Հուսալուց չամաչելու համար
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » «Ապառաժ»-ի խմբագրական » Հուսալուց չամաչելու համար

Հուսալուց չամաչելու համար

2020թ. աշնան պատերազմական ահավոր օրերից հետո Արցախը կանգնած է լինել-չլինելու դեմ հանդիման: Կրած պարտությունը և դրա հետևանքով հայության նվաստացմանն ուղղված՝ թշնամու կողմից օրեցօր ահագնացող գործողությունները մեր ժողովրդի մեջ մարում են հույսը Հայրենիքի և լինելիության հանդեպ:

Արցախի թեմի առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը Նոր Կտակարանից՝ «Հույսը երբեք չի ամաչեցնում» նախադասությունը հռչակել է որպես 2021 թվականի կարգախոս: Հույսն արթնանում է այն ժամանակ, երբ օժտված է լինում հավատի գործոնով, իսկ հավատն ամրապնդվում՝ հանուն նրա պայքարով:

Կորցրել ենք հայրենիք: Կորցրել ենք այն՝ ոչ միայն նյութական առումով, այլ մարդկային հոգիներն են պարպվել: Իսկ իշխանությունը փորձում է այդ՝ ոչ նյութական հպարտությունն ու հայրենակերտման պատվի զգացումը լցնել նյութականով:

Կորցրել ենք Հայրենիք: Հայրենիքը ոչ բնակարան է, ոչ ասֆալտ, ոչ դրամական փոխհատուցում:  Այս իրավիճակում նման նյութական արժեքների հույսով ապրելու գաղափարով մարդկանց սնելը ոչ միայն ամոթալի է, այլև՝ անբարոյականություն:

Մերօրյա իշխանավորներն ընտրել են այս անպատվաբեր ուղին՝ բնակարանաշինությունն ու ասֆալտը, աջակցություններն ու փոխհատուցումները  փորձելով ներկայացնել որպես «աննախադեպություն»,  կառավարման, արդյունավետ աշխատանքի արդյունք: Այս ձևով մարդկանց մեջ փորձում են հո՞ւյս արթնացնել.  ամոթաբեր է լինելու այդ հույսը:

Իրական հույսը միայն կարելի է վերագտնել Հայրենիքի ամբողջականությունը վերականգնելու ուղղությամբ տարվող պայքարով: Հայ ժողովրդի Հայրենիքը ազգային ոգի ու պատվախնդրություն ունեցող հայի համար Քարվաճառն էլ է, Կովսականն էլ, Ջրականն ու Ակնան էլ, Վանն ու Մուշն էլ, սրբազան լեռ Արարատն էլ…

Իսկ այն ստահակները, ովքեր այսօր փորձում են բնակարանի ու «լավ կյանքի» խոստման հաշվին հայի մեջ հույս արթնացնել, պետք է պատասխան տան ոչ միայն հայրենազուրկ և որդեկորույս ազգի առաջ, այլ նաև՝ գալիք սերունդների:

Պարտության խարանն իրենց ճակատին դաջածները պատմության մեջ հիշատակվելու են որպես դավաճաններ: Նրանց ծափահարողները, նրանց բեմադրություններում դեր ստանձնած իշխանավորներն անխուսափելիորեն արժանանալու են նույն ճակատագրին:

Միայն կորուսյալ Հայրենիքը վերականգնելու պայքարով է հնարավոր՝ ապագայի հանդեպ հույսով լցնել ունայնացած հոգիները: Այդ հույսն է, որ չի ամաչեցնի:

«Ապառաժ»-ի խմբագրական

17 ապրիլ, 2021թ.

1