ՀՅԴ Արցախի երիտասարդական միության անդամները հարգանքի տուրք են մատուցել ազգային հերոսի հիշատակին
Գլխավոր » Երիտասարդական » ՀՅԴ Արցախի երիտասարդական միության անդամները հարգանքի տուրք են մատուցել ազգային հերոսի հիշատակին

ՀՅԴ Արցախի երիտասարդական միության անդամները հարգանքի տուրք են մատուցել ազգային հերոսի հիշատակին

ՀՅԴ Արցախի երիտասարդական միության անդամներն այսօր այցելել են Մարտունի և ծաղիկներ խոնարհել ու հարգանքի տուրք մատուցել ՀՀ և ԱՀ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի հուշակոթողին: Այսօր լեգենդար Մոնթեն կբոլորեր իր 65-ամյակը:

Մոնթե Մելքոնյանը ծնվել է 1957 թվականի նոյեմբերի 25-ին Մեծ եղեռնից փրկված և ԱՄՆ Կալիֆոռնիայի Վիսեյլիա քաղաքում հանգրվանած հայի ընտանիքում։

1980 թվականից անդամագրվելով Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակին՝ կարճ ժամանակում դարձել է նրա ղեկավարներից մեկը։ 1981 թվականին նրա մասնակցությամբ կազմակերպվեց հայտնի «Վան» ռազմագործողությունը։ 1981 թվականի նոյեմբերի 11-ին Ֆրանսիայի Օռլի օդանավակայանում Մոնթեն ձերբակալվեց կեղծ անձնագիր և ատրճանակ կրելու մեղադրանքով։ Նա սկզբում դատապարտվեց 4 ամսվա ազատազրկման, իսկ ավելի ուշ դատարանը որոշեց վտարել նրան Ֆրանսիայից։ Դատարանում Մոնթեն հայտարարեց՝ «Բոլոր հայերը կեղծ անձնագրեր են կրում՝ ֆրանսիական, ամերիկյան, դրանք կեղծ կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ դրանք հայկական չեն…»։ Այդ և հաջորդ տարիներին իր ռազմական գիտելիքները կատարելագործել է ՀԱՀԳԲ-ի ռազմական կայանում. ձեռք բերելով լրացուցիչ գիտելիքներ ու փորձ` հետագայում դարձել է ՀԱՀԳԲ-ի գլխավոր մարզողներից մեկը:

1989 թվականին ֆրանսիական բանտից ազատվելուց հետո 1991 թվականին գալիս է Հայաստան, որտեղ արդեն սկսվել էին հայ-ադրբեջանական զինված ընդհարումները։ Հիմնում է «Հայրենասերների» ջոկատը։ Երևանում յոթ ամիս աշխատում է Գիտությունների ակադեմիայում՝ գրելով և հրատարակելով «Հայաստանը և հարևանները» գիրքը։ Նույն թվականի սեպտեմբերին մեկնում է Արցախի Հանրապետություն, որտեղ նրան անվանակոչում են Ավո մականունով։ Ռազմական տեսանկյունից մասնագիտական բարձր հմտություններ ցուցաբերելու շնորհիվ 1992 թվականին ստանձնում է Մարտունու պաշտպանական շրջանի շտաբի պետի պարտականությունը։ Այստեղ կարճ ժամանակում նա իր անկեղծությամբ ու մաքրությամբ շահեց ոչ միայն տեղի բնակչության, այլև ընդհանրապես, համայն հայության սերն ու հարգանքը։ Նրա ղեկավարությամբ Մարտունին դարձավ Արցախի ամենապաշտպանված ու ամենամարտունակ շրջանը։ 1993 թվականի մարտ-ապրիլ ամիսներին նրա ղեկավարությամբ ազատագրվեց նաև Քարվաճառը։ Մ. Մելքոնյանը մասնակցել է ՀՀ Իջևանի, Ճամբարակի, ԼՂՀ Շահումյանի (Էրքեջ, Բուզլուխ, Մանաշիդ, Կարաչինար), Մարտակերտի, շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Իր ողջ գիտակից կյանքում նա պայքարել է հայերի իրավունքների, հայոց ցեղասպանության ճանաչման և մեր հայրենիքի վերատիրման համար։ Արցախի Մարտունի քաղաքի բնակիչներն, ի պատիվ հրամանատարի, քաղաքն անվանում են Մոնթեաբերդ։ Մոնթեի ընտանիքի անդամները վերջին անգամ Հայաստանում էին 2018 թվականին։ Խիզախության, բացառիկ հմտության, հայրենիքի պաշտպանության գործում անձնազոհ ծառայության համար պարգեւատրվեց (ետմահու) ԼՂՀ զինվորական «Մարտական Խաչ» առաջին աստիճանի ամենաբարձր պարգեւով։

Այդ առթիվ ՀՅԴ ԱԵՄ-ի Մարտունու «Արթուր Աղասյան» խմբի ընկերների համար ՀՅԴ Մարտունու գրասենյակում կազմակերպվել էր հերոսին նվիրված դասախոսություն և ֆիլմի դիտում:

ՀՅԴ ԱԵՄ-ի Կենտրոնական վարչության անդամ Տիրուհի Գասպարյանը իր խոքում նշեց, որ Մոնթե Մելքոնյանի կերպարն ու գաղափարները մշտապես պետք է առաջնորդեն մեզ:

«Նա բացառիկ անձնավորություն էր, մեծ հայրենասեր և հմուտ ռազմական գործիչ, որին պետք է փորձեն նմանվել բոլորը: Ես համոզված եմ, որ նրա գաղափարներով առաջնորդվելով՝ կկարողանանք վերագտնել ինքներս մեզ, կերտել նոր հաղթանակներ և արժանի լինել նրա ժառանգ կոչվելու պատվին:

Այսօր նրանց գործը կիսատ է մնացել, սակայն ոչ անավարտ: Ես համոզված եմ, որ Արցախի նորագույն պատմության այն էջը, որը նրանցով է բացվել, ոչ միայն չի շրջվելու, այլև շարունակվելու են գրվել մեր պատմության ոսկետառ էջերը»,-ասել է Տ. Գասպարյանը:

ՀՅԴ ԱԵՄ-ի Կենտրոնական վարչության անդամ Վահագն Խաչատրյանն էլ նշեց, որ լեգենդար հրամանատարը շարունակում է ապրել մեր կողքին:

«Մոնթե Մելքոնյանը՝ բոլորիս սիրելի Ավոն, այսօր էլ շարունակում է ապրել մեզ հետ, նրա շունչը զգացվում է ամենուր, և նրա ոգին ուժ է տալիս մեզ կառչած մնալ Արցախի հողին և շարունակել նրա սրբազան պայքարը: Ինչպես նա էր ասել՝ «մարդը պետք է անդադար սովորի», ուրեմն՝ իբրև երիտասարդներ պարտավոր ենք ամենայն մանրամասնություններով ծանոթանալ նրա գործունեությանը, այն օրինակ դարձնել մեզ համար և սովորել նրանից»,- ասել է Վ. Խաչատրյանը:

1