հրավիրվել է ԱՀ ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստ

Հոկտեմբերի 17-ին հրավիրվել է ԱՀ ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստ:
Օրակարգում ««Շահութահարկի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և ««Արցախի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի քննարկման հարցերն էին:
««Շահութահարկի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը ներկայացրել է ԱՀ տարածքային և ենթակառուցվածքների նախարար Հ. Խանումյանը:
Նախարարի փոխանցմամբ՝ օրինագծի ընդունումը հնարավորություն կտա շահութահարկ վճարողին՝ Արցախի ներդրումային հիմնադրամին փոխառությունների գծով հաշվետու տարվա ընթացքում հաշվարկվող տոկոսների գումարները նվազեցնել իր համախառն եկամտից:
Օրակարգի երկրորդ հարցը ««Արցախի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումն էր:
Նախագծով առաջարկվում է ԱՀ 2022թ պետական բյուջեի սեփական եկամուտներն ավելացնել 5,000.0 մլն դրամով ՝պայմանավորված որոշ հարկ վճարողների հարկման բազայի ճշգրտմամբ,ինչպես նաև պատերազմական գործողությունների հետևանքով տեղահանված և (կամ) բնակտարածք կորցրած անձանց բնակարանային կարիքի ժամանակավոր բավարարման նպատակով դրամական աջակցության տրամադրմամբ:
Նախագծերը դրական եզրակացությամբ կներկայացվեն ԱՀ ԱԺ հերթական նիստի քննարկմանը:
Արցախի Հանրապետության Ազգային Ժողով