Հրեշտակապետը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Գաղափարական » Հրեշտակապետը

Հրեշտակապետը

Գաբրիել Կարենի Ավետիսյան

Գաբրիել Կարենի Ավետիսյանը ծնվել է 2000թ․-ի դեկտեմբերի 20-ին Լոռու մարզի Սպիտակ քաղաքում։ Համեստ, խելացի ու ժրաջան այս երիտասարդն իր կյանքի 20 գարուններում հասցրել է վաստակել անուն և պատիվ։ Դպրոցական իր 12 տարիներն ավարտել է գերազանց, հաղթող է ճանաչվել տարբեր ինտելեկտուալ խաղերում  և ձեռք  է բերել մրցանակներ, պատվոգրեր և շնորհակալագրեր։ 2019թ. անցել է ծառայության ՀՀ զինված ուժերում, այնուհետև  ծառայությունը  շարունակել է Արցախում և 2020 թ․ սեպտեմբերի 21-ին մասնակցել է Արցախում  կազմակերպված հանրապետական մրցույթին  և հանրապետության մասշտաբով  զբաղեցրել 2-րդ հորիզոնականը՝ իր զենքին գերազանց տիրապետելու համար։

Գաբրիելի քրոջ՝ Մելսիդայի հետ զրուցելիս նա դժվարությամբ է թաքցնում հույզերը։ Ասում է, որ երբեք չի համակերպվելու կատարվածի հետ ու մինչ օրս էլ սպասում է եղբոր վերադարձին։ Նա հիշում  է, որ մի անգամ եղբայրը բանակից անակնկալ այցով  եկել էր դպրոց, ծաղկեփունջը ձեռքին, որոշել էր քրոջ վերջին զանգը լիարժեք տոն դարձնել։ Պատերազմը սկսվելուց հետո օրեր շարունակ Գաբրիելը չէր կարողանում  կապվել հարարզատների հետ՝ տանը իրարանցում էր, մինչդեռ հերոսը պատվով հաղթահարում էր յուրաքանչյուր արգելք։ Մելսիդան  հիշում է իր և եղբոր վերջին հեռախոսազրույցը ՝ Գաբրիելը խոստացել էր, որ պատերազմից գա էլ երբեք չեն կռվելու ․․․ Քույրը սպասում է ․․․

Գաբրիելը պատերազմի ընթացքում եղել է տարբեր դիրքերում, հասցրել է շահել բոլորի սրտերը։ Մարտական ընկերները նրան անվանում էին  <<Հրեշտակապետ>>, դիրքերում  հրեշտակի նման հսկում  էր բոլորին ։ Նրանց խոսքով տանկը Գաբրիելի ձեռքից պրծում չուներ,  խոցել է մեծ թվով թշնամու տանկեր և զրահատեխնիկաներ։ Ասում են Գաբրիելը հզոր հավատով է լցված առ Աստված և միշտ խաչը հանում համբուրում էր ու վստահեցնում բոլորին, որ Աստծո շնորհիվ հաղթելու են ու բոլորը վերադառնալու են տուն։

Մելսիդան պատմում է, որ եղբայրը տուն  զանգելիս, քաջալերում էր բոլորին, պատմում  էր օրվա հերոսություններն ու վերջում վստահ ասում՝  հաղթելու ենք։

Հոկտեմբերի 26-ին  հակառակորդի դիվերսիոն հարձակման ժամանակ Գաբրիելը հաղթանակի բաղձանքը սրտում  քաջի մահով ընկել է ֆիզուլիում՝ չտեսնելով ոչ հաղթանակ և ոչ էլ պարտություն։

Հրեշտակապետի արծիվ հոգին սավառնում է  Ֆիզուլիում։

Լանա Համբարձումյան, լրագրության առաջին կուրսի ուսանողուհի

1