Հուսանք, որ Սենատի որոշմանը կհաջորդեն Ֆրանսիայի կառավարության գործնական քայլերը
Գլխավոր » Լրահոս » Հուսանք, որ Սենատի որոշմանը կհաջորդեն Ֆրանսիայի կառավարության գործնական քայլերը

Հուսանք, որ Սենատի որոշմանը կհաջորդեն Ֆրանսիայի կառավարության գործնական քայլերը

ԱՀ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահրամ Բալայանի հայտարարությունը՝ նոյեմբերի 23-ին կայացած ԱՀ ԱԺ նիստի ժամանակ․

«Արցախի հիմնահարցի կարգավորման 35 տարիների ընթացքում մենք բազմիցս ականատես ենք եղել նույնօրինակ հարցերի նկատմամբ երկակի չափանիշներով մոտեցումների։ Նմանօրինակ դիրքորոշումը Արցախյան հարցի կարգավորման գործընթացը մղել է դեպի փակուղի։ Հատկապես միջազգային աշխարհակարգում ազդեցություն ունեցող երկրների կողմից այդօրինակ գործելաոճը մեզ համար կործանարար է եղել։ Ֆրանսիան այն եզակի երկրներից է, որ փորձել է դեպքերին և երևույթներին պատշաճ գնահատական տալ։ Այս համատեքստում կարելի է գնահատել նաև Սենատի՝ 2022թ․ նոյեմբերի 15-ի որոշումը։

Սենատն իր ընդունած բանաձևով դատապարտել է Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքների զինակալումը՝ պահանջելով զորքերը դուրս բերել ՀՀ սահմաններից։ Ադրբեջանի իշխանություններին և նրա դաշնակիցներին, մասնավորապես՝ Թուրքիային, կոչ է արվել հարգելու Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը՝ կարևորելով բանտերում ապօրինի պահվող հայ ռազմագերիներին ազատ արձակելու հանգամանքը։

Նկատենք, որ բանաձևով Ֆրանսիայի բարձրագույն ներկայացուցչական մարմինը կառավարությանը հորդորում էր պաշտպանության և տարածքային ամբողջականության ապահովման նպատակով բոլոր միջոցներով աջակցել ՀՀ-ին։ Միաժամանակ բանաձևը Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման վերաբերյալ եվրոպացի գործընկերներին հասցեագրված համապատասխան պահանջ-ուղերձ է պարունակում։ Ֆրանսիայի Սենատը նորից վերահաստատեց Արցախի հիմնահարցի կարգավորման հետ կապված իր որդեգրած քաղաքականությունը, մասնավորապես Արցախի Հանրապետությունը ճանաչելու և գործընթացը բանակցությունների միջոցով լուծելու վճռականությունը։

Որպես այդ գործընթացի գործնական նախասկիզբ, Սենատը կառավարությանը հորդորում է դիտարկել ԱՀ-ում մարդասիրական գրասենյակ ստեղծելու հարցը։ Բնականաբար այն կարծիքին չեմ, որ մեկ բանաձևի ընդունումով կլուծվեն հայությանը հուզող բոլոր հարցերը, այնուամենայնիվ, այդ քայլը ողջունելի է և, ըստ էության, ղարաբաղյան երրորդ պատերազմից հետո տարածաշրջանում ստեղծված կացության համապարփակ գնահատական է և խնդրի լուծման նկատմամբ հստակ դիրքորոշման ցուցադրություն։ Հուսանք, որ Սենատի որոշմանը կհաջորդեն Ֆրանսիայի կառավարության գործնական քայլերը»։

1