Հունաստանից՝ Արցախի համար
Գինեկոլոգ-էնդոկրինոլոգ, Աթենքի Ազգային համալսարանի մանկաբարձության և գինեկոլոգիայի բաժանմունքի դասախոս, բժշկական գիտությունների թեկնածու Սոֆյա Իվանիդուն 44-օրյա պատերազմից հետո արդեն երրորդ անգամ է Արցախ այցելում: Օգոստոս և նոյեմբեր ամիսներին բժշկուհին Ստեփանակերտում անվճար խորհրդատվություններ ու հետազոտություններ է անցկացրել դեռահաս աղջիկների և 40 անց կանանց համար:
Իրեն դիմող հիվանդների հետ շփումներից Սոֆյա Իվանիդուն հասկացել էր, որ անհրաժեշտ դեղերի, վիտամինների ձեռք բերումը շատերի համար խնդիր է, ուստի Հունաստան վերադառնալուն պես իր ուժերը ներդրել է արցախցիների համար Հունաստանից օգնություն հասցնելու գործին։ «Ինձ արձագանքել են մի շարք հունական կազմակերպություններ։ Վերջիններս ինձ վիտամիներ, մանկական և կանացի հիգիենայի միջոցներ տրամադրեցին, որոնք Հունաստանի Կապույտ Խաչի և Հունաստանում Հայաստանի դեսպանատան աջակցությամբ հասցրել եմ Արցախ, ինչի համար խորին շնորհակալությունս եմ հայտնում»,- նշել է նա:
Դեկտեմբերի 16-17 Հայ Օգնության Միության Արցախի գրասենյակում բժշկուհին իր հիվանդներին է հատկացրել խնամքի և իմունիտետի բարձրացման համար նախատեսված համապատասխան միջոցներ: Արցախի Մարտակերտ քաղաքում ծնված և Հունաստանում հաստատված Սոֆյա Իվանիդուն պատերազմի օրերին անընդհատ մտածում էր, որ անպայման իր ներդրումը պիտի ունենա հետպատերազմյան շրջանում իր հայրենիքի ապաքինման գործում։
«Իմ կապը երբեք չի կտրվել հայրենիքի հետ, այստեղ հարազատներ ունեմ։ Պատերազմը շատ ցավոտ էր, հասկացա, որ բոլորս մեր ուժերի ներածին չափով ամեն ինչ պետք է անենք, որ Արցախը ուժեղանա: Եթե մարդն անցյալ չունի, ուրեմն ապագա էլ չունի, այստեղ մեր անցյալն է ու վստահ եմ՝ նաև մեր ապագան»,- նշել է բժշկուհին՝ ավելացնելով, որ փորձելու է ավելի շատ օժանդակություն հասցնել Արցախ: