Հպարտանանք մեր պատմությամբ, որը ոչ ոք չի կարող ջնջել․․․

Ասկերանի շրջանը ձևավորվել է 1978 թվականի մայիսի կեսերին։ Հերոսական ու փառավոր էր շրջանի ձևավորման ակունքներում կանգնած անհատների արարումի ուղին, շրջանի կազմավորման ժամանակ ծագած խնդիրները, դժվարություններն ու խոչընդոտները պատվով հաղթահարելու պատրաստակամությունը, ինչը հաճախ հաջողվել է բազում զրկանքների գնով` դեմ գնալով ադրբեջանական իշխանությունների հայատյացությանն ու Լեռնային Ղարաբաղը Դաշտային Ղարաբաղի ճակատագրին արժանացնելու ծրագրերին։
Շրջանի կազմավորման պահից կուսշրջկոմի առաջին քարտուղար է աշխատել Վաչագան Գրիգորյանը, շրջխորհրդի գործկոմի նախագահ՝ Վլադիմիր Զաքիյանը, այնուհետև շրջխորհրդի գործկոմի նախագահ է ընտրվել Վիլեն Քոչարյանը։ Ազատամարտի տարիներին շրջանը ղեկավարել են Գուրգեն Մանգասարյանը, Ալյոշա Գաբրիելյանը, Սամվել Հակոբյանը։
Տարբեր տարիների շրջանի վարչակազմի ղեկավարներ են աշխատել Էդուարդ Ասլանյանը, Սամվել Հակոբյանը, Արմո Ծատրյանը, Սամվել Հարությունյանը, Վահրամ Բաղդասարյանը, Սերգեյ Գրիգորյանը, Գեղամ Բեգլարյանը, Հակոբ Ղահրամանյանը, Աշոտ Դադայանը, Սասուն Բարսեղյանը, Արմեն Ղահրամանյանը, իսկ 2022 թվականի փետրվարի 10-ից մինչև Արցախի հայաթափումը շրջանը ղեկավարում էր Համլետ Ապրեսյանը։
Նորաստեղծ շրջանում անելիքները շատ էին, կային դժվարություններ, տարբեր խնդիրներ, սակայն կար նաև աշխատանքին ուժով, եռանդով ու պատրաստակամությամբ լցված աշխատողների մի մեծ թիմ.

-1978 թվականի մայիսին ժողովրդական պատգամավորների ԼՂԻՄ մարզխորհրդի կողմից կայացրած որոշումը հավանության արժանացավ Ադրբեջանի իշխանությունների կողմից և ստեղծվեց ԼՂԻՄ Ասկերանի շրջանը։ Եթե Ադրբեջանի իշխանությունը իմանար, որ իր այդ որոշմամբ կնպաստի նոր շրջանի հզորացմանը և ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը, երբեք չէր գնա այդ սխալ քայլին։
Շրջկենտրոն դառնալով՝ Ասկերանը տնտեսական և մշակութային առումով, սկսեց շատ արագ զարգանալ, ինչպես նաև ավելացավ բնակչության թվաքանակը։ Ասկերանը դարձավ վարչական կենտրոն, որտեղ ձևավորվեցին բոլոր կառույցները՝ համալրվելով լավագույն մասնագետներով։ Որպես Արցախի դարպաս, շրջկենտրոն դառնալով, Ասկերանն ավելի անառիկ դարձավ։ Հետագա իրադարձություններն այդ ամենի վառ ապացույցն էին։ Երբ սկսվեց Արցախյան շարժումը, ապա՝ Գոյապայքարը, Ասկերանն անառիկ էր՝ քան երբևէ։ Առաջին լայնածավալ բախումը եղավ 1988-ի փետրվարի 22-ին, երբ ադրբեջանական խառնամբոխը շարժվեց դեպի Ասկերան ու հանդիպեց մեծ դիմադրության։
Շրջկենտրոնի և հարակից բնակավայրերի բնակիչներն արժանի հակահարված հասցրին ադրբեջանցիներին։ Թշնամին, չնայած իր բազմակի գերակշռությանը, այդպես էլ չկարողացավ ճեղքել Ասկերանի դարպասը։ Երբեք չհանգստանալով՝ նա շարունակեց Ասկերան ներխուժելու և Ստեփանակերտ հասնելու իր փորձերը նաև 1992-ին, սակայն դա նրան երբեք չհաջողվեց՝ շնորհիվ մեր կուռ պաշտպանությանը։ Պատմական առումով Ասկերանի շրջանի ձևավորումը մեծ նվեր էր մեզ համար։

-1970-ական թվականներին, կարելի է ասել, հանրապետությունում լայն թափ էր ստացել շինարարությունը, և հասարակական-քաղաքական կյանքում զգալի փոփոխություններ էին կատարվում: Ստեղծված իրադրությունը կազմակերպչական մեծ աշխատանքներ էր պահանջում, որպեսզի ավելի արդյունավետ լինի ղեկավարման մակարդակը շրջաններում և հանրապետությունում: Այդ ժամանակահատվածում Ասկերանի շրջանը, որպես առանձին միավոր, գոյություն չուներ, ինչն էլ կաշկանդում էր գյուղերի հետ աշխատանքներն արդյունավետ իրականացնել: Անհրաժեշտություն առաջացավ ստեղծել առանձին շրջան:
1978 թվականի մայիսի 15-ն Ստեփանակերտի քաղաքային կոմիտեի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Ստեփանակերտի շրջանից ընտրված քաղաքային կոմիտեի անդամների պլենում, որը վարում էր կուսակցության ԼՂ մարզկոմի առաջին քարտուղար Բ.Կևորկովը: Օրակարգում դրված էր նորաստեղծ շրջանի կոմունիստական կուսակցության շրջանային կոմիտե կազմավորելու, շրջկոմի քարտուղարներ և բյուրոյի կազմ ընտրելու հարցը: Միաձայն շրջկոմի քարտուղարներ ընտրվեցին Վաչագան Գրիգորյանը, Վիլեն Քոչարյանը, Վլադիմիր Ասլանյանը: Այդ օրն էլ դառնում է շրջանի ստեղծման օրը: Շրջկոմի Բյուրոյի անդամ է ընտրվում նաև Վլադիմիր Զաքիյանը, ով մինչ այդ աշխատում էր ժողովրդական դեպուտատների Ստեփանակերտի շրջանային սովետի գործադիր կոմիտեի նախագահի պաշտոնում:
ԼՂԻՄ վարչական քարտեզի վրա նոր շրջանի երևան գալը ուներ նաև ռազմավարական նշանակություն` այս տարածքում սոցիալ-տնտեսական խնդիրների համակարգման ու դրանց արդյունավետ լուծման առումներով: Կյանքը ցույց տվեց, որ դա իսկապես ճիշտ որոշում էր հատկապես շրջանի գյուղերի զարգացման տեսանկյունից:

-Ասկերանի շրջանի տասնամյակների տարեգրությունը լի է փառավոր էջերով, հերոսական դրվագներով, արժանահիշատակ գործերով, նաև դարակուտակ փորձով…
Հեշտ ու դյուրին չէր շրջանի անցած ճանապարհը: Ժամանակի և պատմության հոլովույթում մեզ միշտ ուղեկցել են պատերազմները…
Բայց հայը կարողացել է աշխարհին ապացուցել իր կամքի ոգեղենությունը, աշխարհին պարզել իր գոյության խորհուրդն ու լինելիության քվեն: Այդպես էր բոլոր ժամանակներում… Այդպես էր 1988-ին, ազգային զարթոնքի տարիներին: Ալեկոծվեց Արցախը, որի առաջամարտիկն Ասկերանի շրջանն էր: Հող հայրենիի փրկության վեհ գործին զինվորագրվեցին շատերը: Նրանք զինվորագրվեցին ցուրտ ու խոնավ խրամատներին, զինվորագրվեցին բնության անսանձ ու քմահաճ տարերքին, դարձան աստանդական կյանքով ապրող մարդիկ, իսկ մի մասն էլ հավերժ զինվորագրվեց մայր հողին… Խոնարհում ու խնկարկում նրանց: Լռեցին համազարկները, ունեցանք վերելքներ, մարդիկ նորից զգացին հողի շունչը, արարեցին բերք ու բարիք…
Կերտեցինք պետություն, պետականություն, ունեցանք կանոնավոր բանակ, գերբ ու դրոշ, օրհներգ:
2016 թվականին նորից զարկվեցինք: Շրջանը կրկին առաջամարտիկների շարքում էր…Կարողացանք հաղթահարել կորստի ցավը, տառապանքը, հայրենիք կորցնելու վտանգը; Կյանքն ընթանում էր իր հունով, սակայն 2020-ին Արցախին պատուհասած մահասփյուռ պատերազմը ամեն ինչ տակնուվրա արեց: Փշրվեցին մեր երազները, մեր արժեքները, հաղթանակները, սակայն մենք մնացինք մեր հողում: Իսկ 2023-ի սեպտեմբերը ամեն ինչ ոչնչացրեց ու վտարանդի դարձրեց մի ողջ ժողովուրդ․․․
Ես ուզում եմ, որ իմ ժողովուրդը ուժեղ լինի, հպարտանա իր պատմությամբ, որը ոչ ոք չի կարող ջնջել․․․

-Շրջանի պատմությունը լի է հերոսական դրվագներով ու փառահեղ հաղթանակներով։ Եվ այդ պատմությունը գրվել է շրջանի կազմավորման ակունքներում կանգնած անհատների կատարած անձնվեր աշխատանքի շնորհիվ։ Գտնվեցին մարդիկ, ովքեր խիզախություն ունեցան դեմ գնալու ադրբեջանական իշխանությունների հայակործան որոշումներին… Մեծ է նորաստեղծ շրջանի կուսշրջկոմի առաջին քարտուղար Վաչագան Գրիգորյանի անմնացորդ նվիրումը շրջանի ձևավորման և կայացման գործում։ Պատահական չէ, որ <<Կղզիացող երկիր և նրա շուրջ>> գրքում Վ․Գրիգորյանի մասին գովեստով է խոսել գրող Բակուր Կարապետյանը և մեկ նախադասությամբ բնութագրել նրան՝ նա շա՜տ է ղարաբաղցի․․․ Մեր շրջանը՝ չնայած իր երիտասարդ տարիքին, մեծ ներդրում ուներ Արցախի կայացման գործում, և դա վերաբերում է բոլոր բնագավառներին։ Բավական է նշել Ավետարանոց գյուղի Իվան Աթայանի անունը, ով Արցախում առաջին ու միակ ԽՍՀՄ ժողովրդական ուսուցչի կոչումն է ստացել։ Շրջանի ավելի քան 16 մանկավարժներ արժանացել են 20-րդ դարի <<Լավագույն ուսուցիչ>> կոչմանը։
Արցախում ապրելը սխրագործության էր նման և ամենամեծ սխրագործությունը մեր տղաները գրել են իրենց հերոսությամբ՝ կյանքի գնով պաշտպանելով Հայրենիքը։
Ցավոք, մենք կորցրել ենք մեր երկիրն ու այնտեղ թողել բոլոր մեր հաղթանակները և ապրում ենք հիշողություններով։ Ես ցանկանում եմ, որ իմ ժողովուրդը ուժ հավաքի ու դիմակայի բոլոր դժվարություններին և երբեք չկորցնի հետվերադարձի հավատը։

Ասկերանի շրջանի կազմավորումը պատմական մեծ ու անգնահատելի դերակատարություն ունեցավ արցախահայության հետագա ճակատագրի վրա։ Այն լրջագույնս ազդել է ոչ միայն շրջանի սոցիալ-տնտեսական զարգացմանը, այլև նպաստել ադրբեջանական ծանր լծից, նվաստացուցիչ ենթակայությունից վերջապես ձերբազատվելուն, իսկ հետագայում նաև հուսալի ինքնապաշտպանություն կազմակերպելու և անկախ պետականություն ստեղծելու սուրբ գործն իրականացնելիս։
Շրջխորհրդի գործկոմի և շրջկոմի բազմաթիվ ղեկավարներ է ունեցել Ասկերանի շրջանը, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայել նորաստեղծ շրջանի համբավը մարզում բարձրացնելու համար։ Բոլորիս մոտ պատասխանատվություն, կամքի ուժ և համախմբվածություն կար, ինչի շնորհիվ 1978 թվականից սկսվեց վերելքի մեծ շրջան, ինչպես Ասկերանի շրջանում, այնպես էլ ողջ Լեռնային Ղարաբաղում:
Հիշում եմ՝ մինչև շրջկենտրոն դառնալն Ասկերանը մի փոքրիկ ավան էր: Չուներ ոչ մի հարմարավետություն, բնակչությունն ապահովված չէր խմելու ջրով: Սակայն այդպիսի պայմաններում պետք է ստեղծեին շրջկոմի, շրջսովետի գործկոմի և շրջանային մյուս կազմակերպությունների համար շինություններ և աշխատողներին ապահովեին համապատասխան աշխատասենյակներով: Այդ օրերին պետք է շահագործման հանձնվեր ութ բնակարանոց երկհարկանի մի շենք և կասեցնելով որոշումը՝ այն տրամադրվեց շրջկոմի, շրջսովետի գործկոմի աշխատակազմերին: Նույն շենքում տեղավորվեցին նաև հետագայում կազմավորված շրջդատախազությունը և ժողդատարանը:
1982-83թթ. շահագործման հանձնվեցին կուսշրջկոմի և շրջսովետի գործկոմի նորակառույց շենքերը, որոնք ունեին հարմարավետ և գեղեցիկ աշխատասենյակներ։ Նորաստեղծ շրջանում կյանքը սկսեց ծաղկունք ապրել․․․
Սկսվեցին շինարարական բուռն աշխատանքներ, ստեղծվեցին հիմնարկ-ձեռնարկություններ, բնակչությունը սկսեց շատանալ։ 1985 թվականին բնակչության թիվը հասնում էր գրեթե 2500-ի։ Նորագյուղից, Խրամորթից, Նախիջևանիկից և այլ բնակավայրերից մարդիկ տեղափոխվում էին Ասկերան և աշխատանքի անցնում հիմնարկներում՝ լրացնելով մասնագետների պակասը։ Բնակչության հարցերն արդեն շրջկենտրոնում էին լուծվում, և մարդիկ ստիպված չէին գնալ Ստեփանակերտ։ Ինձ նման շատերը, որպես անհրաժեշտ մասնագետներ, աշխատանքի անցան Ասկերանում, ինչպես նաև ապահովվեցինք բնակարաններով։ Շրջանի ստեղծումը շատ կարևոր ու անհրաժեշտ էր բոլոր առումներով։ Ցավոք, ամեն ինչ մնաց հետևում․ կորցրինք տարիների մեր վաստակը․․․

-Կանգնած եմ եղել Ասկերանի շրջանի կազմավորման ակունքներում։ Երկար ճանապարհ եմ անցել, հաղթահարել բազում դժվարություններ՝ կյանքում ունենալով մեկ նպատակ` ծառայել հարազատ ժողովրդին, երկրին ու նրա բարգավաճմանը: Այդ տարիներին Սարուշենի <<Մայիսի 9>> կոլտնտեսության վարչության նախագահը Բենիամին Հայրապետյանն էր՝ նվիրված ու գործունյա ղեկավար: Կուսակցական բյուրոն և կոլտնտեսության վարչությունը համատեղ ջանք ու եռանդ չեն խնայել, որ կոլտնտեսությունը լինի առաջատար: Մեր գործունեությամբ նպաստել ու աջակցել ենք նորաստեղծ Ասկերանի շրջանին՝ մարզում լավագույնների շարքում հայտնվելու գործում։ Երջանկահիշատակ, Ասկերանի շրջկոմի առաջին քարտուղար Վաչագան Գրիգորյանը միշտ բարձր է գնահատել մեր աշխատանքը։
2023 թվականի մայիսի 20-ին՝ Արցախի տեղահանությունից երեք ամիս առաջ, Ասկերանի շրջանը հանդիսավոր նշեց իր 45-ամյակը․․․







Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ