ՀՅԴ Արցախի ԿԿ-ն հանդիպել է Համազգային հայ կրթական և մշակութային միության Կենտրոնական վարչության ատենապետի հետ

Այսօր՝ հուլիսի 19-ին, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամները հանդիպեցին Համազգային հայ կրթական և մշակութային միության Կենտրոնական վարչության ատենապետ Զաքար Քեշիշյանի հետ:
Հանդիպմանը մասնակցում էին ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Արթուր Մոսիյանը, ԿԿ անդամ Արա Պուլուզյանը և Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի տնօրեն Հերմինե Ավագյանը:
ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Ա. Մոսիյանը ողջունեց հյուրերին և շնորհավորեց Զաքար Քեշիշյանին՝ Համազգային հայ կրթական և մշակութային միության Կենտրոնական վարչության ատենապետ ընտրվելու կապակցությամբ՝ նշելով, որ Զ. Քեշիշյանն Արցախում օտար մարդ չէ, և արդեն ավելի քան 30 տարի է, ինչ իր գործունեությունն է ծավալում «Վարանդա» երգչախմբում:
Ա. Մոսիյանը վստահեցրեց, որ փոխադարձ համագործակցությունն ավելի է սերտանալու ապագայում, և կկարողանան ավելի շատ ծրագրեր իրականացնել Արցախում:

Զ. Քեշիշյանը ՀՅԴ Արցախի ԿԿ-ից շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, որին նա արժանանում է ամեն անգամ Արցախում գտնվելով:
Նա նշեց, որ ինքը տարիներ շարունակ աշխատել է Արցախում, և Արցախը իր հարազատ օջախն է: Համազգայինը՝ որպես ՀՅԴ քույր կառույց, հիմնադրման 95-ամյակի շեմին հավատարիմ մնալով իր կանոնագրում ամրագրված Հայ դատի ուղղությամբ տարվող աշխատանքներ տանելու նպատակին, այս ծանր օրերին իր պարտականությունն է համարում մշակութային առավել աշխույժ աշխատանքներ ծավալել Արցախում:
Հանդիպման մասնակիցները ծանոթացել են Համազգայինի ընթացիկ տարվա ծրագրված աշխատանքներին, որը ներկայացրել է Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակը:
ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Ա. Մոսիյանն էլ կարևորեց այն հանգամանքը, որ ապազգային քարոզչության դեմ մեծ պարտականություն ունի այսօր Համազգայինը՝ անվտանգության համատեքստում: