Հույս ունեմ, որ Աստված մեր դրախտավայրը կվերադարձնի մեզ․ Անահիտ Բադալյան
Անահիտ Բադալյանն Արցախից է։ 1997 թվականից նա Ասկերանի երաժշտական դպրոցի տնօրենն էր․ 2014-ից դպրոցը վերանվանվել է՝ որպես արվեստի դպրոց։ 25 տարի շարունակ նա դպրոցի համար արել է անհնարինը, որպեսզի մշակութային այդ կրթօջախը դառնա լավագույններից մեկը հանրապետությունում։ 1997-ին դպրոցն ուներ ընդամենը մեկ դաշնամուրի բաժին և 2 դաշնամուր: Տարիների ընթացքում արվեստի դպրոցում կատարված քրտնաջան աշխատանքի շնորհիվ դպրոցը համալրվել է ավելի քան 15 բաժիններով:
Անահիտ Բադալյանն առանց հուզմունքի չի կարողանում հիշել հարազատ դպրոցն ու ձեռքբերումները
-25 տարի շարունակ կյանքս անցել է երաժշտական դպրոցում, որն ինձ համար իմ երկրորդ տունն էր։ Երկու երեխաներիս միայնակ եմ մեծացրել ու տվել արժանի դաստիարակություն։ Իմ նպատակը միշտ եղել է՝ սաներիս համար հնարավորություններ ստեղծել ուսումը շարունակելու։ Մեր սաները հասել են Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիա, սովորել և ավարտելուց հետո վերադարձել ու աշխատել մեզ հետ։ Դա մեր դպրոցի համար մեծ հաղթանակ էր։ Մեր դպրոցի թիմային աշխատանքը միտված էր ոչ միայն Ասկերանը զարգացելու, այլ մեր հանրապետությունում մեծ համբավ ու անուն ձեռք բերելու։ Ու դա մեզ հաջողվել է։ Կիսատ ծրագրեր շատ ենք թողել։ Մեծ կոլեկտիվ էինք․ 4 մասնաճյուղում 42 աշխատող ունեինք։ Չգիտեմ ինչպես ներկայացնեմ մեր ապրած ողջ կյանքը։ Ախր մեծ դժվարությամբ ստեղծել էինք ամեն ինչ։ Մեր դպրոցը բազմաթիվ փառատոնների, մրցույթների, ցուցահանդեսների էր մասնակցում և միշտ հաղթանակով վերադառնում։ Հուսանք, որ մեր երեխաները կշարունակեն փայլել նաև այստեղ։ Բոլորը զարմանում են ու հաճախակի հարցնում՝ ո՞նց կարող են արվեստի դպրոցում այդքան բան սովորել։ Ու ես հպարտությամբ ասում եմ՝ դա մեր կոլեկտիվի բարեխիղճ ու թիմային աշխատանքի շնորհիվ է։ Ասկերանի Սուրբ Աստվածածին եկեղեցու հիմնադրման պահից ես իմ սաների հետ ծառայում էի այնտեղ։ Ցավոք, չկարողացա վերցնել շարականներն ու իմ զգեստը։
Այնքա՜ն լավ հուշեր ունենք, մարդկային այնպիսի փոխհարաբերություններ ունեինք, որոնք այսօր ապրեցնում են մեզ։ Շրջափակման ժամանակ չենք ընկճվել, հաղթահարել ենք արժանապատվորեն։ Մեր կոլեկտիվը շարունակում է իրար թիկունք լինել առայսօր։ Մինչև հիմա իմ սաները գրում են ինձ, զանգահարում․ բոլորն էլ երազում են վերադարձի մասին։
2023-ի սեպտեմբերի 19-ի արհավիրքը երբեք չի կարող մոռանալ։ Ցավ է ապրում անմեղ տղաների ու Արցախի կորստի համար․ միանգամից փոշիացավ ամեն ինչ
-2020-ին, երբ սկսվեց պատերազմը, մենք բավականին ծանր տարանք սոսկալի իրադարձությունները։ Այդ ժամանակ ժամանակավոր ապաստան գտանք Հայաստանում՝ համոզված լինելով, որ կվերադառնանք մեր տները։ Եղբայրս ու տղաս պատերազմի դաշտում էին։ Տղայիցս՝ Ավետիքից, երկար ժամանակ լուր չունեի։ Միայն 60 օր հետո հանդիպեցինք իրար։ Պատերազմի ավարտից անմիջապես հետո վերադարձանք Արցախ ու շարունակեցինք արարել։ Թվում էր՝ ամեն ինչ հունի մեջ կընկնի, սակայն 3 տարի անց մեր դրախտավայրը մենք կորցրինք։ Մեզ վտարեցին անտեղից։ Այդքան տարվա մեր ստեղծածը, անունը, հարգանքն ու ապրելակերպը մեկ րոպեում ջնջվեցին ու ավերվեցին։ Դարձանք հողից արմատախիլ արված ծառ, որը չգիտի, թե որտեղ խրի իր արմատները վերստին ոտքի կագնելու համար։
Սեպտեմբերի 19-ը արցախահայության համար ճակատագրական եղավ։ Սովորական օր էր․ գնացել էինք աշխատանքի, ու հանկարծ ուժգին ձայներ լսեցինք։ Հասկացանք, որ կրկին պատերազմ է սկսվել։ Չգիտեի՝ սեփական երեխաներիս մասի՞ն մտածեի, սաների՞ս, թե՞ աշխատողներիս։ Վազելով բոլորս իջանք նկուղ։ Ամբողջ ուշք ու միտքս թոռնուհուս վրա էր, ով դպրոցի նախակրթական խմբում էր։ Վազելով գնացի դեպի այնտեղ․ լրիվությամբ ինձ կորցրել էի և ամբողջ ճանապարհին երեխային էի կանչում։ Երբ հասա, պարզվեց, որ հարսս արդեն երեխային տուն է տարել։ Լսում էի դաստիարակների ձայնը, բայց նրանց չէի տեսնում։ Մի կերպ հետ դարձա դպրոց․ ծնողներն արդեն տարել էին իրենց երեխաներին, աշխատողներս ևս գնացել էին տուն։ Հետո սկսվեց քաոսը, որն անհնարին է մոռանալ երբևէ։ Ասկերանի բնակչության զգալի մասն ապաստան էր գտել միջնակարգ դպրոցի նկուղում։ Մենք ևս գնացինք այնտեղ։ Կեսօրից հետո ռուս խաղաղապահների միջոցով կազմակերպվեց մարդկանց տարհանումը Ստեփանակերտի օդանավակայան։ Կարծելով, թե դա է մեր փրկությունը, մենք նույնպես տեղափոխվեցինք այնտեղ։ Մտածում էինք, որ ժամանակավոր է, շուտով կվերադառնանք։ Առաջին մեքենայով գնացինք․ դեռևս շատ մարդ չկար այնտեղ։ Հետզհետե սկսվեց մարդկանց հոսքը տարբեր տեղերից․ անօգնական տարեցներ, լացող երեխաներ, խուճապահար մարդիկ։ Մարդկանց բազմության մեջ օդն արդեն չէր հերիքում։ Գիտակցեցի, որ ամենասարսափելին է տեղի ունենում․ մարդիկ պատրաստվում են գաղթելու։
Անահիտ Բադալյանը, թեկուզ մի քանի օր է մնացել Ստեփանակերտի օդանավակայանում, բայց որոշ դրվագներ դրոշմվել են հավիտյան
-Օդանավակայանից մի օր դուրս եկա՝ տանից երեխաներիս համար հագուստ և սնունդ բերելու։ Երբ հետ եկա, ռուս խաղաղապահներն ինձ չէին թողնում մտնել ճամբար (այդ տեղամասը ես այդպես եմ համարում)։ Մեր միջև խոսքակռիվ սկսվեց։ Չհամբերեցի ու ասացի՝ դուք դեռ մեր հողի վրա եք կանգնած, մի՛ մոռացեք դա։ Նրանք լռեցին։ Այդ պահին նայեցի կողքիս ու տեսա, որ մի աղջիկ իր հայրիկի հետ գետնին նստած հաց են ուտում, ու աչքս ընկավ թոնրահացին։ Սիրտս մղկտաց, հիշեցի, որ երեխաներս հաց չունեն այդ պահին։ Ամաչելով՝ Խնապատի մասնաճյուղի իմ աշակերտուհուն՝ Ալյոնային խնդրեցի այդ մարդկանցից թոռնիկիս համար մի քիչ հաց խնդրել։ Ալյոնան զոհված Սարմենի քույրն է։ Այնքան ազդեցիկ ու հուզիչ էր այդ պահը, որ իրար գրկել ու լացում էինք երկար։ Այդ հացով կշտացան երեխաներս։ Ես այդ տեսարանները երբեք չեմ մոռանա․․․
Ասկերանից հեռացել են սեպտեմբերի 27-ին ու բռնել գաղթի ճանապարհը
-Օդանավակայանից նորից գնացինք տուն․ տղաս արդեն եկել էր դիրքերից։ Սեփական մեքենա չունեինք։ Տղայիս ընկերը մեզ տրամադրեց իր մեքենան, որն այնքան էլ սարքին չէր։ Վերցրինք երեխաների համար ամենաանհրաժեշտը։ Ես համբուրեցի մեր տան դուռը և խոսք տվեցի մի օր վերադառնալ։ Սեպտեմբերի 27-ին մեր ընտանիքը ևս բռնեց գաղթի ճանապարհը։ Վերջիններից էինք, որ դուրս եկանք Ասկերանից։ Վտանգավոր էր արդեն․ թշնամին Ասկերանի տարածքում էր։ Երբ շարժվեցինք դեպի Ստեփանակերտ, ճանապարհի երկու կողմերում մինչև ատամները զինված ադրբեջանցիներ էին կանգնած․ 8 հոգի էին։ Մեզ կանգնեցրին, որ մեքենան ստուգեն։ Աչքիս առաջ եկավ հայոց պատմությունն ու Եղեռնը։ Աստծուն աղերսում էի պահպանել ընտանիքս։ Գլխումս մի միտք էր միայն․ եթե մեզ հետ մի բան լիներ, ոչ ոք այդպես էլ չէր իմանա դրա մասին։ Բարեբախտաբար, Աստված գթաց, ու մեզ բաց թողեցին։ Այդ մի քանի րոպեների ընթացքում ես հասկացա, որ իմ ընտանիքի ճակատագիրը թելից էր կախված։ Երեք օր շարունակ ճանապարհ եկանք։ Ամեն կերպ ցանկանում էի ուժեղ լինել, որ տեր կանգնեմ երեխաներիս։ Մեր մասին տեղեկություն չուներ Երևանում ապրող աղջիկս՝ Անժելան։ Հետո լսեցինք, որ մեր ասկերանցի Տիգրանն է նրան ասել, որ ողջ ու առողջ ենք։ Հասանք Հայաստան ու հաստավեցինք Մասիս համայնքի Խաչփառ գյուղում։ Աստծուց շնորհակալ եմ, որ երեք պատերազմ տեսած եղբորս ու տղայիս ողջ առողջ տուն բերեց։ Սիրտս մղկտում է, որ չհասցրի անգամ այցելել հորս գերեզմանին ու հրաժեշտ տալ նրան։ Հույս ունեմ, որ Աստված մեր դրախտավայրը կվերադարձնի մեզ։ Շատ եմ ափսոսում մեր տղաների համար։ Նրանց հոգիները կխաղաղվեն, երբ ամեն ինչ վերադառնա իր տեղը։
Հայաստանում հաստատվելուց հետո տիկին Անահիտը սկսել է ձեռքի աշխատանքներով եկամուտ ստեղծել
-Սկզբից փորձեցի աշխատել կարի ֆաբրիկայում, այնուհետև՝ ջերմոցներում։ Սակայն առողջությանս վատթարացման պատճառով չկարողացա շարունակել։ Երեխաներս արգելեցին աշխատել ու առաջարկեցին տանը զբաղվել ձեռքի աշխատանքներով։ Մանկուց սիրում էի գործել, ստեղծագործել ու նվիրել իմ ձեռքի աշխատանքները մտերիմներիս (ավելի քան 45 տարի): Իմ աշխատանքները, որոնք ինձ համար հոբբի էին, վերջին ժամանակահատվածում ծառայել են որպես լրացուցիչ եկամտի աղբյուր։ Տեղահանումից հետո աղջիկս առաջարկեց ստեղծել մեր բրենդը։ Գաղափարը ծագեց 2023-ի հոկտեմբերին, ու այդպես ծնվեց մեր «Հելիուն» բրենդն ու հիմնվեց օնլայն խանութը։ Ինչու Հելիուն, որովհետև իմ հիմնական գործիքը հելյուն գործիքն է: Աշխատում ենք գրեթե մեկ տարի։ Հասցրել ենք ճանաչվել, սիրվել․ մեր արտադրանքը մեծ պահանջարկ ունի։ Համոզված եմ, որ ճանաչում ձեռք կբերենք ոչ միայն Հայաստանում, այլ նաև նրա սահմաններից դուրս: Բիզնեսը ընտանեկան է․ արտադրում եմ ես, վաճառում է աղջիկս՝ Անժելա Բադալյանը: Կարիք ունենք կարի մեքենայի, սարքավորումների։ Մտադիր ենք բիզնեսի սահմաններն ընդլայնելուց հետո նաև ներգրավել ընտանիքի մյուս անդամներին՝ մայրիկիս, հարսիս, տղայիս և փեսայիս: Տարիների ընթացքում ստեղծած իմ և իմ ամբողջ կոլեկտիվի ձեռագործ գլուխգործոցների 90 տոկոսը մնաց Ասկերանի արվեստի դպրոցի պատերի ներսում:
«Վըսկե Ծերքեր» փառատոնը մեզ մեծ հնարավորություն տվեց հանրությանը ներկայացնելու մեր բրենդը, որն այդ կարճ ժամանակահատվածում հասցրեց սիրվել և գնահատվել, ինչի համար շնորհակալ ենք արցախցի մեր աղջիկներին, կազմակերպիչներին։ Գիտենք, որ այն շարունակական կլինի, և մենք սիրով կպատրաստվենք ավանդույթ դարձած այդ փառատոնին՝ էլ ավելի բազմազան և հետաքրքիր տեսականի ներկայացնելով: Կձգտենք անել ամենը, որ չմոռացվի մեր արցախյան մշակույթը, և այն կփոխանցենք սերնդեսերունդ: Այդ ուղղությամբ մի շարք մտահղացումներ ունենք։
Մեր բրենդով մասնակցել ենք նաև արցախցիների կողմից կազմակերպված մի քանի ցուցահանդես-վաճառքի։
Անահիտ Բադալյանը մտքով ամեն օր Արցախում է՝ Ասկերանում, տանը, աշխատավայրում
-Բռնի տեղահանումից հետո ամեն օր մտովի Արցախում եմ, իմ հարազատ Ասկերանում։ Քայլում եմ փողոցներով, զրուցում հարազատներիս, ընկերներիս ու հարևաններիս հետ և խնդրում Աստծուն, որ մեզ կարոտ չթողնի հայրենի հողին։ Խաչփառ գյուղում մեզ շատ լավ են ընդունել, հոգատար և ուշադիր են մեր հանդեպ, սակայն մենք դժվարությամբ ենք հարմարվում իրականությանը։ Մեզանից անկախ անընդհատ համեմատությունների մեջ ենք։ Անչափ կարոտում ենք մեր կյանքը, անգամ՝ շրջափակման ժամանակահատվածը: Թոռնուհիս՝ Մանանան, որտեղ Արցախի դրոշ է տեսնում կամ երգեր է լսում Արցախի մասին, հարցնում է՝ ե՞րբ ենք վերադառնալու։ Ինչպես նրան ասեմ, որ մենք արմատախիլ արած ծառ ենք․․․
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ