Հուշապաստառ Աշանում՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմի զոհերի
Մայիսի 8-ին ՀՅԴ Արցախի երիտասարդական միության նախաձեռնությամբ Մարտունու շրջանի Աշան գյուղում տեղադրվել է 2020թ. 44-օրյա պատերազմում զոհված Աշանցիների հիշատակը հավերժացնող հուշապաստառ:
Միջոցառմանը ներկա էին ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամներ, կուսակցականներ, ՀՅԴ Արցախի երիտասարդական միության անդամներ, զոհերի հարազատներն ու գյուղացիները:
Միջոցառումը մեկնարկել է Աշանի ՀՕՄ «Սոսե» մանկապարտեզի սաների և Աշանի «Անիթա Հովսեփյանի» անվան միջնակարգ դպրոցի աշակերտների համատեղ գեղարվեստական ներկայացմամբ, իսկ ավարտին ելույթ է ունեցել ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը:
Դ. Իշխանյանը իր խոսքում նշեց, որ աստվածաշնչյան, մարգարեական «հույսը չի ամաչեցնում» արտահայտությունը մեր ժողովրդի համար պետք է դառնա հիմնական ուղի:
«Շուշիի ազատագրման օրը մեկ անգամ ևս պետք է ասենք, որ հույսը չի ամաչեցնում մեզ»,-ասել է Դ. Իշխանյանը:
Դավիթ Իշխանյանը նշեց նաև, որ բոլորը պարտավորված պետք է զգան իրենց և այդ պարտավորությունը այս նահատակ տղաների գործը շարունակելը պետք է լինի:
Միջոցառման ավարտին ներկաներն այցելել և ծաղիկներ են խոնարհել Աշան գյուղի հուշահամալիրում: