ՀՕՄ-ի հովանավորությամբ Արցախի համայնքներում 101 արևային ջրատաքացուցիչ է տեղադրվել
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » ՀՕՄ-ի հովանավորությամբ Արցախի համայնքներում 101 արևային ջրատաքացուցիչ է տեղադրվել

ՀՕՄ-ի հովանավորությամբ Արցախի համայնքներում 101 արևային ջրատաքացուցիչ է տեղադրվել

Հայ օգնության միության հովանավորությամբ Արցախի մի շարք համայնքներում 101 արևային ջրատաքացուցիչներ են տեղադրվել։ ՀՕՄ-ի Արցախի միավորի ատենապետուհի Լիլիթ Մարտիրոսյանը նշում է, որ ծրագրի իրագործումը կապված է անցած տարվա մարտ ամսին Արցախում ստեղծված էներգետիկ ճգնաժամի, Ադրբեջանի կողմից ստեղծված գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման խնդիրների հետ։

ՀՅԴ Արցախի կառույցի և ՀՕՄ-ի Արցախի միավորի կողմից ստեղծված աշխատանքային հանձնախումբը համապատասխան աշխատանքներ է տարել համայնքների ղեկավարների հետ, տեղում ծանոթացել ընտանիքների սոցիալական խնդիրներին: Սկզբնական փուլում ծրագրի շահառու են հանդիսացել զոհված, հաշմանդամություն ունեցող անձանց և բազմազավակ ընտանիքները, որոնց ընտրության հարցում համագործակցել են ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության հետ։
Չգազաֆիկացված համայնքներում Արցախի կառավարությունը սուբսիդավորում է անհրաժեշտ գումարի 50%-ը, իսկ գազաֆիկացված համայնքներում ՀՕՄ-ը հոգում է ջրատաքացուցիչների տեղադրման ողջ ծախսը:

Լ. Մարտիրոսյանի տեղեկացմամբ՝ համապատասխան պայմանագրերը կնքվել են ԱՀ կառավարության, ՀՕՄ-ի Արցախի միավորի, մատակարար «Շտիգեն» ընկերության և ծրագրի շահառուների միջև։

Արցախի Մարտունու շրջանի Պառավաթումբ համայնքի բնակիչ Հրանուշ Համբարձումյանն ամուսնու հետ 10 երեխա է դաստիարակում։ Բազմանդամ ընտանիքը նախկինում ծախսած հոսանքի համար ամիսը 35000 դրամ գումար էր մուծում, հիմա ընդամենը 5000 դրամ է կազմում տվյալ ծախսը։ Ամուսինը հովիվ է։ Չգազաֆիկացված այս համայնքում հաճախ են լինում նաև հոսանքի անջատումներ, ուստի ՀՕՄ-ի աջակցությամբ 4 ամիս առաջ տեղադրված արևային ջրատաքացուցիչն իսկական փրկություն է։

Նույն գյուղի մեկ այլ բնակիչ՝ Մանուշ Ներսիսյանը, ևս գոհ է ստացված օժանդակությունից։ Այս ընտանիքում 4 երեխա է դաստիարակվում։ Նրա սկեսրոջ՝ Նաիրա Համբարձումյանի խոսքով՝ այդքան ջուրը տաքացնելու համար նախկինում փայտ էին վառում, հիմա այդ առումով հեշտացել է կենցաղը, առավել ևս, որ տանը հիվանդի են խնամում:

Մարտունու շրջանի Կաղարծի համայնքի ղեկավար Գարուշ Սարգսյանը նշում է՝ 2022թ. իրենց համայնքում երեք բազմազավակ ընտանիքների համար տեղադրվել է երեք արևային ջրատաքացուցիչ: «Որպես չգազաֆիկացված համայնքի բնակիչ՝ ծրագիրը դրական եմ գնահատում, և մեծ աջակցություն է մանավանդ բազմազավակ ընտանիքների համար»,- ասում է Կաղարծի համայնքի ղեկավարը։

1