Հուշ-ցերեկույթ՝ 2023-ի սեպտեմբերի 25-ի պայթյունի զոհերի հիշատակին
Երևանի Երազ այգում կազմակերպված հուշ-ցերեկույթը հարգանքի տուրք էր 2023-ի սեպտեմբերի 25-ի չարաբաստիկ պայթյունի անմեղ զոհերի հիշատակին։ Միջոցառումը նախաձեռնել ու կազմակերպել է մեր հայրենակից, երևանաբնակ Սյուզի Հայրումյանը։
Նախաձեռնությանը միացել ու օժանդակել են մի շարք հովանավորներ և առանձին անհատներ, որոնք անտարբեր չեն արցախցիներին պատուհասած արհավիրքի հանդեպ։ Արցախից տեղահանվելուց հետո առաջին անգամ մեկ վայրում հավաքվել էին նույն ցավով տառապող և իրար վիշտ կիսող արցախցիները։ Պայթյունին զոհ դարձածների հարազատները բառեր չէին գտնում հայտնելու այն մեծ երախտագիտությունը, որ ունեն կազմակերպիչների հանդեպ։ Նրանք հնարավորություն ունեցան հանդիպելու, իրար ճանաչելու և միմյանց սփոփելու համար։
Հուշ-ցերեկույթն սկսվեց Արցախի և Հայաստանի օրհներգներով։ Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհերի հիշատակը։ Նրանք զոհվել են, որովհետև ցանկանում էին րոպե առաջ ընտանիքները դուրս բերել վտանգված Հայրենիքից ու կյանքեր փրկել։
Ընդամենը մեկուկես ամիս առաջ է միտքը ծագել Սյուզի Հայրումյանի մոտ, և նա անմիջապես կապվել է որդեկորույս մայր Գայանե Զաքիյանի հետ։ Ստանալով նրա պատրաստակամությունը՝ սկսվել է թիմային մեծ աշխատանք։ Կցվել են նաև զոհերի հարազատները։
Սյուզի Հայրումյանը, ողջունելով ներկաներին, ասաց․
-Մեծ ցավ ենք ապրում և կիսում ձեր վիշտը։ Այս մտահղացման նպատակը բոլորիս մեկ վայրում հավաքվելը, իրար մոտիկից ճանաչելը և նույն ցավով ապրելն է։ Ես ցանկանում եմ, որ դուք իմանաք՝ մենակ ու անօգնական չեք։ Իհարկե, շատ դժվար է, բայց հույս ունեմ, որ կկարողանաք հաղթարահել բոլոր դժվարությունները։ Ուժ, առողջություն և խաղաղ երկինք եմ մաղթում բոլորիդ։ Շնորհակալություն եմ հայտնում մեր թիմին՝ ջանք չթափելու և միջոցառումը պատշաճ ներկայացնելու համար։
Գայանե Զաքիյանի խոսքում հուզմունքն ու կարոտը մեկտեղվել էին իրար, միաժամանակ նա լեցուն էր կամքի ուժով․
-Մենք պետք է հանդիպեինք ու ճանաչեինք իրար։ Այսօր այն օրն է, որ կարող ենք միասին լացել մեր հարազատների համար, սգալ նրանց կորուստը։ Սակայն մենք պետք է նաև ուժ հավաքենք․ չէ՞ որ մեր հարազատները մեզ չէին ցանկանա տկար, թույլ և հավերժ սգացող տեսնել։ Այս միջոցառումը չէր կայանա, եթե մեր կողքին չլիներ մեծ հոգու տեր, մեծատառով մարդ Սյուզի Հայրումյանը։ Բոլորիս անունից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նրան, Երազ այգու տնօրենությանը, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր մասնակցել են միջոցառման կազմակերպմանը։ Կամքի ուժ եմ մաղթում բոլորիս և խնդրում երբեք չչարանալ։ Լինենք հանդուժող և հանուն մեր զոհված հարազատների շարունակենք ապրել։ Ի վերջո, ամեն ինչի դատավորը Աստված է։
Միջոցառման վերջում արտահայտվեցին նաև զոհերի հարազատները։ Ցավը շատ խորն է, սակայն նրանք փորձում են իրենց մեջ ուժ գտնել առաջ քայլելու համար։
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ