Հսկայական գումարներ ենք տրամադրում հյուրանոցներին, այդ գումարներով կարելի էր մի գյուղ կառուցել
Գլխավոր » Լրահոս » Հսկայական գումարներ ենք տրամադրում հյուրանոցներին, այդ գումարներով կարելի էր մի գյուղ կառուցել

Հսկայական գումարներ ենք տրամադրում հյուրանոցներին, այդ գումարներով կարելի էր մի գյուղ կառուցել

«Ապառաժ»-ը ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանի հետ զրուցել է Արցախում իրականացվող բնակարաշինության, հետպատերազմյան մի շարք ծրագրերի մասին:

Ինչպե՞ս է որոշվել տեղահանված բնակիչների համար կառուցվող բնակավայրերի տեղադրությունը և ինչո՞ւ են սկզբում հենց տվյալ համայնքների բնակիչների համար տներ կառուցվելու:

-Մենք խորհրդակցություն ենք անցկացրել այն համայնքների ղեկավարների, ավագանու, գյուղի ակտիվի հետ, ովքեր ցանկանում էին կոմպակտ ապրել: Ճիշտն ասած բնակչության մեծ մասն այդ տեղերը «Տատիկ պապիկից» մինչև հրապարակ ընկած հատվածում է պատկերացնում: Բայց սա բավականին սխալ ուղղությամբ տանող ճանապարհ է: Ես անձամբ հակված եմ, որպեսզի տեղաբաշխումը հնարավորինս համաչափ լինի շրջանների միջև:

Սղնախ, Մոշխմհատ, Ջրաղացներ և Մադաթաշեն գյուղերը Աստղաշենի մոտ գտնվող մեկ բնակավայրի մեջ են տեղավորվելու: Դրանց աշխատանքները շուտ են սկսվել, որովհետև շինարարն իր սեփական միջոցներն է դրել մինչև ֆինանսավորման լինելը: Արման Հակոբջանյանի «Կապավոր» ընկերությունը շրջանառու միջոցներ ունի, որը նախօրոք ներդրել է, մինչև ֆինանսավորում կլինի: Զուտ այդ պատճառով գործն արագացվել է: Ինքը ծնունդով Սղնախից է:

Կառուցվող բնակավայրը քարաշեն է, իսկ բնակարանները տրամադրվելու են ըստ համապատասխան չափորոշիչների:

Կոմպակտ բնակվելու մասին որոշում կա նաև Մարտունու շրջանի գյուղերի հետ կապված: Օրինակ՝ Թաղավարդի կորսված մասի, Շեխեր, Զարդանաշեն գյուղերի բնակիչները կտեղավորվեն Կարմիր Շուկայի տարածքում՝ թե արդեն կառուցված բազմաբնակարան շենքերում, թե կառուցվելիք հավաքովի տներում: Իսկ այդ հավաքովի տները կստանանք ամռան ընթացքում ՌԴ-ից որպես հումանիտար օգնություն:

Իսկ բնակիչների զբաղվածության հարցը լուծվե՞լ է:

-Տներն այնպես են տրված, որ առնվազն 1200-1500 քառ. մետր տնամերձ տարածք լինի, իսկ զբաղվածության հարցը ուրիշ ոլորտի հարց է: Այդ ուղղությամբ տարբեր աշխատանքներ են տարվում. երբ կամբողջականան, դրա մասին կհաղորդվի: Օրինակ, կորցրած գույքի փոխհատուցման աջակցության ծրագրերում իմ պնդումներն այն են, որ այդ նպատակով տրամադրվող գումարներն ուղղվեն ներդրումներին: Եթե կարողանանք այդպիսի գործող մեխանիզմ մշակել, ապա հնարավորություն կունենանք նաև աշխատատեղեր ունենալ:

Գյուղատնտեսության ոլորտում այլ հնարավորություն չի մնացել, քան անցնել ինտենսիվ գյուղատնտեսությանը, այսինքն՝ ավելի քիչ հողատարածքի վրա ավելի շատ արդյունք ստանալ: Չնայած ասում ենք, որ հողը քչացել է, համայնքներում հազարավոր հեկտար չմշակվող հողատարածքներ ունենք: Միայն Մարտունու շրջանում 5000 հա համայնքային հող ունենք, որը տարբեր պատճառներով չի մշակվում:

Որտեղի՞ց են տրամադրվելու հողատարածքները:

-Գործող համայնքների հողատարածքների հաշվին՝ թե համայնքային, թե վարձակալվող, թե սեփականաշնորհված հողերի: Հանրային գերակա շահ ենք ճանաչում կամ բանակցում ենք տերերի հետ ու գնում հողատարածքը:

Ավելի տրամաբանական չէ՞ր լինի, որ զուգահեռաբար աշխատատեղերի, զբաղվածության հարցը լուծվեր:

-Իսկ մարդիկ որտե՞ղ ապրեն: Հիմա 25000 մարդ է ապրում Երևանում, որոնց մի մասը ցանկանում է վերադառնալ, և բնակֆոնդ չունենք: Հսկայական գումարներ ենք տրամադրում հյուրանոցներին, այդ գումարներով կարելի էր մի գյուղ կառուցել: Բնակարանային հարցը առաջնայինը պետք է լինի, և չի խանգարում զուգահեռ տնտեսական ակտիվությունը խրախուսող ծրագրեր անել:

Պաշտոնական հաղորդագրություններում բռնազավթված տարածքները որպես Արցախի վերահսկողությունից դուրս մնացած են ներկայացվում: Համաձա՞յն եք այդ ձևակերպմանը:

-Կփոխվի, երևի օկուպացիայի մասին օրենք էլ կընդունվի: Ձևակերպումը երևի եկել է ՀՀ կառավարության որոշումներից: Իրավական համապատասխան ակտերը կստեղծվեն, վարչատարածքային բաժանման մասին օրենք էլ կընդունենք: Նախկինում էլ ունեինք բնակավայրեր (օրինակ Շահումյանի շրջանի բնակավայրերը), որոնք օրենքում նշվում էին որպես թշնամու օկուպացիայի տակ գտնվող:

Օկուպացիայի վերաբերյալ օրենքը գաղափարի փուլում է, իսկ վարչատարածքային բաժանման մասին օրենքի վրա մեր իրավաբաններն արդեն աշխատում են:

Մարտունու, Ասկերանի շրջանների բնակիչները այդ շրջանների այլ բնակավայրերում են տեղավորվելու, իսկ օրինակ Հադրութի կամ մյուս շրջանների բռնազավթված բնակավայրերի բնակիչները որտե՞ղ են բնակվելու:

— Հադրութ քաղաքը կլինի մի թաղամաս Ստեփանակերտում, իսկ մյուս գյուղերը հնարավորինս կոմպակտ կբնակեցվեն: Մարտունու, Ասկերանի շրջաններում նախատեսվում է նաև Հադրութի տարբեր գյուղախմբերի համար բնակավայրեր ստեղծել: Օրինակ՝ Թաղոտ, Մոխրենես, Հակակու գյուղերի բնակիչները Ասկերանի Դահրավ գյուղի տարածքում, իսկ Խանձաձոր, Հին Թաղեր, Խծաբերդ գյուղերը՝ Մսմնա-Կավահանի տարածքում:

Առաջնային խնդիրը տների հարցն է, եթե լուծենք, վերադառնալու ցանկությունը կմեծանա: Բազմաթիվ բնակիչներ էլ դիմել են այլ բնավայրերում ապրելու համար: Այս առումով կարևոր կլինի նաև հին բնակֆոնդի հիմնանորոգումը, տրամադրումը նոր բնակիչներին:

Հյուրանոցներում տեղավորված 5 հոգանոց ընտանիքի համար ամսական մոտ 600000 է ծախսվում պետական միջոցներից, իսկ երկու սենյականոց բնակարանում վարձով ապրող ընտանիքին 60000 դրամ փոխհատուցում է տրամադրվում: Ինչքանո՞վ է սա արդարացի:

-Այդտեղից էլ ծագում է անարդարությունը: Նոյեմբերին շտապ տեղավորվել են հյուրանոցներում: Մարդկանց թվում է, թե դա իրենց մշտական ապրելու վայրն է: Հյուրանոցը պիտի լինի ժամանակավորապես բնակվելու տեղ: Մենք մեծ դիմադրության ենք հանդիպում թե հյուրանոցատերերի, թե բնակվողների կողմից, բայց առաջիկայում այդ ոլորտում որոշակի փոփոխություններ կլինեն: Որոշակի օրենսդրական փոփոխություններ են լինելու առաջիկայում բնակֆոնդի կառավարման գործում՝ կապված հետպատերազմյան շրջանի կարիքի հետ: Այդ օրենքի ընդունումից հետո հույս ունեմ, որ 100-ավոր բնակարաններ կհայտնվեն մեր տրամադրության տակ, ինչը հնարավորություն կունենանք տրամադրել այդ մարդկանց:

Մի շարք գյուղապետերի նկատմամբ քրեական գործեր են հարուցվել: Բայց նրանք նշում են, որ բնակիչների ցուցակները Ձեր նախարարությունից են վերցրել:

-Ցուցակները մեզնից չեն կարող վերցնել: Մեզնից կարող են վերցնել բնակչության ռեգիստրում գրանցված անձանց ցուցակը՝ ճշտելու՝ ով է մշտապես ապրում: Բայց քրեական գործերի թիվը կավելանա, եթե որոշակի գումարներ հետ չվերադարձվեն կամ չուղղվեն ցուցակները: Մենք ստացել ենք նաև հայաստանյան բազաները: Կան 2007-2010-ից հանրապետությունից բացակայող մարդիկ, 100-ավոր մարդիկ, ովքեր տեղ են գտել աջակցության ցուցակներում: Հիմա նամակներ ենք պատրաստում համայնքապետերին ուղղված, որպեսզի բացատրություն տան, թե ինչպես են այդ մարդիկ հայտնվել ցուցակներում: Հնարավոր է՝ ոչ համայնքապետի մեղքով: Եթե այդ մարդիկ շահառու չեն եղել, դիմել են, իրենք էլ են մեղավոր, միայն համայնքապետի մասին չէ խոսքը:

Նախարարությունն անբարեխիղճ բնակարանատերերի մասին հայտարարություն է տարածել: Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում վարձավճարի բարձրացման դեպքում:

-Կան սև ցուցակներ: Առաջիկայում նոր օրենք կընդունվի և, բնականաբար, անբարեխիղճ բնակարանատերերը կփոշմանեն իրենց արածի համար: Կան բարոյականության սահմաններ, որն անցնելու իրավունք ոչ մեկը չունի:

Տաթևիկ Աղաջանյան

1