ՀՕՄ-ի և այլ կազմակերպությունների ուղարկած մարդասիրական բեռը տեսակավորվում և տրամադրվում է սոցիալական որոշ խմբերի ներկայացուցիչների
Գլխավոր » Լրահոս » ՀՕՄ-ի և այլ կազմակերպությունների ուղարկած մարդասիրական բեռը տեսակավորվում և տրամադրվում է սոցիալական որոշ խմբերի ներկայացուցիչների

ՀՕՄ-ի և այլ կազմակերպությունների ուղարկած մարդասիրական բեռը տեսակավորվում և տրամադրվում է սոցիալական որոշ խմբերի ներկայացուցիչների

Փետրվարի 21-ին Հայ օգնության միության Արցախի միավորի ատենապետուհի Լիլիթ Մարտիրոսյանը հանդիպում է ունեցել ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նորանշանակ նախարար Արմեն Մանգասարյանի հետ: Լիլիթ Մարտիրոսյանը շնորհավորել է նախարարին՝ պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Նա կարևորել է ՀՕՄ-ի համագործակցությունը պետական տարբեր կառույցների հետ՝ ավելի նպատակային օժանդակության տրամադրման առումով և պատրաստակամություն հայտնել շարունակել այն՝ հանուն Արցախի պետության կայացման:

Արմեն Մանգասարյանը բարձր է գնահատել ՀՕՄ-ի հետ համագործակցությունը՝ նշելով, որ դեռևս ԱՀ բնակարանային կոմիտեի ղեկավարի պաշտոնում առիթ ունեցել է ծանոթանալու ՀՕՄ-ի գործունեությանը և պրակտիկ ու օպերատիվ գործելաոճին: Նա շնորհակալություն է հայտնել այս դժվար օրերին Արցախի կողքին գտնվող բոլոր կազմակերպություններին ու կառույցներին՝ այդ թվում ՀՕՄ-ին:

Հիշեցնենք, որ շրջափակման օրերին ՀՕՄ-ի Հայաստանի շրջանը շուրջ 10 տոննա պարենամթերք է հանձնել Արցախի Հանրապետության ներկայացուցչությանը։ Այս և մյուս մարդասիրական օգնությունը հավաքագրվում է Գորիս քաղաքում և հնարավորության դեպքում Արցախ հասցվում ռուս խաղաղապահների միջնորդությամբ: Արմեն Մանգասարյանը տեղեկացրել է, որ ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության կողմից այն տեսակավորվում և տրամադրվում է սոցիալական որոշ խմբերի ներկայացուցիչների (4 և ավելի երեխաներ ունեցող ընտանիքներ, զոհված և անհետ կորած ազատամարտիկների ընտանիքներ, հաշմանդամություն ունեցող անձինք, պատերազմի մասնակիցներ) և նախարարություն դիմած սոցիալապես անապահով ընտանիքներին:

Լիլիթ Մարտիրոսյանի առաջարկով Արցախ հասած օժանդակությունից կհատկացվի նաև ՀՕՄ-ի Արցախի միավորին դիմում ներկայացրած սոցիալապես անապահով ընտանիքներին:

1