Հուշ-երեկո՝ նվիրված Վիգեն Գրիգորյանի 70-ամյակին
Այսօր՝ օգոստոսի 26-ին, Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի ունեցավ Արցախյան պատերազմի ակտիվ մասնակից, ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր, Մարտական խաչ 2-րդ աստիճանի ասպետ Վիգեն Գրիգորյանի 70-ամյակին նվիրված հուշ-երեկո:
Միջոցառմանը ներկա էին Վիգեն Գրիգորյանի ընտանիքի անդամները, հարազատները, մարտական և գաղափարական ընկերները, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամներ և կուսակցականներ, ՀՅԴ Արցախի երիտասարդական միության անդամներ, ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը, զինվորականներ, հադրութցիներ:
Վիգեն Սամվելի Գրիգորյանը ծնվել է 1951թ. օգոստոսի 8-ին Հադրութի շրջանի Տող գյուղում: Լեզվի և գրականության ուսուցիչը ազգային ոգու արժեքը բոլորից լավ գիտեր և որպես ուսուցիչ էլ լավ գիտեր, որ սովորեցնելու ամենակարճ և ամենահամոզիչ տարբերակը անձնական օրինակն է: Երբ սկսվեց թափ հավաքել ազգային-ազատագրական շարժումը, Վիգենը առաջին շարքերում էր և ոչ թե պարզապես սովորեցնում էր, դաս էր տալիս, այլ օրինակ էր ծառայում: Հադրութում շարժման ակտիվիստներից առաջինն էր: Նա ընդհատակում, իսկ 1988-ից արդեն հրապարակում էր: Սակայն 1988-ի սկզբին էլ արդեն իմացողները հասկանում էին, որ հայերի խաղաղ պահանջատիրությանը զենքի ուժ էր հակադրվելու:
1988-ի աշնանը Տողը պաշտպանելու համար ստեղծվեց ինքնապաշտպանական ջոկատ՝ «Վրեժ»-ը: Ուսուցիչ ընկեր Գրիգորյանը, որ այն ժամանակ արդեն շարժման ակտիվիստ Վիգենն էր, դարձավ ֆիդայի: Ավելի ուշ Վրեժը դարձավ նրա մականունը: Այսպես ծնվեց Վրեժ Վիգենը:
Նա դաշնակցական էր ու Արթուր Մկրտչյանի մտերիմ ընկերը: Միմյանց հասկանում էին կես խոսքից, շատ անգամ նույնիսկ առանց խոսքի: Եվ պայքարում էին միասին, առնվազն հանուն այն երազանքի, որը տեսանելի էր իրենց համար:
Շատերի համար դեռ պայքարը ցույցերի տեսք ուներ, երբ իրավիճակը ռեալ գնահատողները պատրաստվում էին անխուսափելի փուլին՝ պատերազմին: Ընդհատակ անցած ու հետապնդվող Վիգենը ոչ մի օր չէր կորցնում: Հայրենի Տողը վտանգված էր: Պաշտպանությունից հարձակման անցնել և պապենական օրրանը ազատագրել էր անհրաժեշտ: 1991թ հոկտեմբերի 31-ին իրականացվեց Տողի ազատագրումը: Սա սկիզբն էր: Դրան զուգահեռ քաղաքական ու պետականաշինական գործընթացն էր առաջ ընթանում: 1991թ հոկտեմբերի 28-ի ընտրություններում Վիգեն Գրիգորյանն ընտրվել է Արցախի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավոր:
Միջոցառման սկզբին ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին բոլոր նահատակների հիշատակը:
Գաղափարակից ընկերոջ մասին խոսք ուներ ասելու դաշնակցական Լեռնիկ Հովհաննիսյանը.
«Վիգեն Գրիգորյանը դաշնակցական էր: Նրա մեջ միավորված էր մտավորականը՝ գրիչի տեսքով, սուրը՝ զինվորականի տեսքով: Նա նաև միավորեց բահը՝ աշխատավոր մարդու խորհրդանիշը: Նա այդ եռամիասնությամբ կարողացավ ազատագրել հայրենիք, որը վտանգված էր: երբ 1992թ. դեկտեմբերի 1-ին ՀՅԴ Բյուրոյի որոշմամբ ստեղշվեց ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեն, նրա անդամներից մեկը բնականաբար պետք է լիներ Վիգեն Գրիգորյանը: Այդ Կենտրոնական կոմիտեի համար 1993թ. ճակատագրական եղավ, որովհետև 7 անդամից 2-ը զոհվեցին. Վիգեն գրիգորյանը ապրիլի 5-ին, օգոստոսի 23-ին՝ Մերուժան Մոսիյանը: Եվ Վիգեն Գրիգորյանը իր նկարով բոլորիս պատգամում է. «Ես չթողեցի. որ իմ հայրենիքը գերի մնա և ես հաղթեցի»: Ծնունդդ շնորհավոր, հերո՛ս»:
Միջոցառմանը ելույթ ունեցավ նաև ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը, ով իր խոսքում ասել է.
«ԱՀ ԿԳՄՍ նախարարությունը որոշել է նշել Վիգեն Գրիգորյանի ծննդյան 70-ամյակը, որպեսզի օրակարգ բերենք մեծ մանկավարժի և մեծ տնօրենի կերպարը: Մենք սրանով ցանկացել ենք մանկավարժի մշակույթ բերել նրա մեծատառով մարդ լինելը, նրա հայրենասիրությունը, որն իմ ընկալմամբ սոսկական զգացմունք չէ, այլ հայրենիքոտություն է, հայրենապաշտություն է, ինքնահաղթահարում է, մեծագործություն է, առաքինացում է ու այս շարքը կարելի է երկար շարունակել: Ես մեծ սիրով ու սրտի թրթիռով եմ ծանոթացել նրա կենսագրությանը՝ սկզբից մինչև վերջ, որը իմ կարծիքով խիզախումներով լի է:
Նա արժանապատվությամբ է հաղթահարել բոլոր մարտահրավերները՝ մանկավարժ, տնօրեն, քաղաքական գործիչ, ռազմիկ: Մեզ իրականում փոխառյալ արժեքներ պետք չեն: Ահա այն մնայուն, այն ստատիկ մեծ արժեքը, որով մեր ազգային դիմադրողականության ու դիմացկունության մակարդակը կարող ենք բարձրացնել:
Տողը չկա: Ցասումը հնարավոր չէ զսպել, բայց մենք Վիգեն Գրիգորյանների շնորհիվ մենք դառնում ենք Ավետիս Ահարոնյանի «հոգու գրանիտե պատը»: Մեզ իրականում հնարավոր չէ շրջանցել: Այս ամենը չար էպիզոդ է, որտեղ մենք ապրում ենք և մենք պարտավոր ենք վերադառնալ ու ապրել այն արժեքներով, ինչ մեզ փոխանցում են Վիգեն Գրիգորյանի նմանները:
Ես արժեվորում եմ այս երեկոն, որովհետև սա Վիգեն Գրիգորյանի տեսակի հետ մերձենալու, նրա պես մտածելու, հայրենիքը էություն դարձնելու հնարավորություն է:
Վիգեն Գրիգորյանի մի մասնիկը աշխատում է մեզ հետ՝ ԱՀ ԿԳՄՍ նախարարությունում և մենք ամեն օր շփվում ենք նրա տեսակի հետ:
Փա՛ռք Վիգեն Գրիգորյանին, հազար փա՛ռք»:
Միջոցառմանը հանդիսատեսի դատին հանձնվեց նաև «Տողի Վիգեն / Վրեժ» ֆիլմը՝ նվիրված Վիգեն Գրիգորյանի ծննդյան 70 ամյակին:
Հուշ-երեկոն ավարտվեց ազգային-հայրենասիրական երգերով ու նվագներով: