ՀՕՄ-ի միջոցով Արցախ հասցված նվիրատվությունը հատկացվել է տեղահանված բազմազավակ, նահատակ հերոսների ընտանիքներին

Պատերազմի հետևանքով տեղահանված և սոցիալական ծանր վիճակում գտնվող արցախցիների կողքին են կանգնել մի շարք բարերարներ, որոնց ճիշտ ժամանակին արված օժանդակությունը զգալիորեն թեթևացրել է նրանց կենցաղային հոգսերը։ Պատերազմից անմիջապես հետո «Թևանիկ» բարեսիրական կազմակերպության ջանքերով ՀՕՄ-ի Արցախի միավորը «Ալյումթեք» ընկերությունից ձեռք է բերել մահճակալներ և պահարաններ: Ընկերությունը Արցախին է նվիրել 100 հատ մահճակալ՝ իրենց ներքնակներով և 50 հատ պահարաններով։ «Ալյումթեք» ընկերության գլխավոր բաժնետերը իրանահայ բարերար Վահե Ահարոնյանն է:
ՀՕՄ-ի միջոցով Արցախ հասցված նվիրատվությունը հատկացվել է տեղահանված բազմազավակ, նահատակ հերոսների ընտանիքներին, ովքեր պետական ծրագրով նոր տուն են ստացել։ Նոր տներում գույքը լրացնելու կարիք կար, և ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեի ու ՀՕՄ-ին ուղղված դիմումների հիման վրա բազմաթիվ տեղահանված բազմազավակ ընտանիքների ու նահատակ հերոսների երեխաներ քնում են հարմարավետ մահճակալներում։
ՀՕՄ-ի Արցախի միավորի ու ծրագրից օգտված ընտանիքների անունից շնորհակալություն ենք հայտնում բարերարներին ու բոլոր աջակիցներին, ովքեր այս դժվար ժամանակներում կանգնում են տուժած ընտանիքների կողքին։
Արցախի Հայ օգնության միություն