Հուշ-ցերեկույթ՝ նվիրված հերոսացած տղաների հիշատակին
Մայիսի 25-ին Ստեփանակերտի Խաչատուր Աբովյանի անվան թիվ մեկ դպրոցում տեղի է ունեցել հուշամրցաշար և հուշ-ցերեկույթ՝ նվիրված 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմում զոհված նախկին շրջանավարտներին հիշատակին:
Միջոցառմանը ներկա էին հերոսացած տղաների ծնողներն ու դասընկերները, ԱՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Միքայել Համբարձումյանը, զինվորներ, ուսուցիչներ, աշակերտներ:
Ներկաները ծաղիկներ են խոնարհել դպրոցի բակում տեղադրված հուշակոթողին, այնուհետև մասնակցել են հրաձգության և ինքնաձիգի քանդում-հավաքում վարժաձևի հուշամրցաշարին, իսկ ապա ներկա են գտնվել դպրոցի դահլիճում կազմակերպված հուշ-ցերեկույթին:
Հուշ-ցերեկույթը մեկնարկին ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են բոլոր նահատակների և դպրոցի նախկին շրջանավարտներ՝ Էդուարդ Ադամյանի, Արազիկ Սարգսյանի, Դավիթ Գասպարյանի, Մխիթար Առստամյանի, Գրիգորի Թումասյանի, Ալբերտ Ծատրյանի, Լևոն Հովսեփյանի, Զորիկ Շահրամանյանի, Դավիթ Խոսրովյանի, Միքայել Խաչատրյանի, Ավետիս Պուլուզյանի հիշատակը:
«Տղաները մեր հիշողության մեջ կմնան հավերժ երիտասարդ, անսահման հայրենասեր, չափազանց լավատես: Նրանք ներկա և ապագա սերունդների հերոս հայի օրինակն են, ովքեր իրենց հերոս նախնիների ճամձան բռնեցին ու անմահացան»,- բացման իր խոսքում նշեց սովորողների հետ դաստիարակչության գծով կազմակերպիչ Անուշ Ավանեսյանը:
Հուշ-ցերեկույթը բեմականացմամբ շարունակել են դպրոցի աշակերտներ, այնուհետև ելույթի խոսքով հանդես են եկել նահատակված տղաների ուսուցիչները, դասընկերները, դպրոցի տնօրենը, ԱՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Միքայել Համբարձումյանը, Միքայել Խաչատրյանի հայրը:
Հուշ-ցերեկույթի ավարտին դպրոցի տնօրեն Լենա Ավանեսյանը պարգևատրել է հուշամրցաշարում մրցանակային տեղեր զբաղեցրած աշակերտներին: