Հրաժարվե´ք անտեղի և անիմաստ խաղաղասիրությունից, դադարե´ք թուլացնել Հայաստանի անվտանգությունն ապահովող մեխանիզմները
Գլխավոր » Լրահոս » Հրաժարվե´ք անտեղի և անիմաստ խաղաղասիրությունից, դադարե´ք թուլացնել Հայաստանի անվտանգությունն ապահովող մեխանիզմները

Հրաժարվե´ք անտեղի և անիմաստ խաղաղասիրությունից, դադարե´ք թուլացնել Հայաստանի անվտանգությունն ապահովող մեխանիզմները

Հայ-ադրբեջանական սահմանին վերջին լարվածությունից հետո ես և իմ կրտսեր գործընկերներից մի քանիսը ֆիքսել էինք, որ Թուրքիայի արձագանքը, ինչ-որ առումով, աննախադեպ ակտիվ և ագրեսիվ է: Հաջորդող օրերին այդ արձագանքը էլ ավելի էր ագրեսիվանում: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը:

«Թուրքիայի նախագահ Էրդողանը իր ելույթում նույն հարթության մեջ էր ներկայացնում Սիրիայի, Իրաքի, Լիբիայի և արդեն Հայաստանի խնդիրները. նկատենք, որ վերոհիշյալ երեք երկրներում Թուրքիան ռազմական գործողություններ է ծավալում….

Հայաստանին այդ շարքում դասելը հստակ մեսիջ էր` ռազմական ենթատեքստով, որը նույնպես, ըստ էության, աննախադեպ էր գոնե վերջին տարիներին (չհաշված վաղ 1990-ականները):

Եվ այսօր, քիչ առաջ ավարտված Թուրքիայի անվտանգության խորհրդի նիստից հետո պաշտոնական հայտարարության մեջ ասվում է. «Թուրք ժողովուրդը տեր է կանգնելու ցանկացած որոշման, որը կընդունի եղբայրական Ադրբեջանը իր արդարացի դատի շրջանակներում»….Երևի ավելորդ չի լինի այս ամենին ավելացնել ներկայումս Թուրքիայում ծավալվող հայտնի կարգախոսի` «մեկ ազգ, երկու պետություն», նոր տարբերակը` «մեկ ազգ, մեկ բանակ»….

Որպես եզրահանգում` տիկնայք և պարոնայք պատասխանատուներ,
հանե´ք վարդագույն ակնոցները, դադարեցրե´ք ինքնախաբեությունը և ավելորդ պոռոտախոսությունը, հրաժարվե´ք անտեղի և անիմաստ խաղաղասիրությունից, դադարե´ք թուլացնել Հայաստանի անվտանգությունը ապահովող մեխանիզմները և դաշնակցային, բարեկամական հարաբերությունները»,- գրել է թուրքագետը:

1