ՀՅ Դաշնակցության դերը Արցախում պետականության վերակերտման գործում (1890-2020թթ.)
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ԱՀ ԱԺ փոխնախագահ, պ.գ.դ., պրոֆեսոր Վահրամ Բալայանի ելույթը՝ ՀՅ Դաշնակցության Արցախ վերադարձի 30-ամյակին նվիրված «ՀՅ Դաշնակցության տեղն ու դերը Արցախում պետականության վերականգնման գործում» գիտաժողովին.
19-րդ դարի երկրորդ կեսին Հայաստանը շարունակում էր երկփեղկված մնալ: Արևմտյան Հայաստանը գտնվում էր Թուրքիայի, իսկ Արևելյան Հայաստանը ցարական Ռուսաստանի գերիշխանության տակ:
Արևմտյան Հայաստանում հայ ժողովուրդը գտնվում էր ամենադաժան ճնշումների, ազգային արժանապատվության ոտնահարման, ֆիզիկական բնաջնջման ամենօրյա վտանգի պայմաններում:
Օսմանյան կայսրությունում հայերն ունեյին «ռայա»-ի ըստ էության ստրուկի կարգավիճակ: Նրանք զրկված էին տարրական իրավունքներից` ձի նստելու, իրենց հանգուցյալներին բարձր բռնած հուղարկավորելու, զենք բռնելու, դատարանում վկայություն տալու: Ոչ մահմեդական ժողովուրդների հողերը հայտարարված էին նվաճված և օգտագործողներին էին տրվում պայմանական իրավունքով:
Հայ գյուղացիները տարատեսակ հարկեր (աշար, խարաջ (հողահարկ), ջիզյե (գլխահարկ), մարդահարկ կամ մանկահավաք (դեվշիրմե) էին վճարում պետությանը, թուրք և քուրդ ցեղապետերին:
Թուրք և քուրդ ցեղապետերը կարող էին մտնել հայկական գյուղերը թալանել, սպանել ու մնալ առանց դատ ու դատաստանի: Բռնի հավատափոխությունը, եկեղեցիները մզկիթների վերածելը սովորական երևույթներ էին: Պատերազմների ժամանակ անսանձ բռնություններ բազմապատկվում էին: 1877-1878թթ. ռուս-թուրքական պատերազմի ժամանակ անգլիական «Թայմս» թերթի թղթակից Նորմանը գտնվելով թուրքական զորքերի մեջ և Արևմտյան Հայաստանում նրանց ոճրագործություններին ականատես լինելով, 1877թ. գրել է. «Իմ թույլ գրիչը անկարող է նկարագրել այն բոլոր սարսափները որ նյութվեցին Հայաստանի մեջ քրդերն ու ու Օսմանյան բանակի այլ կամավոր վաշտերը: Ամենուրեք լքված գյուղեր, պարպված, ամայացած քաղաքներ: Ավգուլ գյուղի մեջ հրդեհեցին եկեղեցին, ուր ապաստանել էին կանայք ու երեխաներ, ապա բռնաբարեցին բոլորին ու թողեցին մերկ:…Ծնողները կողբան իրենց խոխղոխված զավակների համար:…Այլևս չեմ կարող գրել»[1]:
Կոստանդնուպոլսում Ռուսաստանի դեսպանության հաղորդագրություններից մեկում ընթերցում ենք. «Հնարավոր չէ նկարագրել հայի տառապանքները: Նրան ջարդում են ,… տունը թալանում, գեղեցիկ աղջկան առևանգում: Դաշտերը ավերվել են վերածվել անապատի: Եթե մեկը դուրս է գալիս տնից, համոզված չէ, որ կվերադառնա…»[2]:
19-րդ դարի 60-70-ական թվականներին Հայ առաջադեմ մտավորականության ներկայացուցիչները (Գրիգոր Օտյան, Մկրտիչ Փորթուգալյան, Րաֆֆի, Մկրտիչ Խրիմյան) արևմտահայության ստրկական շղթաները թոթափելու համար պայքարի կոչեցին: Բայց ազգային միասնականությունից զրկված, անհույս կացության մեջ հայտնված, պարզապես գոյությունը քարշ տվող արևմտահայության համար հայ մտավորակնների խոսքը մնում էր որպես «ձայն բարբառո անապատի»: Խրիմյան Հայրիկը վշտահար գրել է. «Ողորմի~մ քեզ ժողովուրդ Հայոց, ողորմիմ, արդեօք լաւագոյն չէր քեզ, որ մի անգամ մէռնէիր և կնքւէր քո հանգստէան գերեզման…քան թե այսպէս ի գետին թալկանալով, արիւնացամաք մեռնի…: Մինչէ երբ անսամ քեզ, որ ինքնազոհ մեռնիլ սորվիս. աշխարհ սորվեցաւ այդ դասը, իւր մրցանակն առաւ, դու դեռ անուս մանուկ մնացիր…»[3]:
Ի տարբերություն թուրքահպատակ Հայաստանի ռուսահպատակ Հայաստանում հայ ժողովրդի ֆիզիկական գոյությունը երաշխավորված էր: Ավելին տնտեսական, մշակութային կյանքի զարգացման առավել նպաստավոր պայմաններ ստեղծվեցին: Արևելյան Հայսատանը հայահավաք կենտրոն դարձավ: Ինչպես Արևելյան Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանի հայաշատ վայրերում մասնավորապես Թիֆլիսում, Բաքվում, Մոսկվայում, Պետերբուրգում գրողները իրենց ստեղծագործություններով փորձում էին հայության տարբեր շերտերի մասնավորապես երիտասարդության մեջ ներարկել ազատասիրական գաղափարներ, նրանց ոգևորելով հայ քաջ նախնիների` Հայկի, Արամի, Տիգրան Մեծի օրինակներով[4]:
Արևելահայությունը միջոցներ էր որոնում օգնելու արևմտահայ իրենց եղբայրներին ու քույրերին: Այդ մտահոգությունից դրդված հասարակության որոշ շերտեր սկսեցին համախմբվել և ուղիներ որոնել:
Հայ ազատագրական շարժման հորձանուտներում ծնվեցին նախ ժողովրդին լուսավորելու և ազգային ինքնագիտակցության բերելու գաղզափարները, իսկ ավելի ուշ` հրապարակ իջան հասարակական-բարեգործական, կրթամշակութային կազմակերպությունները, ազատագրական խմբակները, այնուհետև քաղաքական կուսակությունները:
Վերոնշյալ կազմակերպությունում, մասնավորապես 1877-1878թթ. ռուս-թուրքական պատերազմից հետո քննարկում էին նաև ռուսահպատակ Հայաստանին առընչվող հարցեր:
Միացյալ Հայաստանի և հայության ազգային իղձերի իրագործման տեսլականը ի չիք դարձնելու նպատակով ցարական կառավարությունը 1840-60-ական թվականներին իրականացրեց վարչական մի շարք «բարեփոխություններ»: Դրա միջոցով հայահոծ նահանգները իրարից բաժանվեցին: Ստեղծվեցին խառը ազգային խայտաբղետ կազմ ունեցող և զարգացման տարբեր աստիճանների վրա կանգնած ժողովուրդներով բնակեցված վարչական նոր միավորներ:
Չբավարարվելով դրանով 1880-ական թվականների կեսերից սկսեցին փակվել հայ կրթական, բարեգործական, հասարակական կազմակերպությունները: 19-րդ դարի վերջերին հակահայ ալիքը նոր թափ ստացավ: Հակակառավարական կառույցներ հայտարարվեցին նաև հայ քաղաքական կուսակցությունները:
Ցարական կառավարության նպատակը պարզ էր: Նրանք ձգտում էին Այսրկովկասը, այդ թվում Հայաստանը դարձնել իր հումքային կցորդը և արտադրված ապրանքների շուկա, «այն կապելով Ռուսաստանի հետ քաղաքացիական և քաղաքական կապերով իբրև մեկ մարմին, և ստիպելով տեղի բնակիչներին խոսել, մտածել և զգալ ռուսաբար», ինչպես ժամանակին գրել էր գեներալ Պասկևիչը, սենատորներ Մեչնիկովն ու Պ. Կուտաիսովը[5]:
Ցարական կառավարությունը ազգային փոքրամասնություններից պահանջում էր մոռանալ իրենց անցյալը և հավատարմորեն ծառայել Ռուսաստանին: Ցարի պատգամն ազգային փոքրամասնություններին բանաձևած ներկայացրել է Զ. Ավալովը. «Ձեզ համար աշխարհում կա միայն մեկ իշխանություն. դա ռուսական ցարի կառավարությունն է Պետերբուրգում և նրա ներկայացուցիչը` Թիֆլիսում: Ճիշտ է, դուք ունեք ձեր լեզուն, ազգային սովորությունները և այլ առանձնահատկություններ, դա լավ է, բայց դուք հաղորդակցվում եք ռուսական քաղաքակրթության և ռուս ժողովրդի հետ, ուրեմն դուք պետք է լինեք ռուսներ կամ, առնվազն նմանվեք նրանց»[6]:
Ինչպես Արևելյան այնպես էլ Արևմտայն Հայաստանում վերոհիշյալ զարգացումները քաղաքական պայմաններ ու նախադրյալներ են հասունացնում Դաշնակցության պատմական ասպարեզ իջնելու համար: Բարենպաստ մթնոլորտի ձևավորմանը նպաստել էր նաև բալկանյան ժողովուրդների ազատագրական պայքարի հաջողությունները, Եվրոպայում սոցիալիստական, իսկ Ռուսաստանում նարոդնիկական հեղափոխական գաղափարների ծավալումն ու տարածումը:
ՀՅԴ գաղափարախոսության մեջ ի սկբանե առկա` ազգային նպատակների ու համամարդկային արժեքների նոր համադրությունը իրականում ոչ թե հայկական մշակույթի քաղաքական կյանքի դարավոր ավանդույթներից շեղվելու, այլ դրանց վերականգնման միջոցով ազտ ազգերի ու պետությունների ընտանիքում սեփական ժողովրդի տեղն ու դերը վերականգնելու համար փորձերի ամենավառ վկայույթյունն էր[7]:
Սոցիալական արդարության, ազգային իղձերի շուրջ հայ ժողովրդի միավորման, ազատագրական պայքարի միջոցով ստրկական շղթաների թոթափման և ազգային պետականության վերականգնամն նպատակով և հայ ժողովրդի պահանջով ստեղծվեց ՀՅ Դաշնակցությունը:
Մինչ այդ, 19-րդ դարի 80-ական թվականներին ռուսահպատակ հայաշատ վայրերում, մասնավորապես Թիֆլիսում ռուսական միջավայրում գոյություն ունեցած հեղափոխական խմբերի, տվյալ պարագայում նարոդնիկների ազդեցության տակ ձևավորվեցին ընդհատակյա մանր կազմակերպություններ, որոնք քննարկում էին ցարական Ռուսաստանի ապագա ճակատագիրը, բռնապետական կարգերի տապալման հնարավորությունները արծարծում սոցիալական արտադրության հարցեր: Այդ խմբակներում որոշակի դերակատարություն ուներ Դաշնակցության հիմնադիրներից մեկը Քրիստափոր Միքայելյանը, որին հաջողվեց այդ խմբակներում ներգրավված երիտասարդներին ուղղորդել դեպի ազգային հիմնահարցերն ու լծել հայրենիքի ազատագրության գործին:
«ՈՒժ» անունով նմանօրինակ մի խմբակ էլ 19-րդ դարի 80-ական թվականներին ստեղծվել էր Շուշիում[8]:
Հայ հեղափոխականների դաշնակցությունը ձևավորվեց շուրջ մեկուկես ամիս (1890թ. հուլիսի երկրորդ կեսից մինչև օգոստոսի վերջը) տևած հիմնադիր ժողովներում ընդհունված` կուսակցության ստեղծման մասին որոշման, անվան հստակեցման, նպատակների ձևակերպման, վարչության կազմավորման միջոցով: Հիմնադիր ժողովները որոշեցին միավորել արևմտահայերի ազատագրության համար պայքարող բոլոր կազմակերպություններին, խմբակներին ու անհատներին և ստեղծել Հայ հեղափոխականների դաշնակցություն կուսակցությունը: 1890թ. սեպտեմբերի սկզբներին լույս տեսավ կուսակցության «Մանիֆեստը»[9]:
Կազմվեց Դաշնակցության կենտրոնական վարչությունը, որի անդամներն էին Քրիստափոր Միքայելյանը, Սիմոն Զավարյանը, Աբրահամ Դաստակայնը, Հովհաննես Լոռու-Մելիքյանը և Լևոն Սարգսյանը[10]: Վերջինս ծագումով Արցախից է: Ծնվել և մեծացել է Շուշիում, բարձրագույն կրթությունը ստացելէ Մոսկվայում: 1880-ական թվականներին նա գլխավորել է Մոսկվայի հայ ուսանողների հեղափոխական գործունեությունը: Լևոն Սարգսյանը դարձել է «Երկրականների» ուսանողական խմբի հիմնադիրը: 1890-ական թվականների սկզբներին նա վերադառնում է հարազատ Շուշի դառնում Արցախում ՀՅԴ հիմնադիրներից մեկը: Շուշիի առաջադեմ ուժերի ճնշման տակ Լևոն Սարգսյանին նշանակում են թեմական դպրոցի տեսուչ: Թեմականում նա նոր աստիճանի հասցրեց ազգային դաստիարակաության հարցը: Լևան Սարգսյանի նկատմամբ հետադիամական ուժերը հալածանքներ են սկսում: Նրանք «Նոր դար» թերթի միջոցով մի արշավ սկսեցին շամշյանական գաղափարները ոչնչացնելու ուղղությամբ: «Նոր Դար»-ականներն ինտրիգների միջոցով Լևոն Սարգսյանին հեռացրեցին աշխատանքից` նրան մեղադրելով անաստվածության մեջ: Լևոն Սարգսյանի հետ դպրոցից հեռացավ ողջ ուսուցչական կազմը: Ազգային հեղափոխական գործունեության համար դպրոցից հեռացրին մի խումբ աշակերտների` Սուրեն Մալխասյանին, Բ. Տոշյանին, Գրիգոր Գորգյանին, Դավիթ Տեր-Մկրտչյանին, Գևորգ Առստամյանին[11]:
Չնայած այդ ամենին Լևոն Սարգսյանի և դաշնակցական մյուս գործիչների թողած հունդերը թեմականում պտղավորվեցին: Թեմականը դարձել էր ազատագրական շարժման գործիչների դարբնոց: Այստեղ կրթություն ստացան և որպես անհատականություններ ձևավորվեցին ազատագրական պայքարի պայծառ դեմքեր, դաշնակցական գործիչներ Եգոր Առստամայնը (Մենակ), Թուման Թումյանցը (Թորգոմ), Նիկոլ Պողոսյանը ( Իշխան), Նիկողայոս Տեր-Հովհաննիսյանը (Նիկոլ Դուման), Սարգիս Հովհաննիսյանը (Արամ Մանուկյան), Վարդան Մեհրաբյանը (Խանասորի Վարդան), Գրիգոր Միրզաբեկյանը (Մածուն Խեչոն) և ուրիշներ:
Սկզբում նրանք ազատագրական գաղափարները սկսեցին տարածել աշակերտների և համերկրացիների շրջանում: Այդ նպատակով ազտարական խմբակի ներկայացուցիչներն սկսեցին հրատարակել «Կոկոն» ձեռագիր թերթը[12]:
Հեղափոխական քուրայում իմաստնացած այդ գործիչները արցախահայության` բազում դարերի ընթացքում ազատագրական պայքարի և պետականաշինության ասպարեզում կուտակած հարուստ կենսափորձը Դաշնակցության ազգային գաղափարախոսության հետ համադրելով կարողացան որակապես փոխել հայության մտածելակերպն ու ապագայի նկատմամբ ունեցած տեսլականը:
Մի առիթով Դրոն Նիկոլ Դումանի մասին գրել է. «Հայ ազատագրական պայքարի հերոսներուն մեջ չկար մեկը , որ անոր մտքի պատրաստութիւնը ունենար»[13],իսկ Աբրահամ Գյուլխանդարյանի վկայությամբ «…հայ մարտական երիտասարդութեան պաշտամունքը» Նիկոլ Դումանն էր[14]:
20-րդ դարի սկզբներին արևմտահայության ազատագրական պայքարին նոր որակ հաղորդեցին դաշնակցական երկու գործիչներ շուշեցի Արամ Մանուկանը և քռասնեցի Իշխանը:
1906թ. Վանի կուսակալ Թահիր փաշան , իր մոտ հավաքելով ոստիկանության և զինվորականության ղեկավարությանը, ասել է. « Շատ-շատ վտանգաւոր կացութեան մէջ ենք. մենք մեզ չխաբենք: Անշուշտ նույնքան, եթե ոչ անոր տասնապատիկը պահեստներ կը գտնուին լեռներու մէջ, Իշխանի տրամադրութեան տակ եւ վտանգաւոր Արամը` շրջաններն ալ զինուած ու ցրած ուժեր ունի եւ մեր գլխուն փորձանք կը պատրաստէ:…Հոս միայան մէկ թշնամի կայ, որ գիտէ թե ինչ կուզէ. Ան արժանի է փաշա կոչելու, Արամն է: Հոն լեռներու մէջ բէկ կայ, Իշխանն է: Ասոնք փեթակներու մայրը եւ այժմ թե քաղաքի եւ թէ գիւղերու առաջնորդներն են…»[15]:
Դաշնակցության գաղափարների տարածման կենտրոններ դարձան Շուշիի կրթամշակութային հաստատությունները: Այդ շարքում իր ուրույն տեղն ուներ ռեալական ուսումնարանը: Այդ դպրոցի շրջանավարտներ դարձան Միքայել Հովհաննիսյանը ( Միքայել Վարանդյան) և Վահան Նավասարդյանը: Միքայել Վարանդյանը Ժնևի , իսկ Վահան Նավասարդյանը Պետերբուրգի համալսարանը ավարտելուց հետո իրենց ողջ կյանքը նվիրեցին հայ ժողովուրդի ազատագրության և Դաշնակցության ազգանպաստ գործին:
Եթե Նիկոլ Դումանը, Արամ Մանուկյանը հայ ժողովրդի ազատագրական պայքարի և պետականության վերակերտման գործնական կազմակերպիչներ էին, ապա Հունան Դավթյանը, Միքայել Վարանդյանն ու Վահան Նավասարդյանը ըստ էության Դաշնկացության ազգային-քաղաքական և գաղափարական-ռազմավարական ուղին ուրվագծող գործիչներն էին:
Արցախում ազգային ազատագրական գաղափարների տարածման և հայ հեղափոխական ուժերի մեկտեղման գործում մեծ էր ՀՅԴ «Ապառաժ»-ի կառույցի դերակատարությունը:
Ազգային պետականությունից զրկված հայության հասարակական-քաղաքկան, տնտեսական և մշակութային-կրթական կյանքն ինքնահոսի չմատնելու և այն ուղղորդելու նպատակով դաշնակցությունը տեղերում ստեղծեց ոստիկանական, դատական, կրթական մարմիններ:
1905թ. Պ. Բարսեղյանը ՀՅԴ Արցախի կառույցի մասին գրել է. «գիւղերը կազմակերպւում էին համայնական ձեւով ամբողջ գիւղի համայնքը-գիւղական մարմինները ընտրւում էին ազդեցիկ մարդկանցից, պրոպագանդիստ-շրջիկները աշխատում էին, որ մարտիկների մէջ չլինեն վաշխառուներ եւ այլ վնասակար տարեր, զանազան տեղեր եղել են ենթակոմիտէներ, զինւորական ներակայացուցիչներ, դատաւորներ: Այդ շրջանում կազմակերպութիւնը հանդիսացել էր եբրեւ մի կառավարութիւն իր բոլոր ֆունկցիաներով»[16]:
Ցարական Ռուսաստանի հատուկ ծառայություններն այդ օրերին, հետևելով և ուսումնասիրելով ՀՅԴ պետականաշեն գործնեությունը , նկատելի են, որ «…դաշնակցությունն ինքնին ներկայացնույմ է ինչ-որ պետություն պետության մեջ…ոչ մեկ հեղափոխական կուսակցություն (բացառությամբ դեռ ոչ լրիվ քողազերծված «Միջազգային հրեական միության») չունի այն բարդ կազմակերպությունը, ինչպես հայկական դաշնակցությունը: Նայելով կազմակերպության ուրվագծին` մենք տեսնում ենք հանրապետական ձևի պետական մեխանիզմի կմախք: Պետական այդ կմախքը, ի դեմս իր աշխատողների ներակայացնում է ոչ այլ ինչ, եթե ոչ հայկական պետության պաշտոնյաների կազմ…»[17]:
19-րդ դարի վերջերին և 20-րդ դարի սկզբներին Հայաստանի ինքնավարության հետ կապված հարցը Դաշնակցության կողմից այնքան ակտիվ քննարկվում և հանրայնացվում էր, որ նույնիսկ հայ հեղափոխականների նկատմամբ նախատեսվող պատժամիջոցների վերաբերյալ ցարը կառավարության նիստ էր հրավիրել: Գոլիցինը առաջարկում էր հայ «անջատողականներից» ազատվելու նպատակով, ազգովի նրանց ուղարկել Սիբիր: Սակայն զինվորական նախարար Կուրոպատկինը կանխեց խելահեղ այդ ծրագիրը: Նա կառավարության նիստի ժամանակ, դիմելով ցարին ասաց. «-Ինչ եք կարծում, Ձերդ պայծառափայլություն, որքան կլինի հայ խռովարարների թիվը մի այնպիսի հայաբնակ կենտրոնում, ինչպիսին Շուշին է կամ Երևանը:
-Մոտավորապես 50 կլինի:
-Այո համարյա այդքան:
-Ես ընդունում եմ նույնիսկ, — ավելացրեց նախարարը,-կրկնապատիկը`100: Եվ կարծում եմ, որ «հայկական շարժումը» արմատախիլ անելու ամենալավ միջոցն է` կալանավորել այդ 100 խռովահույզներին, դուրս բերել երկրից և աքսորել Սիբիր: Դրանով դուք կատարելապես ազատված կլինեք երկիրը վտանգից առանց աքսորելու մի ամբողջ ժողովուրդ»[18]:
20-րդ դարի սկզբներին արցախահայությունն իր ազատության և անկախության ուղիներում հանդիպեց առավել ծանր իրավիճակների: Եթե նախկինում ցարական իշխանությունները հայության դեմ պայքարում էին ավելի «քաղաքակիրթ» միջոցներով, ընդունվում էին որոշումներ, օրենքներ, կամ էլ հետապնդվում էին առանձին անհատներ, կազմակերպություններ, ապա այս անգամ բռնարարքների ենթարկվեց ողջ ժողովորդը:
Դարավերջին դա հիմնականում կապված էր 1903թ. հունիսի 12-ի Նիկոլայ Երկրորդի տխրահռչակ հրամանագրի հետ, որով բռնագրավվեցին հայ լուսավորչական եկեղեցու կալվածքներն ու գույքը: Այսրկովկասի հայաշատ վայրերում ապստամբական տրամադրություններ էր տիրում: Հակակառավարական պայքարի մեջ ներքաշվեց նաև արցախահայությունը: 1903թ. սեպտեմբերի 8-ին նահանգապետ Լուցաուն 500 կոզակների ուղեկցությամբ Գանձակից հասնում է Շուշի և փորձում ի կատար ածել կառավարույթան որոշումը: Ժողովրդի դիմադրույթանը կոզակները պատասխանեցին կրակոցներով: Ընդհարումների ժամանակ երկու կողմից կային սպանվածներ և վիրավորներ: Զինված դիմադրությունը շարունակվեց մի քանի օր: Ձերբակալվեց ավելի քան 120 մարդ: Քաղաքում ռազմական դրություն հայտարարվեց[19]:
Դաշնակցության «Ապառաժ»-ի կառույցը որոշեց վրեժխնդիր լինել արյունալի ընդհարումների կազմակերպիչների հետ:
Ահաբեկման ենթարկվեց Գանձակի փոխնահանգապետ Անդրեևը, Շուշիում սպանվեց Սախարովը, գավառապետ Շումակովիչը, Ժանդարմ Պոդշիվալովը, գաղտնի ոստիկան Խասիևը, գանձարանի պաշտոնյաներ Բադիևը և Կոպրունովը[20]:
Ցարական իշխանությունների դեմ դիմակայության ալիքը չէր մարել, երբ 1905-1906թթ. նույն ուժերի կողմից սանձազերծվեցին ազգամիջյան ընդհարումներ:
Այդ ծանր տագնապի օրերին պետականությունից ու սեփական իշխանությունից զուրկ հայ ժողովրդի ինքնապաշտպանությունը կազմակերպելու բարդ և պատասխանատու գործը ստանձնում է Հայ Հեղափոխական Դաշնակցությունը: «Եվ մի ազգ, եթե ուզում է մնալ հարգված, եթե չի ուզում կորչել, պետք է լինի կազմ ու պատրաստ ինքնապաշտպանության համար, մանավանդ քաղաքական ցնցումների վայրկյաններում»[21]: Այդ օրերին նման սկզբունքով էր գործում ՀՅԴ անվեհեր մարտիկ Նիկոլ Դումանը:
Այսրկովկասի հայաշատ վայրերը պաշտպանելու նպատակով ՀՅԴ-ը ժողով գումարեց, որտեղ Նիկոլ Դումանը ռազմական ծրագիր ներկայացրեց, ըստ որի` ամեն մի գյուղ և շրջան պետք է ստեղծեր ինքնապաշտպանական ջոկատ, սակայն խմբապետը պետք է լիներ ոչ տեղացի փորձառու ֆիդայիներից մեկը:
Նիկոլ Դումանը քաջ գիտակցում էր, որ ֆիդայական ջոկատներով անհնարին է դիմակայել թուրք-թաթարական բազմահազար զինյալ ավազակախմբերին և նրանց աջակցող ցարական կանոնավոր զորքերին: ՈՒստի պետք է ստեղծել կանոնավոր ինքնապաշտպանական բանակ, որը պետք է ունենար համապատասխան կառուցվածք, հստակ սահմավներ հրամանատարների և զինվորների պարտականությունները: Այդ նպատակով մշակվում և շրջանների ինքնապաշտպանական խմբերին առաջարկվում է 4 մասերից և 33 կետերից բաղկացած «Հրահանգ» շրջաբերականը[22]: Առանց ազգային պետության գոյության Դաշնակցությանը հաջողվել էր ստեղծել 16 հազարանոց բանակ:
Մուսավաթական Ադրբեջանի հիմնադիրներից մեկը` Աղաևը, Դաշնակցությանը ցարական իշխանությունների առջև վարկաբեկելու նպատակով 1906թ. փետրվարի 27-ին Կովկասի փոխարքայի մոտ խորհրդակցության ժամանկ նշել է. «Դաշնակցությունը 15 տարի գոյութիւն ունի, իմացանք որ հիանալի մաուզէրներ ունի, մի ամբողջ արմիա, այն ժամանկին կռւում էր Թիւրքիայի դէմ, երէկ կառաւարութեան դէմ, էսօր` մեր թուրքերիս դէմ…»[23]:
ՀՅԴ Արևելյան բյուրոն Արցախում կազմում է Զինվորական մարմին, որը գլխավորում էր ղշլաղեցի Սարգիս Մեհրաբյանը (Խանասորի Վարդանը): Նրան հանձնարարված էր կազմակերպել Արցախի և Սյունիքի հայության ինքնապաշտպանական մարտերը: Զինվորական մարմնի որոշմամբ Արցախն ըստ գավառների բաժանվեց պաշտպանական շրջանների, որոնց հրամանատարներ նշանակվեցին փորձառու ֆիդայիներ: Վարանդայի պաշտպանությունը կազմակերպում էին Հայրում Վարդանյանը, Արամայիսը (Միսաք Տեր Դանիելայնը) և Մածուն Խեչոն: Խաչենի շրջանի հրամանատարն էր Համազասպը:
Զինվորական շրջաններն իրենց հերթին բաժանվում էին ենթաշրջանների[24]:
Նման գործելակերպն Այսրկովկասի տարբեր բնակավայրերում թուրքերին ստիպեց պարզել սպիտակ դրոշակ և սկսել բանակցություններ: Այդ ամենի շնորհիվ հայությունը փրկվեց վերահաս մասայական ջարդերից:
1917թ. հոկտեմբերյան պետական հեղաշրջումից հետո նախկին ռուսական կայսրության ողջ տարածքում քաղաքական նոր իրավիճակ է ստեղծվում: Տեղերում զգալի էր անիշխանության մթնոլորտը: Նախկին իշխանության մարմինները կազմալուծվեցին: Արցախի բնակչության մտահոգությունը փարատելու, երկրամասում կարգ ու կանոն հաստատելու իրավասու իշխանություն ստեղծելու նպատակով ՀՅԴ Արցախի կառույցը նպատակահարմար գտավ, գործող բոլոր քաղաքական ուժերի ջանքերի համադրությամբ, կյանքի կոչել լիազոր մի մարմին, «որ գործելու է իբրև Լեռնային Ղարաբաղի ժամանակավոր տեղական իշխանություն և որի հիմնական նպատակն էր կազմակերպել ժողովրդին, վերջ տալ գլուխ բարձրացրած անիշխանությանը և բոլոր միջոցներով պահպանել խաղաղությունը և համերաշխությունը երկու հարևան ժողովուրդների` հայերի և մուսուլմանների միջև»[25]: «Քաղաքական լուրջ անհրաժեշտություն էր նույնպես, որ Ղարաբաղի հայության կառավարող օրգանն իր կազմով լիներ այնպիսին, որ կարողանար հավատ և վստահություն ներշնչել նաև հարևան մուսուլմանությանը»[26]:
Նախախորհրդարանական աշխատանքներից հետո, 1917թ. դեկտեմբերի 24-ին Շուշիում կայացած հայ քաղաքական ուժերի հավաքն ստեղծեց տեղական իշխանության մի մարմին, որն անվանվեց «նոր հեղափոխական կուսակցությունների և կազմակերպությունների ժամանակավոր խորհուրդ»: Այդ մարմինը հետագայում անվանվեց Միջկուսակցական բյուրո: Այն օժտված էր օրենսդիր և գործադիր գործառույթներով: Որոշվեց կառավարության մեջ ներառել, համամասնական սկզբունքներով, տարբեր կուսակցությունների ներկայացուցիչների: Փոխադարձ համաձայնությամբ 5 պորտֆելներ տրվեց դաշնակցությանը, իսկ մնացած կուսակցությունները մենշևիկները, էսեռները, բոլշևիկները ներկայացվեցին երեքական անդամներով: Խորհրդի նախագահ ընտրվեց դաշնակցական Հայրապետ Մուսայելյանը[27]:
Վերոհիշյալ փաստերն ու դեպքերի զարգացման ընթացքը մեզ հիմք են տալիս եզրակացնելու , որ 1917թ. դեկտեմբերին, մի քանի ամիս առաջ, դեռևս մինչև անդրկովկասյան 3 հանրապետությունների ծնունդը, Արցախում դրվեց պետական մի միավորի հիմք, որն ամբողջական տեսք ստացավ արցախահայության առաջին համագումարում 1918թ. հուլիսին: Այն ուներ պետությանը հատուկ բոլոր ինստիտուտները` օրենսդիր մարմին, գործադիր դատական իշխանություն, բանակ, մայրաքաղաք:
Պատահական չէ, որ 1918թ. ապրիլին Անդրկովկասյան սեյմը Լեռնային Ղարաբաղին տվել էր ազատ շրջանի կարգավիճակ[28]: Մինչև Արցախում խորհրդային կարգերի հաստատումը արցախահայությունը դաշնակցության գլխավորությամբ պայքարելով Թուրքիայի և Ադրբեջանի զավթողական ծրագրերի դեմ պաշտպանեց պետականությունը հույսով, որ կգա նաև ՀՀ հետ վերամիվորման ժամը:
1917-1920թթ. Արցախում ազգային պետության գոյության փաստի հետ խորհրդային տարիներին բոլշևիկները ստիպված հաշվի են նստել Լեռնային Ղարաբաղի հայությանը տալով ինքնավար կարգավիճակ:
Ոչ հեռավոր անցյալի պատմական այս իրադարձությունները խոսում են այն փաստի մասին, որ Արցախը որևէ կապ չի ունեցել Ադրբեջանի 1918-1920թթ. հանրապետության հետ և այսօր այս հանգամանքը պետք է ծառայեցվի ԱՀ միջազգային ճանաչմանը:
Արցախում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո չնայած դաշնակցական գործիչները հիմնականում հեռացել էին երկրամասից այնուամենայնիվ Արցախի ազատագրության և Հայաստանի հետ վերամիավորման հարցը կուսակցության համար մնում էր առօրեական: Այդ կապակցությամբ Ռուբեն Տեր-Մինասյանը գրել է «ՀՅ Դաշնակցությունը, իբրև հայ ժողովրդի հույսի և հավատի խտացում, չի դավաճանած Գանձակ-ղարաբաղցիին, ընդառաջ է գացած անոր բաղձանքին և ամեն տագնապալի վայրկյանին իսկ չէ մոռացած զայն: Այսօր ալ իր հալածական վիճակին մեջ, իր ծրագրին մեջ ունի հին Արցախ գավառներուն ազատագրումը: Այդ ծրագիրն ինքը չէ հղացած, այլ քաղած է Ղարաբաղի ժողովրդեն կամքեն»[29]:
1920-ական թվականների սկզբներին արցախահայության ազատագրական պայքարը համակարգում էր Թավրիզում 1921թ. ստեղծված «Ղարաբաղի ազատագրման» միությունը: Դաշնակցության ջանքերով, գաղտնի ճանապարհով Արցախում են հայտնվում այդ միության գործիչները, որոնք տեղում, հայրենասեր ուժերի հետ միասին փորձում էին ժողովրդի մեջ կենսունակ պահել ազատագրական շարժման գաղափարները:
Մինչև 1929թ. Թարթառի մերձակա անտառներում, Ջրաբերդում, Էրքեջ, Բուզլուխ և Գետաշեն գյուղերի մոտակայքում Գրիգոր Դանիելյանի, Մովսես Քոթիևի, Սերգեյ Բալայանի, Ալեքսանդր Տեր-Սարգսյանի գլխավորությամբ գործում էին զինված ջոկատներ[30]:
1925-1927թթ. Արցախում ապստամբական շարժումներ կանխելու նպատակով, Ստեփանակերտում, Շուշիում և շրջկենտրոններում մասսայական խուզարկություններ և ձերբակալություններ են կատարվել: Բռնի ուժով հայ գյուղացիության շրջանում եղած զենքը և զինամթերքը բռնագրավվում էր[31]:
1920-ական թվականների կեսերին Դաշնակցության ջանքերով Արցախում հակաադրբեջանական շարժումը ղեկավարելու նպատակով, ստեղծվել է «Ղարաբաղը Հայաստանին» միությունը[32]: Այն իր բջիջներն ուներ ոչ միայն Ղարաբաղի, այլ նաև Գանձակի հայկական շրջաններում: Միության հետ համագործակցության համար 500 հոգու ձերբակալել են[33]:
Ազատագրական շարժման գործիչները Շուշիի շրջանում պահեստ-արհեստանոց էին կազմակերպել: 1930թ. արտակարգ հանձնաժողովի կողմից ձերբակալվել են 17 զինագործ վարպետներ: Առգրավվել է 6 թնդանոթ, 30 գնդացիրներ և այլ տեսակի զենքեր ու զինամթերքներ: Ապստամբել էին Խծաբերդի բնակիչները: Զորքերը փորձել են ճնշել այն, բայց չի հաջողվել: Արցախում համաժողովրդական հուզումները ճնշելու համար Բաքվից մեծ քանակությամբ զորքեր են տեղափոխվել[34]:
1931թ. Միր Ջաֆար Բաղիրովը ԼՂԻՄ մարզկոմի ղեկավարությանը մեղադրեց նացիոնալիզմի, նացիոնա-ուկլոնիզմի, Լեռնային Ղարաբաղը Հայաստանին վերամիավորելու փորձերի և Դաշնակցական գաղափարների դեմ չպայքարելու մեջ[35]: Նրա հրահանգով 1937թ. մարտ, ապրիլ ամիսներին Ստեփանակերտում «բացահայտվեց», այսպես կոչված նացիոնալիստական հակախորհրդային խմբավորում: Մի շարք պաշտոնյաների հեռացրեցին աշխատանքից և դատի տվեցին մեղադրելով դաշնակցական կուսակցության հետ ունեցած կապերի, Ադրբեջանի կոմկուսի կենտկոմին և կառավարությանը զրպարտելու, ԼՂԻՄ շահերը Ադրբեջանի հանրապետության շահերին հակադրելու մեջ[36]:
Միր Ջաֆար Բաղիրովի կողմից շրջանառության մեջ դրվեց «Ադրբեջանի անբաժանելի մաս հանդիսացող Լեռնային Ղարաբաղ» արտահայտությունը: Դա առայսօր օգտագործվում է Ադրբեջանի տարբեր տրամաչափի պաշտոնյաների կողմից:
Չնայած բռնաճնշումներին Դաշնակցության գաղափարները ժողովրդի մեջ ապրեց և 1980-ական թվականներին բարենպաստ պայմաններում հանրային ընկալման առավել լայն շրջանակներ ունեցավ:
1985թ. մինչև 1988թ. փետրվարը ՀՀ և ԼՂԻՄ բնակավայրերում հանդես եկան քաղաքացիներ, որոնք փորձում էին Արցախը խորհրդային Հայաստանի հետ վերամիավորման հարցը նորից առարկայական դարձնել: Ըստ էության այդ մարդիկ էլ դարձան արցախյան շարժման կազմակերպիչներ:
Իգոր Մուրադյանի կարծիքով նրանց թիվը հասնում էր մոտ 100-ի, որոնցից 32-ը դարձան Դաշնակցության մեծ ընտանիքի անդմաներ[37]:
Այդ երիտասարդներից շատերը հետագայում դարձան Դաշնակցության Արցախի կառույցի հիմնադիրներ և փայլուն մարտական ճանապարհ անցան: Շատերն էլ այդ ճանապարհին իրենց կյանքը նվիրաբերվեցին:
Զենքի առաջի խմբաքանակը Արցախ հասավ 1988թ. ՀՅԴ արտասահմնյան կառույցների միջոցով: Իգոր Մուրադյանը հետագայում գրել է. «Ըստ էութեան, զէնքի հարցն արմատապես լուծուեց 1989թ. վերջին ՀՅ. Դաշնակցութեան կուսակցական կառույցների կազմակերպմամբ»[38]:
Զինված պայքարին զուգընթաց անհրաժեշտ էր նաև որոնել և գործել հարցի լուծման իրավական ճանապարհները:
Այդ նպատակով կազմակերպվեց ժողովրդական հանրաքվե, այնուհետև կայացվեցին խորհրդային, կուսակցական մարմինների համապատասխան որոշումներ: Այդ ամենի բարձրակետը դարձավ 1988թ. փետրվարի 20-ին կայացած մարզխորհրդի արտահերթ նիսստում, ընդունված ԼՂԻՄ-ը ՀԽՍՀ-ի հետ վերամիավորման պատմական որոշումը: Սակայն դեպքերը այլ հունով ընթացան:
Արդեն ակնհայտ էր, որ ԽՍՀՄ –ը որպես միջազգային իրավունքի սուբյեկտ կդադարի գոյություն ունենալուց:
1991թ. օգոստոսի 30-ին Ադրբեջանի գերագույն խորհուրդը հռչակագիր ընդունեց 1918-1920թթ. մուսավաթական հանրապետության սահմաններում անկախ պետականության վերականգնման մասին[39]: Մյուս կողմից էլ ՀՀ ՀՀՇ-ական իշխանությունը լիովին չէր կողմնորոշվել Հայաստանին Արցախի վերամիավորման` համայն հայության պահանջի հարցում: 1991թ. սեպտեմբերի 2-ին Մոսկվայում կայացած ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորների արտահերթ նստաշրջանում, Լ. Տեր Պետրոսյանը միայն պահանջեց բարձրացնել ինքնավար մարզի կարգավիճակը[40]:
Ստեղծված անորոշության պայամաններում ապագա արհավիրքներին դիմակայելու, բնակչության անվտանգությունն ապահովելու Արցախի ճակատագիրը կանխորոշելու համար շարժման ղեկավարները պահի առումով ճիշտ ու հստակ որոշում կայացրին:
1991թ. սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցած ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային Շահումյանի շրջանային խորհուրդների համտաեղ նստաշրջան, որտեղ ընդունվեց «Հռչակագիր ԼՂՀ հռչակման մասին[41]: Այդ որոշումը ամրապնդվեց 1991թ. դեկտեմբերի 10-ին կազմակերպված հանրաքվեով: Հարցման ենթարկվածների 99.89 տոկոսն արտահայտվեց իր ԼՂՀ հռչակման օգտին[42]: Հաջորդ քայլը պետական համակարգի ձևավորումն էր: Այդ բախտորոշ ժամանակահատվածում Դաշնակցությունը իր վրա պատասխանատվություն վերցրեց և գլխավորեց Արցախում պետականության վերակերտման գործընթացը:
1991թ. դեկտեմբերի 28-ին կայացան ԼՂՀ գերագույն Խորհրդի առաջին ընտրությունները, որի արդյունքում ընտրվել են 56 պատգամավոր: Նրանցից 23-ը Դաշնակցականներ էին: Անկուսակցական պատգամավորների զգալի մասը հարում էր Դաշնակցությանը: 1992թ. հունվարի 8-ին դաշնակցական Արթուր Մկրտչյանն ընտրվեց ԳԽ առաջին նախագահ:
Չնայած Գերագույն խորհրդի պատգամավորները մեծամասնությամբ ՀՅԴ անդամներ էին, ԱՀ-ում գործող բոլոր քաղաքական ուժերը մեկտեղելու, թշնամու դեմ համաժողովրդական ճակատ հարդարելու և ՀՀՇ-ական իշխանությունների հետ կանոնավոր հարաբերություններ ստեղծելու նպատակով նախարարական պորտֆելները, այդ թվում վարչապետի, հանձնվեցին հանրապետությունում գործող այլ ուժերի ներկայացուցիչներին:
Անհրաժեշտ էր զրոյից ստեղծել պետական մի համակարգ, որը պատերազմական պայմաններում պետք է կենսունակ լիներ: Նորաստեղծ պետական այդ համակարգ ժողովրդին առաջնորդելով, անհնարինը հնարավոր դարձրեց մի քանի անգամ գերազանց ուժեր ունեցող թշնամու նկատմամբ ապահովելով փայլուն հաղթանակ:
Հետպատերազմյան տարիներին (1994-2007թթ.) Դաշնակցությունը իր պետականաշեն գործունեությունը ծավալեց ընդիմադիր դաշտում, փորձելով օրվա իշխանություններին մղել ժողովրդանպաստ որոշումների կայացմանն ու իրագործմանը:
2007-2020թթ. Դաշնակցությունը դարձավ իշխանության հետ համգործակցող ուժ: Մեր գնահատականով այդ տարիները դժվարություններով հանդերձ և երբեմն էլ որոշ բացասական երևույթների նկատմամբ Դաշնակցության համար անընդունելի լինելու պարագայում էլ, ընդհանուրության մեջ արգասաբեր էին:
Պատմությունը թարմ հետքերով շարադրելը անշնորհակալ գործ է: Հուսով եմ, որ ժամանակի և տարածության մեջ նոր ուսումնասիրողները վերջին տասնամյակի զարգացումների վերաբերյալ իրենց խոսքը կասեն, որտեղ անկասկած նորագույն շրջանի պետականաշինության կայացման գործում Դաշնակցության տեղն ու դերը նշմարելի կլինի:
Դաշնակցությունը անհատի կուսակցություն
չէ, այն ծնվել է ժողովրդի պահանջով և այսուհետ ևս կծառայի ժողովրդին:
[1] Վարանդեան Մ., ՀՅ. Դաշնակցութեան պատմութիին, հ.Ա, Թեհրան, 1981, էջ 30:
[2] Геноцид армян в Османской империи. Сборник документов и материалов под.ред М.Г Нерсисяна, Ереяан, 1983, с 174.
[3] Վարանդեան Մ., նշվ. աշխ., էջ 30:
[4] «Մեղու Հայաստանի», թիվ 23, 1869:
[5] Колониальная политика Российского царизма в Азербаиджане в 20-60-х гг. XIX в., т.1, М-Л, 1936, с. 21, հմմտ., Բալայան Վ., Դրվագներ արցախահայության ազատագրական պայքարի և պետականակերտման պատմության, Ստեփանակերտ, 2012, էջ 32:
[6] Авалов З., Нациаональный вопрос на Кавказе, «Русская мысел», N 12, СПБ, 1911, с. 27.
[7] Հայոց պատմություն, հ. III, գիրք առաջին, Երևան, 2010, էջ 499:
[8] Վարանդեան Մ., նշվ. աշխ., էջ 71:
[9] Հայոց պատմություն, հ. III, գիրք առաջին, էջ 501:
[10] Վարանդեան Մ., նշվ. աշխ., էջ 81:
[11] Բալայան Վ., Շուշի, տեղն ու դերը հայոց քաղաքակրթական համակարգում, Երևան, 2017, էջ 352-353:
[12] Աճէմեան Հ., Սգապսակ Իշխանի, Թիֆլիզ, 1916, էջ 7:
[13] «Հայրենիք», հմ. 8, Պոսթըն, 1964, էջ 49:
[14] Գևորգյան Հ., Նիկոլ Դուման, Երևան, 2001, էջ 5, 62:
[15] Ռուբէն, Հայ յեղափոխականի մը յիշատակները, հ.Ե, Երևան, 1990, էջ 267-268:
[16] Նիւթեր ՀՅ Դաշնակցության պատմութեան համար, հ. Ե, Պեյրութ, 2007, էջ 303:
[17] Նույն տեղում, հ. Բ, էջ 332:
[18] Բալայն Վ., Դրվագներ…, էջ 60:
[19] Ակնունի Է., Դեպի կռիվ, Ժնև, 1904, էջ 235-241: Բալայան Վ., Դրվագներ …, էջ 57:
[20] Հայ ժողովրդի պատմություն, հ. 6, Երևան, 1984, էջ 356, «Դրոշակ», հմ.2, 1905, էջ 31:
[21] Նիկոլ Դուման, Նախագիծ ինքնապաշտպանության, Երևան, 1992, էջ 7:
[22] Գևորգյան Հ., Նիկոլ Դուման, Երևան, 2013, էջ 244:
[23] «Արշալոյս», հմ. 46, 2 մարտի, Թիֆլիս, 1906:
[24] Ստեփանյան Գ., Համասզասպ Սրվանձտյանց, Երևան, 2016, էջ 90-91:
[25] Թումյան Հ., Դեպքերը Լեռնային Ղարաբաղում ( 1917-20), պատմական ակնարկ, Երևան, 2008, էջ 51:
[26] Նույն տեղում, էջ 50:
[27] Բալայան Վ., Դրվագներ, էջ 74-75:
[28] «Մշակ», հ. 144, 25 հուլիսի, 1918:
[29] Ռուբեն, Գանձակ Ղարաբաղի վեճը, «Դրոշակ», հմ.2, 1926, էջ 52:
[30] Բալայան Վ., Դրվագներ…, էջ 257:
[31] Բալայան Վ., Դրվագներ…, էջ 260:
[32] Հալածանքներ Ղարաբաղում 1927թ.*Դրոշակ», հմ.12, 1927, էջ 383, Ա.Արծրունի, Հակառակորդի բանակում, «Դրոշակ», հմ.10, 1828, էջ 251:
[33] Բալայան Վ., Դրվագներ…, էջ 261:
[34] Սարուր, Կացությունը Ադրբէջանի մեջ, «Դրոշակ», հմ.4, 1930, էջ 120:
[35] «Заря Востока», 24 мая, 1931.
[36] Ռուբեն, Գանձակ Ղարաբաղի վեճը, «Դրոշակ», հմ.2, 1926, էջ 52:
[37] Բալայան Վ., Դրվագներ…, էջ 261:
[38] «Ազդակ», բացառիկ համար, փետրվար, Բեյրութ, 1998, էջ 126:
[39] «Бакинский рабочий», 31 августа, 1991.
[40] Арутюнян В., События в Нагорном Карабахе, Хроники, т. IV, Ереван, 1994, с.71.
[41] «Հայաստանի հանրապետություն», 3 Սեպտեմբերի, 1991:
[42] О некоторых политико-правовых аспектах проблемы Нагорного Карабаха, Ереван, 1991, с.15-16.