Հրթիռակոծությունները չեն ընկճել արցախցիների կամքն ու ոգին

Ստեփանակերտի հրթիռակոծությունները ոչ միայն չեն ընկճել արցախցիների կամքն ու ոգին, այլ նաև ամրապնդել են հաղթական տրամադրությունները: Մայրաքաղաքի ռմբապաստարանների բնակիչները վստահեցնում են՝ ոչ մի դժվարության առաջ չեն ընկրկելու, միայն հաղթանակի լուրը շուտ գա:
Հաղթում է նա, ով մինչ այդ հաղթանակն իր հոգում է տոնում: Նժդեհյան այս պատգամով է ԱրՊՀ դասախոս Սիլվա Խաչատրյանը ձևակերպում այն ոգին, որով ապրում ու տոկում են ռմբապաստարաններում պատսպարված արցախցիներն այս օրերին:
«Սա մեր հայրենիքն է, սա մեր հինավուրց պատմական հայրենիքն է: Մեզ վրա հարյուրամյա թշնամին բերել է իսլամական խաժամուժը, վարձկաններ: Ի՞նչ են կորցրել այստեղ, փողի համար են կռվում, մեր ձորերը կլցնենք նրանց դիակներով: Մեր տղաներից ամեն մեկը մի աստված է: Մենք ուժեղ ենք, մենք ոգեղեն ժողովուրդ ենք, մեր կռիվն արդար է և մենք գիտենք, որ հաղթելու ենք»,- նշել է Սիլվա Խաչատրյանը:

Ապաստարաններից մեկում խռով հայացքով է մեզ դիմավորում 97-ամյա Սերգեյ պապիկը: Խնդրել է բողոքել, որ թոռների հետ առաջնագիծ տանեն: Մեզ տեսնելով աչքերը փայլում են՝ հույսով, որ խնդրանքը տեղ կհասնի և իրեն մարտադաշտ կտանեն: «Ուժս տեղն է,- ասում է,- դիպուկահարի փորձ էլ ունեմ»:
Սերգեյ պապիկը, որպես դիպուկահարի փորձառության վկայություն, դստերը` Սմելային, ստիպում է ցույց տալ իր մեդալներն ու պարգևները: Որդիները բանակում են, պապը չի համակերպվում այն մտքի հետ, որ նրանց հետ չէ: Պապը չորս պատերազմ է տեսել, դուստրը՝ երեք: Դժվարությունները տանելի են միայն հաղթանակի լուրը շուտ ստանան.
Ռմբապաստարաններում, ընդհանրապես, գերադասում են անդրադառնալ հայ զինվորի սխրագործությունների վերաբերյալ իրենց հավատին, հիացմունքին ու հպարտությանը, քան հրիռակոծության պահերի զգացողություններին:

Ապաստարաններից մեկի բնակչուհի Լիլյա Ավանեսյանը նշում է՝ Արցախյան ազատամարտի տարիներից է ծանոթ թշնամու հրետակոծությունների և ապաստարանային կենցաղին.
«Արցախյան առաջին պատերազմի ժամանակ 5 անչափահաս երեխաներիս հետ երկու տարի նկուղում եմ մնացել: Ընդհանրապես խուճապ չկա, բոլորս մեծ խանդավառությամբ սպասում ենք, թե երբ կազդարարեն մեր հաղթանակը», — ասել է Լիլյա Ավանեսյանը՝ ավելացնելով, որ լիովին վստահում են մեր բանակի շուտափույթ հաղթանակին:
Ստեփանակերտի ռմբապաստարաններում սննդի և առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարումը կանոնավոր է շարունակվում: Մեր շրջայցի պահին ապաստարաններից մեկում թարմ կաթնամթերքի խմբաքանակն էին ստացել, մեր զրուցակիցները չնկատեցին… հաղթանակի լուր են սպասում:





