Հուշ-երեկո՝ նվիրված արցախցի քանդակագործ Գոռ Իսրայելյանի հիշատակին
Գլխավոր » Լրահոս » Հուշ-երեկո՝ նվիրված արցախցի քանդակագործ Գոռ Իսրայելյանի հիշատակին

Հուշ-երեկո՝ նվիրված արցախցի քանդակագործ Գոռ Իսրայելյանի հիշատակին

Համազգայինի Արցախի գրասենյակի կողմից կազմակերպված հուշ-երեկոն նվիրված էր Արցախի շնորհալի երիտասարդներից մեկի՝ քանդակագործ Գոռ Իսրայելյանի վառ հիշատակին։

Ներկա էին Գոռի հարազատները, մտերիմները, մարտական և ուսանողական ընկերները, անվանի նկարիչներ ու քանդակագործներ։

Հուշ-երեկոն սկսվեց Արցախի օրհներգով։

Համազգայինի Արցախի գրասենյակի պատասխանատու Հերմինե Ավագյանը, ողջունելով ներկաներին, ասաց․

— Այսօր՝ հունիսի 10-ին, Գոռը կդառնար 30 տարեկան։ Շնորհավոր երկնային ծնունդդ, Գոռ, թող քո կիսատ թողած ճանապարհը անցնենք արժանապատվորեն՝ հավատարիմ մնալով Հայրենիքին ծառայելու, Հայրենիքին նվիրվելու քո թողած պատգամին։

Գոռ Մասիսի Իսրայելյանը ծնվել է 1994 թ․ հունիսի 10-ին, Արցախի Մարտակերտի շրջանի Թբլղու գյուղում։ Սովորել է գյուղի տարրական, ապա Քոլատակի միջնակարգ դպրոցներում։ 2012 թ․ ընդունվել  է ԱրՊՀ մանկավարժական ֆակուլտետի կերպարվեստ և գծագրություն բաժինը։ 2013 թ․ զորակոչվել է ԼՂՀ ՊԲ շարքեր։ Ծառայության ընթացքում պարգևատրվել է «Հայոց բանակի գերազանցիկ» և «Քաջարի մարտիկ» կրծքանշաններով։ Զորացրվելուց հետո շարունակել և գերազանց ավարտել է բակալավրիատը։

2016 թ․ ապրիլի 2-ից կամավոր մասնակցել է քառօրյա պատերազմին և դիրքերից իջել միայն մայիսի 30-ին։ Պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

2017 թ․ Շուշի քաղաքում մասնակցել է Արցախի երիտասարդ նկարիչների կողմից կազմակերպված ցուցահանդեսին՝ ներկայացնելով 3 աշխատանք, իսկ 2018 թ․ Ստեփանակերտի պատկերասրահում կազմակերպված ցուցահանդեսին ներկայացել է արդեն 6 աշխատանքներ,ով, որից մեկը՝ գունանկար։

2019 թ․ ընդունվել է ԱրՊՀ Կերպարվեստ բաժնի մագիստրատուրան։

2020 թ․ 44-օրյա պատերազմի ժամանակ Գոռը կրկին կամավոր էր։ Նա շեշտում էր, որ այս կռիվը վճռորոշ է լինելու, և այդ գիտակցումով մեկնել է ռազմադաշտ ու մինչև վերջին պահը մնացել այնտեղ։ Նա մեկն էր այն հազարավորներից, որ առաջնորդվել է այն գիտակցումով, որ իրենք չեն պարտվել, պարտվել են նրանք, ովքեր մինչև այսօր չգիտեն, թե ինչ է Հայրենիքն ու նրան նվիրվելը։

Գոռի մասին հիշողություններով կիսվեց նրա դասախոս, ԱՀ վաստակավոր նկարիչ Լավրենտ Ղալայանը․

-Դժվար է անցյալով խոսել մի երիտասարդի մասին, որը արվեստագետների և անձամբ իմ ընտանիքի սիրելին էր։ Տաղանդավոր էր, անմնացորդ աշխատասեր։ Որոշել էի՝ հերթափոխության ժամանակ նրան ներգրավել մեր թիմում․ արժանի երիտասարդ արվեստագետ էր։ Ուներ արտակարգ հիշողություն, անգիր գիտեր Երևանի ցանկացած հուշարձանի տեղն ու ծագումը։ Լավ հաշվարկներ էր անում և մեծ հեռանկարներ ուներ նաև գծանկարչության մեջ։ Առաջարկել էի դառնալ նկարիչների ու քանդակագործների միության անդամ ու միշտ ասում էի, որ երբեք չպետք է մնա միջակության մեջ, քանի որ նրան մեծ ապագա էր սպասում։

Գոռը իր շրջապատի համար հրաշալի մարդ էր, Հայրենիքի պաշտպանության գործում՝ լավ զինվորական, ընտանիքին նվիրված ամուսին ու հայր։ Իմ աչքի առաջ է ծնվել նրա ու մյուս ուսանողուհուս՝ Անժելիկայի սիրո պատմությունը։ Երբ պատրաստվում էր ամուսնության առաջարկություն աներ, ուրախալի լուրը նախ ինձ հետ կիսեց։ Այդ գեղեցիկ զույգը բավականին լավ ծագում ուներ, և ձևավորվեց հրաշալի մի ընտանիք։ Ցավում եմ Գոռի կորուստը, մենք կորցրինք լավ մարդու և ապագա փայլուն արվեստագետի։

2023 թ․ օգոստոսին Գոռը ծառայության է անցել ԱՀ ԱԱԾ՝ որպես ԱԹՍ-ների օպերատոր։ Ուներ լեյտենանտի կոչում։ Սեպտեմբերի 19-ին, երբ սկսվեց պատերազմը, ԱՀ պետական սահմանը պաշտպանելիս ծանր վիրավորում է ստանում և սեպտեմբերի 22-ին անմահանում։ Հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով։

Հուզմունքով ու ցավով էր պատված Գոռի ծառայակից ընկեր Հրանտ Ջալավյանի սրտի խոսքը․

-Մինչև այստեղ գալս՝ հիշողությունների մեջ էի։ Մտաբերում էի Գոռի հետ ծառայած ամեն մի օրն ու պահը։ Ընկերասեր էր, ազնիվ, պատասխանատու։ Ամենօրյա ծառայությունը կատարում էր զենքը պատրաստ պահելով։ Չափազանց հայրենասեր էր, կենսուրախ, երբեմն էլ բռնկվող, սակայն բարեսիրտ ու սրտացավ։ Նրա միակ որդուն պետք է միշտ պատմենք իր հայրիկի նվիրվածության մասին, որ մեծանա ու նրան արժանի զավակ դառնա։ Մեծ ցավ եմ ապրում, որ Գոռը ֆիզիկապես մեզ հետ չէ, սակայն մենք միշտ կզգանք նրա ներկայությունը։

Արվեստագետ Արման Գրիգորյանը, որը Գոռի հետ ծանոթացել է 2022 թ․ Ստեփանակետի պատկերասրահում կազմակերպված ցուցահանդեսի ժամանակ, մեծ տպավորություններ էր ստացել երիտասարդ արվեստագետից։ <<Թեև կարճ ժամանակ եմ ճանաչել նրան, սակայն կարողացել եմ բացահայտել նրա լավագույն մարդկային հատկանիշներն ու տաղանդը։ Կարող էր ժամերով խոսել արվեստի գործերից, քննարկել դրանք, ուներ ստեղծագործելու յուրահատուկ ոճ։ Մեծ հպարտությամբ ու ջերմությամբ էր խոսում մորական պապիկի՝ Վաղարշակ Գաբրիելյանի մասին, ով կարևոր դեր է ունեցել իր կյանքում։ Գոռի կորուստը շատ անսպասելի ու ցավալի է ինձ համար>>,-ասում է Ա․ Գրիգորյանը։

Հուշ-ցերեկոն ուղեկցվում էր Երևանի կոնսերվատորիայի սաների՝ Ռիմմա Մարտիրոսյանի, Արեն Հովսեփյանի և Հայկ Ավետիսյանի գեղեցիկ կատարումներով։ Փոքրիկ սրահը արցախյան շնչով էր լցված։ Կարոտ ու թախիծ միահյուսվել էին իրար։ Գոռի կինը, հարազատները լռելյայն լսում էին հարազատի մասին ասվող խոսքերը, ներքուստ հպարտանում, սակայն միևնույն է՝ ցավից մղկտում էր նրանց սիրտը, իսկ արցունքները հոսում էին անդադար։ Իսկ Գոռի որդին՝ փոքրիկ Հայկը, վազվզում էր, փարվում մորն ու անմեղ հայացքով նայում հոր լուսանկարին։

Գոռի ուսանողական ընկերուհի Սյուզի Բաղդասարյանը չէր կարողանում զսպել հույզերը։ Նրա համար Գոռը կատարելության տիպար էր, անփոխարինելի ընկեր։ Համակուրսեցիներ էին Գոռի ու Անժելիկայի հետ։ Շատ էին մտերիմ։ Սյուզին միշտ հիանում էր օրինակելի այդ ընտանիքով, որի մշտական հյուրն էր ինքը։ Նա հիշում է Գոռի տված բոլոր խորհուրդները, ցավ ապրում, որ Գոռն իրենց հետ չէ այլևս։ Ապա ներկաներին ցույց է տալիս Գոռի ձեռքերով պատրաստած գործիքները, որոնք, որպես սուրբ մասունքներ, բերել է Արցախից։

Համազգայինի Արցախի գրասենյակի հոգաբարձուների խորհրդի անդամ, հերոսածին հայր Միքայել Հաջիյանը երկու զոհված որդիների կորստյան ցավով խոնարհումի իր խոսքն ուղղեց Գոռի հարազատներին՝ կիսելով նրանց կորստի ցավը։ Միաժամանակ նա հորդորեց, որ անկախ ամեն ինչից, պետք է շարունակել ապրել։ Արցախցին պետք է ապրի՝ հանուն սերունդների ու Արցախ վերադարձի։

Միջոցառման մասնակիցները դիտեցին Գոռի մասին պատմող տեսանյութը, նորովի ծանոթացան նրա կերպարին։ Ինչքա՜ն երազանքներ ու նպատակներ ուներ երիտասարդ քանդակագործը, ինչքա՜ն էսքիզներ մնացին անկատար: Գոռը մտքերն արտահայտում էր փայտի, քարի, երկաթի մոջոցով։ Նրա գործերում ակնհայտ էր հոգու ճիչը։

Ցավոք, Անժելիկային չի հաջողվել փրկել Գոռի քանդակները, դրանք մնացել են Գոռի հետ՝ սրբավայր Արցախում։ Մնացել են որպես վերադարձի մի հույս, որ երբեք չի մարի մեր սրտերում։

Հուշ-երեկոն ավարտվեց Մայր Հայաստանի օրհներգով։

Կարիինե ԲԱԽՇԻՅԱՆ

1