ՀՕՄ-ը` պատերազմին մասնակից ուսանողների կողքին
Ապրիլի 27-ին Ստեփանակերտում կայացել է Հայ օգնության միության «Լավագույն ուսանող» ծրագրի պարգևատրման արարողությունը: Արարողությանը ներկա էին ՀՕՄ-ի Կենտրոնական վարչության անդամները, ՀՕՄ-ի Հայաստանի և Արցախի վարչությունների ատենապետուհիները, Արցախի պետական, Շուշիի տեխնոլոգիական, Մեսրոպ Մաշտոց և Գրիգոր Նարեկացի համալսարանների ներկայացուցիչներ, հյուրեր, ուսանողներ: 1998թ. Արցախում գործող այս ծրագրով 100 ԱՄՆ դոլարի չափով դրամական պարգևի տեսքով խրախուսվում էին սոցիալապես անապահով, սահմանամերձ բնակավայրերում ապրող այն ուսանողները, որոնք ուսման ընթացքում լավագույն առաջիմություն են ցուցաբերել: Նախորդ երկու տարիներին ծրագիրը չի գործել, իսկ այս տարի ՀՕՄ-ի Կենտրոնական վարչությունը որոշել է ծրագրի շահառու դարձնել 44-օրյա պատերազմին մասնակցած 105 ուսանողների:
«Իր գոյության ավելի քան մեկդարյա պատմության ընթացքում ՀՕՄ-ը իր համազգային գործունեությամբ ու նպատակներով հանդիսացել է հայրենիք-Սփյուռք կապն ամբողջացնող ու զարգացնող հզոր կառույց: 1992թ. մուտք գործելով Արցախ, ՀՕՄ-ը իրականացրել է մի շարք ծրագրեր և նպաստել կրթության, մշակույթի, առողջապահության, սոցիալական ու տնտեսական այլ ոլորտներում բարձր առաջընթացի գրանցմանը: Այդ տարիների ընթացքում Արցախում իրականացված ծրագրերն աչքի են ընկել հասցեականությամբ, բարձր արդյունավետությամբ ու բացառիկ հաշվետվողականությամբ, իսկ դա ՀՕՄ-ի կատարած աշխատանքների լավագույն գնահատականն է»,- իր բացման խոսքում նշել է ՀՕՄ-ի Արցախի միավորի ատենապետուհի Լիլիթ Մարտիրոսյանը:
Նրա խոսքով՝ տարիներ շարունակ նեցուկ կանգնելով կրթական համակարգին, «Լավագույն ուսանող» ծրագիր ձեռնարկով՝ Հայ օգնության միությունը նպաստել է, որ ունենանք կրթված ու լայնախոհ երիտասարդներ: ՀՕՄ-ի Արցախի միավորի ատենապետուհին շնորհակալություն է հայտնել ՀՕՄ-ի վարչությանը Արցախին նեցուկ կանգնելու, Արցախի պետական, Շուշիի տեխնոլոգիական, Մեսրոպ Մաշտոց և Գրիգոր Նարեկացի համալսարանների ռեկտորատներն ու ուսանողների հետ տարվող աշխատանքների գծով պատասխանատուներին՝ ուսանողների ընտրության հարցում օժանդակելու համար: «Սիրելի ուսանողներ պատերազմի դաժան օրերին դուք դարձել էիք հայրենիքի հրաշունչ զինվորներ և անձնուրացաբար պայքարում էիք մեր հայրենիքի ամեն թիզ հողի համար՝ գիտակցելով, որ Ձեր թիկունքում թողել եք ընտանիք, քույր, մայր, հարազատներ: Ավաղ, ձեր ընկերներից շատերը չվերադարձան, նրանք ընկան մարտի դաշտում, արյամբ սրբացնելով մայր հողը: Հավերժ փառք նրանց: Չմոռանաք, որ մեր հայրենիքի ապագան ձեր ձեռքերում է: Մաղթում եմ ձեզ ուսման մեջ և ապագա տարիներին նոր ձեռքբերումներ և հաջողություններ: Համոզված եմ, որ Ձեր ներուժն ու մասնագիտական կարողությունները հետայսու նույնպես կծառայեցնեք մեր հայրենիքի շենացմանը և սահմանների հուսալիորեն պաշտպանությանը»,- ասել է Լիլիթ Մարտիրոսյանը:
ՀՕՄ-ի Կենտրոնական վարչության ատենապետուհի Նաիրի Տերտերյանը վարչության անունից նշեց, որ հպարտ են Արցախում գտնվելու և փոքրիկ նվերով իրենց շնորհակալությունը հայրենիքի պաշտպան ուսանողներին հայտնելու համար: «Դուք ոչ միայն Արցախի քաղաքացիներն եք, այլ նաև Արցախի ամենալավ զինվորները, ձեզ խոստանում եմ, որ Հայ օգնության միությունը իր բոլոր անդամներով, 27 տարբեր երկրներում միշտ նեցուկ է կանգնելու Արցախի ժողովրդին, թե առաջնագծում, թե խաղաղ օրերում»,- ասել է նա:
Նա տեղեկացրել է, որ 1995թ. Սփյուռքում ՀՕՄ-ը կրթաթոշակներ է հատկացնում համալսարան ընդունված կամ արդեն սովորող ուսանողներին, բայց հայրենիքում այդպիսի ծրագիր չկա: Ուստի ՀՕՄ-ը, կարևորելով ուսումը, մասնագիտություն ստանալը որոշեց հայրենիքում՝ Հայաստանում, Արցախում, Ջավախքում գնահատել ուսանողներին և փոքր նվերով ոգևորել՝ շարունակելու ուսումնառությունը:
Միջոցառմանը ներկա է նաև ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Ալյոնա Գրիգորյանը: Կարևորելով ծրագրի իրագործումը՝ Ալյոնա Գրիգորյանը կոչ է արել ուսանող տղաներին նորից կյանք վերադառնալ: «Ճիշտն ասած, պատերազմից հետո շատ դժվար է մեջքն ուղղել և ապրել, պատերազմից հետո չի լինում ուրախանալ: Եթե մի ժամանակ ես դա որպես խոսք էի ընկալում, ապա պատերազմից հետո ես դա զգացի: Պատերազմից հետո տղաները չեն կարողանում ուրախանալ: Ես ինքս էլ կորուստ ունեմ ընտանիքում, բայց խնդրում եմ ձեզ նորից վերադարձեք կյանքի, շարունակեք ապրել, ստեղծել: Այս պահը շատ ծանր է, բայց տեսնելով բոլորիդ հպարտ դեմքը՝ վստահ եմ, որ այս փորձությունն էլ է Արցախը հաղթահարելու: Շնորհակալ եմ, որ դուք կաք, որ Արցախում եք և Արցախով եք»,- ասել է ՀՅԴ Արցախի ԿԿ անդամը:
Միջոցառման վերջում ծրագրի իրագործման համար շնորհակալական խոսքով հանդես են եկել Արցախի պետական համալսարանի ուսանողների հետ տարվող աշխատանքների և կարիերայի բաժնի ներկայացուցիչ Լիլիթ Մարգարյանը, Մեսրոպ Մաշտոց համալսարանի պրոռեկտոր Ալիսա Բաղդասարյանը և Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ուսանողների հետ աշխատանքների տարման գծով բաժնի ղեկավար Արևիկ Հարությունյանը: