ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի հայտարարությունը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի հայտարարությունը

ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի հայտարարությունը

ՀՅԴ Արցախի կառույցի անունից դատապարտում ենք փաշինյանական վարչախմբի կողմից ՀՅԴ Բյուրոյի անդամ, ֆրանսահայ կազմակերպությունների խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանի Հայաստանի Հանրապետություն մուտքի արգելումը:

Ապազգային այս վարքագիծը այլ բան չէ, քան հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի դեմ ուղղված քայլ և ուղղակի աջակցություն թուրք-ադրբեջանական հայակործան քաղաքականությանը:

Ընկեր Մուրադ Փափազյանն իր գիտակցական ամբողջ կյանքը նվիրել է Հայ դատի ուղղությամբ տարվող աշխատանքներին:

Դաշնակցական գործիչը դաշնակցության ավանդույթներին համահունչ քիչ է բարձրաձայնում արածի մասին: Անշուշտ, պատմությունը կվկայի նրա՝ անսակարկելի  նվիրումի արդյունքում  ունեցած ազդեցիկ դերակատարությունը հայ ժողովրդին ի նպաստ արձանագրված հաղթանակների շարքում:

Այդ առումով Մուրադ Փափազյանը մեծ դեր է ունեցել հայ-ֆրանսիական հարաբերությունների, Ֆրանսիայի տարբեր ատյաններում Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման, ինչպես նաև՝ Արցախյան հիմնահարցի ուղղությամբ Ֆրանսիայի հայանպաստ դիրքորոշումների արձանագրման աշխատանքներում:

Արցախի քաղաքական դաշտում միշտ կարևորվել է եռամիասնության գաղափարը: Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունն այն կարևոր կռվանն է, որի վրա հենվելով՝ հայ ժողովուրդը հնարավորություն  ունի բազմապատկելու իր ներուժը և արդյունավորելու ազգային իդեալների ուղղությամբ տարվող պայքարը: Փաշինյանի կողմից Սփյուռքի հանդեպ տարվող քաղաքականությունը հարված է այդ եռամիասնությանը: Մուրադ Փափազյանը, լինելով ֆրանսահայ կազմակերպությունների խորհրդի համանախագահ, մեծ հեղինակություն է վայելում Եվրոպայի ամենամեծ հայկական համայնքում:

Ազգային միասնությանը հարվածող, թրքահաճո ուղղություն որդեգրած Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունն ապացույցն է ապազգային մտայնության և շարունակությունն է պարտվողի հոգեբանական բարդույթի:

Համոզված ենք, որ Արցախյան 2020թ. պատերազմի հետևանքով վիրավոր Արցախի ապաքինումը հնարավոր կլինի ազգային արժեքների և միասնության վեհ գաղափարը կրող իշխանության առկայության դեպքում:

Կոչ ենք անում վերանայել Մուրադ Փափազյանի դեմ կամայական, ապօրինի կեցվածքը և չխորացնել հայ ժողովրդի տարբեր հատվածների մեջ խրված պառակտման սեպը:

ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտե

15.07.2022թ.

1