ՀՅԴ ԱԵՄ 30․ նույն եռանդով շարունակելու կամքով
Գլխավոր » Երիտասարդական » ՀՅԴ ԱԵՄ 30․ նույն եռանդով շարունակելու կամքով

ՀՅԴ ԱԵՄ 30․ նույն եռանդով շարունակելու կամքով

Արցախյան առաջին պատերազմից անմիջապես հետո ազատագրված Արցախում իր ծիլերն է գցել ՀՅԴ Արցախի երիտասարդական միությունը և մինչև 2023 թվականի բռնի տեղահանությունը ակտիվ դերակատարություն ունեցել Արցախի երիտասարդական, հասարակական ու քաղաքական կյանքում։

Այսօր միությունն իր գործունեությունը շարունակում է մայր Հայաստանում` նույն եռանդով շարունակելու կամքով։ Փետրվարի 23-ին կայացած ՀՅԴ ԱԵՄ-ի 30-ամյակին միջոցառումը հարգանքի տուրք էր անցած տասնամյակների ընթացքում ՀՅԴ ԱԵՄ-ի կազմավորման ու զարգացման գործում ավանդ ունեցող հազարավոր երիտասարդների, նվիրյալների, ովքեր անխոնջ աշխատանքով մասնակցություն ունեցան Արցախի երիտասարդական-հասարակական կյանքում։

Նախքան պաշտոնական մասի մեկնարկը 8 նորագիրներ համալրել են ՀՅԴ ԱԵՄ-ի շարքերը։ Խոստման արարողությունը տեղի է ունեցել Եռաբլուրում՝ ՀՅԴ ԱԵՄ-ի անդամ Արտակ Իշխանյանի շիրիմին։

«Մեր արմատները գալիս են Արցախից և գնում են դեպի Արցախ։ Այս կարգախոսն է այսուհետ մեզ առաջնորդելու․ այն հիշեցնում է մեզ, թե ով ենք մենք, որտեղից ենք գալիս և ուր ենք գնում։ Այո, մեզ համար նշանակալից այս օրը մենք ստիպված ենք նշել մեր հայրենի բնօրրանից՝ Արցախից հեռու։ Ֆիզիկապես հեռու, բայց սրտով միշտ այնտեղ»,- իր խոսքում նշել է ՀՅԴ ԱԵՄ-ի Կենտրոնական վարչության ատենապետ Վ․Խաչատրյանը։

Միջոցառման ժամանակ ելույթ են ունեցել ՀՅԴ Բյուրոյի անդամ Հովսեփ Տեր-Գևորգյանը, ՀՅԴ Բյուրոյի երիտասարդական գրասենյակի պատասխանատու Ցողիկ Աշըգյանը, ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Արա Պուլուզյանը, տարբեր տարիների ՀՅԴ ԱԵՄ-ի գործունեությունը համակարգած գործիչներ։ Նրանք կարևորել են ԱԵՄ-ի գործունեությունը և մաղթել հաջորդ հոբելյանները նշել Արցախի հողի վրա։

1