Հունվարի 6-ը` «Հայոց պետականության» վերականգնման օր
Պատմաբան Տարոն Հակոբյանը գրում է. «Պատմության այս օրը`
1992 թվականի հունվարի 6-ին, Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության առաջին գումարման Գերագույն խորհուրդը ընդունեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական անկախության մասին հռչակագիրը», ըստ որի՝ ԼՂՀ-ն հայտարարվեց անկախ պետություն, նրա տարածքում պիտի գործեին ԼՂՀ Սահմանադրությունն ու օրենքները:
Հռչակագրում այնուհետեւ ասված է, որ ԼՂՀ-ում ամբողջ իշխանությունը պատկանում է ժողովրդին, նրա տարածքում ապրող բոլոր բնակիչները հանդիսանում են հանրապետության քաղաքացիներ, հանրապետության տարածքում թույլատրվում է երկքաղաքացիությունը, բոլոր քաղաքացիները գտնվում են ԼՂՀ-ի պաշտպանության տակ, երաշխավորվում են նրանց իրավունքներն ու ազատությունը` անկախ ազգային պատկանելությունից: Հանրապետության ամբողջ տարածքի նյութական եւ հոգեւոր հարստությունները պատկանում են հանրապետությանը եւ նրա ժողովրդին: Հայրենիքը պաշտպանելու համար ստեղծվում են սեփական զինված ուժեր, եւ հանրապետության քաղաքացիները զինծառայություն են անցնում ԼՂՀ տարածքում: ԼՂՀ պետական լեզուն հայերենն է:
•828 տարի առաջ՝ 1198 թ. տեղի ունեցավ եւս մեկ պատմական իրադարձություն՝ Կիլիկիան հռչակվեց հայկական թագավորություն:
Հ.Գ. Հունվարի 6-ը օրվա խորհրդի հետ մեկտեղ պետք է նշվի նաեւ «Հայոց պետականության» վերականգնման օր»։


