփանակերտի, Մարտունու, Ասկերանի և Մարտակերտի շրջանների մի խումբ անդամներ։
ՀՅԴ Արցախի երիտասարդական միության Կենտրոնական վարչության անդամ Վահագն Խաչատրյանը, ողջունելով ներկաներին, նշեց, որ ամեն մի զինվորի ու սպայի կորուստը մեծ է մեր ժողովրդի համար։
«Ինչպես 44֊օրյա պատերազմում, այնպես էլ դրանից առաջ Արցախի ազատության համար մարտիրոսված ամեն մի զինվորի ու սպայի կորուստը մեր ժողովրդի համար մեծ ցավ է, և յուրաքանչյուրս պարտավոր ենք միշտ հիշել ու վառ պահել նրանց հիշատակը»,-ասել է Վ․ Խաչատրյանը։
Նրանց հիշելով և նրանց մասին խոսելով միայն կարող ենք ապագա սերունդներին ճանաչելի դարձնել նրանց անձնվիրական գործն ու սխրանքը։
Արման Ստեփանյանը ծնվել է 1981 թվականի նոյեմբերի 7-ին: 1999-2001թթ. ժամկետային զինծառայության է անցել հրետանային զորամասերում: 2003թ.-ից սկսած կենտրոնական ենթակայության մի շարք զորամասերում զբաղեցրել է տարբեր հրամանատարական պաշտոններ, իսկ 2014թ. հոկտեմբերին կամավոր տեղափոխվել է հյուսիսային պաշտպանական շրջան և նշանակվել զորամասի սպա-հոգեբանի պաշտոնում: Ծառայության մեջ իրեն դրսևորել է որպես խելացի, կարգապահ և կազմակերպչական ունակություններով օժտված սպա, մշտապես գտնվել է շարքային զինվորների կողքին, մարտական դիրքում, հոգեբանորեն նախապատրաստել մարտական խնդրի հստակ կատարմանը: Իր առջև դրված մարտական խնդիրներն Արմանն իրականացնում էր պատասխանատվության բարձր զգացումով և մեծ նվիրումով:
Բարեխիղճ ծառայության համար բազմիցս խրախուսվել է, պարգևատրվել ՀՀ Պաշտպանության գերատեսչական մեդալներով:
2015թ. սեպտեմբերի 4-ին՝ ժամը 16:20-ի սահմաններում, ծառայողական խնդիրը կատարելու ժամանակ հակառակորդի դիվերսանտների արձակած կրակոցներից Արման Ստեփանյանն ընկավ քաջի մահով՝ բռնելով անմահության ճանապարհը: Նա հասարակ զինվորական չէր, այլ հայրենիքի ընտրյալ պաշտպան, ով հանուն հայրենիքի զոհաբերեց ամենաթանկը՝ կյանքը:
ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Ալյոնա Գրիգորյանը ողջունեց երիտասարդների այս նախաձեռնությունը՝ զոհված ընկերներին հիշելու, մատաղ սերնդին ավագ ընկերների անցած ուղուն ծանոթացնելու և նրանց հիշատակը հավերժացնելու համար։
«Արման Ստեփանյանը նվիրյալ ընկերոջ տիպար էր, գաղափարական ու խենթ ընկեր, որ օրինակ պետք է լինի երիտասարդների համար։ Պատից կախված նկարը հաճախ շատ բան չի ասում, պետք է նրա անցած ուղին իմանաս»,-ասել է Ալյոնա Գրիգորյանը։
«Մեր երիտասարդ տարիներին մենք մրցակցում էինք պատերազմի բովով անցած մեր ավագ սերնդի հետ, որ մենք էլ նրանցից պակաս չենք և կարող ենք այս կամ այն բանն անել։ Մեր սերունդն ապացուցեց, որ ունի այդ պատիվը, սակայն տարբերությունն այն էր, որ ավագ սերունդը հաղթել է, մեր սերունդն իրենից կախված ամեն ինչ արել է, սակայն հաջողությունը մեզ ուղեկից չի եղել։ Այնուամենայնիվ ոգին պետք է մնա։ Եթե մենք պարտվել ենք, սա չի նշանակում, որ պատերազմն ավարտվել է։ Պայքարը պետք է շարունակվի, տեսակը պետք է պահվի։ Հենց այդ պատճառով է Դաշնակցության համար սերունդ կրթելն առաջնային պահանջ»,-ասել է Ա․Գրիգորյանը։
Ընկերներից Արայիկ Հայրապետյանը ներկաների հետ կիսվեց Արման Ստեփանյանի հետ ունեցած իր հիշողություններով։
Նրա խոսքով Արման Ստեփանյանը շատ ուշադիր սպա էր իր զինվորների հանդեպ։
«Արման Ստեփանյանը պատմել էր իր դիրքի մասին, որտեղ նա էր ավագը, իսկ մյուսները 18 տարեկան զինվորներ էին։ Արմանը հերթապահության ժամանակ նկատել էր, որ գիշերը հերթապահները քնում են, նրանց առաջարկել է, որ գնան քնեն, իսկ ինքը նրանց փոխարեն շարունակի հերթապահել։ Մի քանի անգամ նկատելով նման դեպքեր՝ հավաքել էր դիրքի անձնակազմին և ասել, որ եթե տեսնում են, որ չեն կարողանում արթուն մնալ, իրեն կանչեն, ինքը նորից հերթապահության կկանգնի երիտասարդների փոխարեն։ Ասում էր, որ զինվորները դեռ ջահելներ են, չեն կարողանում դիմանալ, սակայն այդ խոսակցությունից հետո Արմանը նկատել էր, որ զինվորները զգաստացել էին և իրենց գործին ավելի լուրջ վերաբերվել, որի արդյունքում իրենց դիրքն ամենակարգապահ դիրքերից մեկն էր դարձել»,- պատմել է Ա․ Հայրապետյանը։
Արայիկ Հայրապետյանը նշեց, որ Արմանը միշտ իր անձնական գործերը ստորադասում էր կուսակցական աշխատանքներին։
Վահագն Դադայանն էլ նշեց, որ Արմանը երբեք չէր պատկերացնի, որ օրերից մի օր կհավաքվենք, նրա մասին կխոսենք և նրան նվիրված միջոցառումներ կկազմակերպենք։
«Մի անգամ, երբ որ Ջդրդուզում բոլորը քնել էին, ես ու Արմանը խարույկի շուրջ խոսակցություն ունեցանք։ Նա ասաց՝ պատկերացնո՞ւմ ես՝ օրերից մի օր էլ մեր մասին խոսեն։ Մենք չենք կարող Հասնել Բեկոր Աշոտին և այն մարդկանց, որոնց մասին մենք ենք խոսում, կամ գրքեր են գրվում։
Նա մի քիչ այլ կերպ էր պատկերացնում և իր անձը չէր գերադասում իր դավանած արժեքներից»,- ասել է Վ․ Դադայանը։
Վահագն Դադայանը ՀՅԴ Արցախի ապտանեկան միության անդամ էր, երբ որ Արման Ստեփանյանը արդեն անդամակցում էր ՀՅԴ Արցախի երիտասարդական միությանը, սակայն բանակից վերադառնալուց հետո 2-ն էլ միևնույն խմբում են հայտնվել։
«Շատ բան կա Արման Ստեփանյանի մասին ասելու, բայց նման մարդկանց մասին դժվար է խոսելը։ Արմանի հետ անցել է իմ կյանքի շատ մեծ ժամանակահատվածը, և այդ մասին շատ բան կարելի է պատմել։ Տղաներին նայելով՝ Արմանին եմ տեսնում»,- նշել է Վ․ Դադայանը։
Ընկերներից Սերգեյ Գարայանն ասաց, որ Արմանի մասին խոսելիս պետք է ընդգծել նրա նվիրվածությունը։ Այն, ինչ պատմում են բոլորը, դրա մասին է։
«Այն, ինչ մենք տեսնում էինք՝ նրա նվիրվածությունը կուսակցությանը, ընկերներին, զինվորներին, մեծ էր։ Միշտ պետք է հաշվի առնեք, որ այն գաղափարախոսությունը, որ ձեր մեջ կա, պետք է ծառայի ինչ-որ բանի։ Եթե Դաշնակցության գաղափարախոսությունն եք կրում, այն պետք է ծառայի պետականությանը, նույնը՝ կրոնը և այլն»,- ասել է Ս․ Գարայանը։
Սերգեյ Գարայանը նույնպես երիտասարդներին պատմեց Արմանի հետ ունեցած իր հիշողություններից, այն նպատակով, որ երիտասարդներն իրենք իրենց հարց ուղղեն, արդյո՞ք Արմանի պես կվարվեին։
«Մի օր Արմանի, Մհերի հետ գնացել էինք Իվանյան՝ գաղտնի առաջադրանքով։ Ստեփանակերտ հասել ենք ուշ երեկոյան, և պարզվել է, որ Մհերը կարևոր ինչ-որ բան մոռացել էր Իվանյանում։ Այդ ժամանակ շատ դժվար էր մեքենա գտնելը, և որոշել էինք առավոտյան մեքենա գտնել ու գնալ վերցնել, սակայն Արմանը ոտքով հասնում է Իվանյան ու մինչև առավոտ բերում մոռացված իրը»,- պատմում է Ս․ Գարայանը։
ՀՅԴ ԱԵՄ-ի նախկին անդամ Տաթևիկ Աղաջանյանը նշեց, որ Արման Ստեփանյանն իր մոտ տպավորվել էր իր ակտիվությամբ։
«Հաճախակի էր մասնակցում գրասենյակում կազմակերպվող խաղերին, երբ որ ժամանակ էր ունենում, անպայման գալիս էր երեխաների հետ, նույնիսկ համազգեստով։ Ընթացքում միշտ պատմում էր իր՝ որպես ԱԵՄ-ականի անցած ուղու մասին, թե ինչպես էին ցույց անում, ինչպես էին ուզում իրեն հեռացնել համալսարանից։
Մեր կյանքի ամենակարևոր ու հետաքրքիր շրջանն այստեղ է անցել»,- ասել է Տ․ Աղաջանյանը։
Ընկերներից Կարեն Հովսեփյանը նշեց, որ Արմանի նվիրվածությունը յուրահատուկ էր, որ Արմանը միշտ տարբերվում էր բոլորից իր համեստությամբ ու զսպվածությամբ։
«Ես շատ եմ շփվում Արմանի տղաների հետ և կարող եմ վստահեցնել, որ իրենց հոր գործի արժանի շարունակողներն են լինելու», — ասել է Կ․ Հովսեփյանը։
Ելույթներից հետո երիտասարդները Արման Ստեփանյանին նվիրեցին գեղեցիկ երգ ու արտասանություն, որին հաջորդեց նրան նվիրված ինտելեկտուալ խաղ-մրցույթ։
Խաղին մասնակցում էին ՀՅԴ ԱԵՄ-ի Ասկերանի «Դուշման», Մարտունու «Արթուր Աղասյան», Վանքի «Նորայր Դանիելյան», Ստեփանակերտի «Արման Ստեփանյան» և «Դուման» խմբերը։
Թեժ մրցակցության արդյունքում հաղթող է ճանաչվել Ստեփանակերտի «Դուման» խումբը։
Նկարները՝ ՀՅԴ Արցախի երիտասարդական միության ֆեյսբուքյան էջից