ՀՅԴ Արցախի պատանեկան միության ընկերները մասնակցություն են ունեցել ՀՅԴ պատանեկան միությունների պատանիների տարածաշրջանային խորհրդաժողովին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » ՀՅԴ Արցախի պատանեկան միության ընկերները մասնակցություն են ունեցել ՀՅԴ պատանեկան միությունների պատանիների տարածաշրջանային խորհրդաժողովին

ՀՅԴ Արցախի պատանեկան միության ընկերները մասնակցություն են ունեցել ՀՅԴ պատանեկան միությունների պատանիների տարածաշրջանային խորհրդաժողովին

ՀՅԴ Արցախի պատանեկան միության ընկերները  2024թ․ ապրիլի 12-14-ը Թեհրանում մասնակցություն են ունեցել ՀՅԴ Բյուրոյի երիտասարդական գրասենյակի կողմից կազմակերպված «Պատանիի ինքնութեան կերտումը» խորագրով ՀՅԴ պատանեկան միությունների պատանիների տարածաշրջանային խորհրդաժողովին։

Խորհրդաժողովի ընթացքում պատանիներն  առիթ են ունեցել  քննարկելու ազգային ինքնության ու արժեհամակարգին, հայրենասիրական ու ազգային դաստիարակության, միութենական կյանքի եւ պատանիի տիպարին ու առաքելությանն առնչվող հարցեր։

Պատանիները ծանոթացան նաև տարածաշրջանի պատանեկան միությունների խնդիրներին ու տվեցին դրանց լուծմանն ուղղված իրենց առաջարկները։

Խորհրդաժողովը լավագույն հարթակ դարձավ տարածաշրջանի պատանեկան միությունների և պատանիների միջև ընկերական հարաբերությունների ամրապնդման համար։ Խորհրդաժողովի մասնակիցները կարևորել են տարածաշրջանի պատանեկան միությունների կողմից համատեղ ծրագրերի իրականացումը։ Այն հնարավորություն է տվել նաև պատանիներին ծանոթանալ պատանեկան միությունների կողմից տարբեր երկրներում իրականացվող ծրագրերին ու դիտարկել լավագույն փորձը իրենց  շրջանում կիրառելու հնարավորությունը։

Խորհրդաժողովի մասնակիցներին ներկայացվել է նաև վերջին տասնամյակում Արցախի շուրջ տեղի ունեցած գործընթացներն ու զարգացումները, 44-օրյա և վերջին պատերազմի, Արցախի հայաթափման ողջ գործընթացը։ Պատանիները կարողացել են ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները և միասնական հաստատել, որ իրենց համար Արցախի հարցը փակված չէ և կարևորել միասնական պայքարը՝ Արցախի վերաազատագրման համար։

Խորհրդաժողովից հետո մասնակիցները այցելել են Թեհրանի տարբեր պատմամշակութային վայրեր, թանգարաններ, հայկական կենտրոններ, ծանոթացել դրանց պատմությանը։

Խորհրդաժողովի մասնակիցները հյուրընկալվել են Թեհրանի Հայոց Թեմի առաջնորդարանում։

Թեմակալ առաջնորդ Տ. Սեպուհ Արք. Սարգսյանը ողջունելով պատանիներին նրանց ներկայացրեց թեմի պատմությունը, Թեհրանի հայոց թեմում գործող եկեղեցիների և դպրոցների մասին։

Անդրադառնալով Հայրենիքի իրավիճակին՝ Սրբազանը  մեծ ցավով նշեց, որ Եռաբլուրը ընդարձակվում, փոխարեն երկրի սահմանները փոքրանում են։ Նա կոչ ուղղեց երիտասարդությանը՝ գիտակցել իրենց առանձնահատուկ պարտավորությունն ու դերակատարությունը՝ Հայրենիքի պաշտպանության և ազգային ինքնության պաշտպանության գործում։

ՀՅԴ Պատանեկան միությունների տարածաշրջանային խորհրդաժողովին մասնակցել են ՀՅԴ Սիրիայի, Լիբանանի, Հայաստանի, Թեհրանի, Նոր Ջուղայի պատանեկան միություններից շուրջ 23 պատանիներ և վարիչներ, ՀՅԴ Բյուրոյի երիտասարդական խորհուրդի ընկերներ, հյուրընկալող շրջանից պատասխանատու ընկերներ։

Հատկանշական է, որ Արցախի հայաթափումից հետո սա առաջին նմանատիպ ծրագիրն է, որին մասնակից է դառնում ՀՅԴ Արցախի պատանեկան միությունը։ Այսօր, երբ մեր պետականությունը խլված է, մեր միություններն ավելի պարտավորված են դառնում նմանատիպ ծրագրերում ներկայանալ ոչ միայն որպես ՀՅԴ միություններ, այլ նաև որպես Արցախի սուբյեկտայնությունը առաջ տանող միություններ։

Շատ ոգևորիչ էր տեսնել Միջին Արևելքի երկրների՝ գրեթե միևնույն պայմաններում մեծացող դաշնակցական պատանիների հասուն պահվածքը, նրանց համանման մտահորիզոնն ու վճռակամությունը՝  Հայ դատի պահանջատիրության շարունակման և հայրենիքի պաշտպանության հարցում։

Սա լավագույն վկայությունն է, որ ՀՅԴ պատանեկան միությունները դաստիարակում են առաքինի, ազգասեր, խիզախ պատանիներ, որոնք պետք է մեր Հայրենիքի վաղվա օրը կերտողները դառնան։

1