ՀՐԱՄԱՆԱՏԱՐ ԱՌԱՍՊԵԼԸ. այսօր Ավոյի հիշատակի օրն է

«Ես Միացյալ Նահանգներից եկած հայ եմ եւ այստեղ պայքարում եմ նույն պատճառով, ինչի համար պայքարում են մնացյալ բոլորը: Ես հայ եմ, այս հայրենիքը պատկանում է ինձ նույնքան, որքան որեւէ ուրիշ հայի: Կարծում եմ, իմ հայրենիքի այս կտորի պաշտպանության համար նաեւ կրում եմ նույնքան պատասխանատվություն, որքան ցանկացած հայ:
Հետեւաբար, բնական է լինել այստեղ եւ պայքարել այս շրջանի ամբողջ բնակչության հետ միասին:
Անցյալում սփյուռքի մեջ պայքարել եմ մեր ժողովրդի իրավունքների համար եւ այստեղ եմ նույն պատճառով: Սա այդ նույն պայքարի շարունակությունն է:
Շատ նորմալ բան է: Նորմալ բան է, որ հայը գա եւ իր հայրենիքը պաշտպանի, շատ նորմալ բան է: Իրավունքն է բոլորի ու նաեւ պարտականությունը: Եւ զարմանալին այն է, որ ավելի շատ հայեր չեն եկել նույնն անելու, միայն այդ է զարմանալի»:
Մ. (Ավո) Մելքոնյան
1993 թվական, ապրիլ: Հատված
անգլիական մի հեռուստատեսության լրագրողին տված հարցազրույցից:
1991 թվականին Ավոն եկել է Հայաստան եւ սեպտեմբերին մեկնել Արցախ: Նրա ղեկավարությամբ Մարտունին դարձել էր Արցախի ամենապաշտպանված ու ամենամարտունակ շրջանը։ 1993 թվականի մարտ-ապրիլ ամիսներին նրա ղեկավարությամբ ազատագրվել է նաեւ Քարվաճառը:
Ավոն զոհվել է 1993 թվականի հունիսի 12-ին ադրբեջանական զրահամեքենայի կրակոցից, երբ հետախուզության նպատակով մարտընկերների հետ այցելել է Ակնայի շրջան։ Ամփոփված է Եռաբլուր պանթեոնում։