Հուշ-ցերեկույթ՝ նվիրված հերոսացած տղաների հիշատակին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Հուշ-ցերեկույթ՝ նվիրված հերոսացած տղաների հիշատակին

Հուշ-ցերեկույթ՝ նվիրված հերոսացած տղաների հիշատակին

Մայիսի 25-ին Ստեփանակերտի Խաչատուր Աբովյանի անվան թիվ մեկ դպրոցում տեղի է ունեցել հուշամրցաշար և հուշ-ցերեկույթ՝ նվիրված 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմում զոհված նախկին շրջանավարտներին հիշատակին:

Միջոցառմանը ներկա էին հերոսացած տղաների ծնողներն ու դասընկերները, ԱՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ   Միքայել Համբարձումյանը, զինվորներ, ուսուցիչներ, աշակերտներ:

Ներկաները ծաղիկներ են խոնարհել դպրոցի բակում տեղադրված հուշակոթողին, այնուհետև մասնակցել են հրաձգության և ինքնաձիգի քանդում-հավաքում վարժաձևի հուշամրցաշարին, իսկ ապա ներկա են գտնվել դպրոցի դահլիճում  կազմակերպված հուշ-ցերեկույթին:

Հուշ-ցերեկույթը մեկնարկին ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են բոլոր նահատակների և դպրոցի նախկին շրջանավարտներ՝  Էդուարդ Ադամյանի, Արազիկ Սարգսյանի, Դավիթ Գասպարյանի, Մխիթար Առստամյանի,  Գրիգորի Թումասյանի, Ալբերտ Ծատրյանի, Լևոն Հովսեփյանի, Զորիկ Շահրամանյանի, Դավիթ Խոսրովյանի, Միքայել Խաչատրյանի, Ավետիս Պուլուզյանի հիշատակը:

«Տղաները մեր հիշողության մեջ կմնան հավերժ երիտասարդ, անսահման հայրենասեր, չափազանց լավատես: Նրանք ներկա և ապագա սերունդների հերոս հայի օրինակն են, ովքեր իրենց հերոս նախնիների ճամձան բռնեցին ու անմահացան»,- բացման իր խոսքում նշեց սովորողների հետ դաստիարակչության գծով կազմակերպիչ Անուշ Ավանեսյանը:

Հուշ-ցերեկույթը բեմականացմամբ շարունակել են դպրոցի աշակերտներ, այնուհետև ելույթի խոսքով հանդես են եկել նահատակված տղաների ուսուցիչները, դասընկերները, դպրոցի տնօրենը, ԱՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ   Միքայել Համբարձումյանը, Միքայել Խաչատրյանի հայրը:

Հուշ-ցերեկույթի ավարտին դպրոցի տնօրեն Լենա Ավանեսյանը պարգևատրել է հուշամրցաշարում մրցանակային տեղեր զբաղեցրած աշակերտներին:

1