ՀՅԴ ԱՄՆ Արևելյան շրջանի «Արցախ ֆոնդ»-ը Արցախի կողքին
Գլխավոր » Լրահոս » ՀՅԴ ԱՄՆ Արևելյան շրջանի «Արցախ ֆոնդ»-ը Արցախի կողքին

ՀՅԴ ԱՄՆ Արևելյան շրջանի «Արցախ ֆոնդ»-ը Արցախի կողքին

Հուլիսի սկզբներին Արցախում էր ՀՅԴ ԱՄՆ Արևելյան շրջանի «Արցախ ֆոնդ» բարեգործական հիմնադրամի հանձնախմբի անդամ Փոլին Դոստումյանը: Նա «Արցախ ֆոնդի» Արցախի մասնաճյուղի պատասխանատու Տրդատ Մարտիրոսյանի ուղեկցությամբ 10 օրերի ընթացքում այցելել է Արցախի մի շարք սահմանամերձ բնակավայրեր, ծանոթացել բնակիչներին հուզող խնդիրներին: «Ապառաժ»-ի հետ զրույցում Փոլին Դոստումյանը նշել է, որ սահմանային գյուղերի բոլոր բնակիչները վճռական են տրամադրված, ցանկանում են կառչած մնալ իրենց հողին, սակայն որոշ դեպքերում աջակցության կարիք ունեն:

«Երիտասարդությունը ցանկանում է կառչած մնալ իր հողին: Եթե հարմար աշխատանքային պայմաններ ունենան, շատ ավելի կհեշտանա նրանց ամենօրյա կյանքը, ապրուստը: Իհարկե, առաջին տեղում անվտանգության հարցն է. մի շարք բնակավայրերում թշնամին 300-400 մետր հեռավորության վրա է, և դրանից ելնելով՝ նաև գյուղատնտեսական աշխատանքներով, անասնապահությամբ զբաղվելն է դժվարանում: Գյուղերի բնակիչներն ասացին, որ անասնապահության տեսակետից՝ բացից փակ մոդելի են անցնելու, բայց այդ դեպքում էլ անասունների կերի, նոր մեթոդին վարժվելու խնդիր կա»,- նշել է նա:

Հիմնադրամի ներկայացուցիչը նաև նոր ծրագրերի համար տեղեկատվություն ստանալու նպատակ է հետապնդում:  «Որոշ շրջաններում ուսումնասիրել ենք խոզաբուծությամբ, մեղվաբուծությամբ զբաղվելու հնարավորությունները: Այս ծրագրերը դեռ պետք է բյուրեղացնենք, որպեսզի կարողանանք այնպես անել, որ առավելագույնս արդյունավետ լինի և շարունակական: Ուզում ենք, որ բնակիչները կարողանան հաջորդ տարիներին առանց բարեգործության այդ աշխատանքը շարունակել: Նաև այնպես պետք է անել, որ ոչ թե անհատական օժանդակություն լինի, այլ համայնքն օգտվի: Մենք այստեղ չենք մեկ անգամվա համար, մեր ծրագրերը երկարաժամկետ են»,- ասում է Փ. Դոստումյանը:

Նրա խոսքով՝ պետք է միասնաբար կասեցնել թշնամիների ծրագիրը, այն է՝ հայաթափել Արցախը: «Սփյուռքը պետք է թիկունք կանգնի Արցախին: Երբեմն մարդիկ ասում են՝ մի ընտանիքի օգնելով ինչ է փոխվելու, բայց ես այդպես չեմ մտածում, որովհետև այստեղ ապրող ամեն ընտանիք մեզ համար արդեն մեր հայրենիքի անվտանգության, գոյության հարցն է լուծում: Պետք է սփյուռքահայությունը չվախենա և բնակվի Արցախում, Արցախի ժողովրդի կողքին, որովհետև ուրիշ ձև չկա»,- կարծում է բարեգործական հիմնադրամի հանձնախմբի անդամը:

ՀՅԴ ԱՄՆ Արևելյան շրջանի «Արցախ ֆոնդ»-ը նաև օժանդակել է ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակի «Վերելք» ծրագրին՝ առաջին փուլի համար հատկացնելով  30000 դոլար: Արցախի այցի ընթացքում Փոլին Դոստումյանը հանդիպել է ծրագրի շահառու երիտասարդների հետ: Նրա խոսքով՝ ծրագիրը կշարունակվի, և թիկունք կկանգնեն Արցախում սեփական բիզնեսով զբաղվելու ցանկություն ունեցող երիտասարդներին:

ՀՅԴ ԱՄՆ Արևելյան շրջանի «Արցախ ֆոնդ» հիմնադրամն Արցախում գործում էր նախքան պատերազմը, 44-օրյա պատերազմից հետո էլ շարունակել է իր գործունեությունը: Հիմնադրամի վերջին ծրագրերից է Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքի հանդիսությունների սրահի վերանորոգումը,  Մարտունու, Ասկերանի և Մարտակերտի շրջանների մի շարք գյուղերի բնակիչներին հավի ճտեր հատկացնելու ծրագիրը:

Տ. Աղաջանյան

1