Հովիկ Աղազարյանը խոսել է ադրբեջանական կողմից
Տվյալ պարագայում Հովիկ Աղազարյանը խոսել է ադրբեջանական կողմից: Այս մասին «Ապառաժ»-ի հետ զրույցում նշել է ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ, ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Բալայանը՝ մեկնաբանելով իմքայլական Հովիկ Աղազարյանի «Քարվաճառը մերը չէ» արտահայտությանը:
«Կատարվել է պատմական փաստերի խեղաթյուրում: 18-րդ դարի վերջերին Քարվաճառի հատվածում Թարթառի ձախափնյակում՝ մինչև Յանշաղ հատվածում կային 28 հայկական գյուղեր: Իսկ Քարվաճառից մինչև Քաշաթաղի Բերձոր քաղաքը գտնվող տարածքում այդ ժամանակհատվածում կային 142 հայկական գյուղեր: Հայերն են կառուցել Դադիվանքը, շրջանի հարյուրավոր ամրոցները, վանքերն ու եկեղեցիները: Այսօր այդ ամենը ներկայացնել, որ մերը չէ, նշանակում է՝ մեր հակառակորդի ջրաղացին ջուր լցնել»,- ասել է Վահրամ Բալայանը:
Նրա խոսքով՝ երկու ժողովուրդների միջև խաղաղ գոյակցություն ապահովելու համար պետք է ճշմարտությունը ներկայացնել թե հայկական, թե ադրբեջանական կողմից: «Ճշմարտությունը պետք է ներկայացնել, որպեսզի երկու կողմերը հասկանան, թե տարածաշրջանում դարերի ընթացքում ինչ զարգացումներ են եղել և մարվեն հայկական տարածքների նկատմամբ հավակնությունները: Այդ հավակնությունները կան ոչ միայն Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքների, այլ նաև Սևանա լճի, Սյունիքի, Երևանի նկատմամբ: Սա ավելի է խորացնում հակամարտությունը տարածաշրջանում և գոյություն ունեցող փխրուն խաղաղությունը վտանգի տակ դնում»,- նշել է Վ. Բալայանը:
Մեր զրուցակիցը զարմանք է հայտնել, թե ինչպես հնարավոր է նմանատիպ մարդիկ իրար միանան, իշխանություն դառնան ու երկիրը հասցնեն այս վիճակին. «Հովիկ Աղազարյանն իր հարցազրույցներից մեկում մի հետաքրքրիր ու ճիշտ բան է ասել, որ Նիկոլ Փաշինյանը նախկին Փաշինյանը չէ: Ըստ նրա՝ ներկայիս Նիկոլ Փաշինյանի մեջ մի քիչ Ալեն Սիմոնյանից կա, մի քիչ Լենա Նազարյանից, այդ թվում նաև մի քիչ էլ՝ Հովիկ Աղազարյանից: Դա իսկապես ճշմարտություն է և ինձ համար զարմանք է հարուցում այն փաստը, թե ինչպես կարող էին այդքան անհայրենիք մարդիկ իրար գտնել և միավորվել»: