ՀՕՄ-ը եւ Կանադայի հայ համայնքը արցախցի ուսանողների կողքին. Արցախցի 310 ուսանող միանվագ կրթաթոշակ է ստացել
Գլխավոր » Լրահոս » ՀՕՄ-ը եւ Կանադայի հայ համայնքը արցախցի ուսանողների կողքին. Արցախցի 310 ուսանող միանվագ կրթաթոշակ է ստացել

ՀՕՄ-ը եւ Կանադայի հայ համայնքը արցախցի ուսանողների կողքին. Արցախցի 310 ուսանող միանվագ կրթաթոշակ է ստացել

ՀՕՄ-ի Կենտրոնական վարչության և ՀՅ Դաշնակցության Կանադայի կենտրոնական կոմիտեի կողմից արցախցի 300 ուսանող միանվագ կրթաթոշակ է ստացել: Աջակցությունը ՀՕՄ Արցախի վարչության միջոցով տրամադրվել է՝ հաշվի առնելով ուսանողների առաջադիմությունն ու կարգավիճակը:

ՀՕՄ-ի Կենտրոնական վարչության անդամ Զոյա Քոչարյանն ուսանողներին ուղղված իր խոսքում կարևորել է ՀՕՄ-ի աշխարհասփյուռ կառույցի գործունեությունը, ներկայացրել առաքելությունը, որի 115-ամյա գործունեությունը նվիրում է կարիքի մեջ գտնվողին, երիտասարդին, մանուկին։

«ՀՕՄ-ը կարողացել է մի փոքր ազնվացնել աշխարհն իր գթասրտությամբ, իր սիրով ու նվիրումով։ Շնորհավորում եմ բոլորիդ և ցանկանում եմ, որ բոլորդ լինեք լավ մարդ, մասնագետ։ Կուզենայի, որ առաջին հերթին հողից սովորեք գոհացնել մարդուն, ջրից սովորեք լիացնել մարդուն, խղճից սովորեք վեհացել մարդուն, այնժամ արդեն դուք կհաղթահարեք բոլոր դժվարությունները և կյանքը կապրեք ավելի հետաքրքիր ու գեղեցիկ ձևով»,- նշել է նա։

ՀՕՄ-ի Հայաստանի Շրջանային վարչության ատենապետուհի Մարո Քեշիշյանը հույս է հայտնել, որ ուսանողների գիտելիքները կծառայեն պետականության ամրապնդմանը։ Նրա խոսքով՝ համայն հայությունը կենտրոնացել է արցախցիների խնդիրների լուծմանը, որի վկայություններից է Կանադայի հայ համայնքի նվիրատվությունը:

ՀՕՄ-ի Արցախի միավորի ատենապետուհի Մելանյա Բալայանն իր խոսքում անդրադարձել է ՀՕՄ-ի ծրագրերին ու մասնավորապես Արցախում իրականացված աշխատանքներին։

«Պատահական չէ, որ Արցախի ազատագրման օրվանից ի վեր ՀՕՄ-ը բազմաբնույթ խոշոր ծրագրեր է իրականացրել, որոնց թվում են աջակցությունը պատերազմում զոհված հերոսների, բազմազավակ ընտանիքներին, Արցախում ստեղծված «Սոսե» մանսկապարտեզների մեծ ցանցը։ Այս վերջին ցավալի իրադարձություններից հետո նորից զորաշարժի է ենթարկվել  աշխարհասփյուռ այս կառույցը և կանգնել արցախցիների կողքին»,- շեշտել է նա։

Նա հույս է հայտնել, որ ուսանողներն այսուհետ ավելի պատասխանատվությամբ են վերաբերվելու ուսմանը, իսկ գիտելիքն ամեն ինչի հիմքն է։

«Ինչո՞ւ է ՀՕՄ-ի աշխարհասփյուռ կառույցն ուսանողներին ցանկացել սատար կանգնել։ Ձեզ տրամադրվողն օգնություն չէ, ներդրում է մեր պետականության հիմքերն առողջացնելու, ամրապնդելու համար։  Ես հուսով եմ, որ դուք պատասխանատվությամբ կվերաբերվեք դրան։ Մենք պարտադրված ենք լինել ուժեղ, որի համար պետք է շատ գիտելիքներ ունենալ»,- ասել է Մելանյա Բալայանը։

Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն իր օրհնության խոսքն է հղել ներկաներին:

«ՀՕՄ-ը գիտի հայի զարկերակը, նրա բաբախուն սիրտը և կարողանում է ճիշտ ժամանակին իր ձեռքը դնել և ինչքանով ունի հնարավորություն, այն ի գործ դնել հանուն այս կամ այն նպատակի։ Այդ նպատակներից մեկն էլ գիտությունն է, կրթությունն է, գիտելիքն է, իմաստությունն է, որը խրախուսավում  է ՀՕՄ-ի կողմից»,- նշել է նա։

Կրթաթոշակի շահառուներն իրենց շնորհակալական խոսքն են ուղղել ՀՕՄ-ին ու կանադահայությանը՝ դժվար իրավիճակում իրենց կողքին կանգնելու համար:

Շահառու ուսանողներից մեկը, ով տեղահանվել է Ասկերանի շրջանի Խնձրիստան գյուղից եւ հաճախել է տեղի ՀՕՄ-ի «Սոսե» մանկապարտեզ, մանկուց ծանոթ է այս կառույցի գործունեությանը: Այժմ օգտվել է ուսանողների ծրագրից:

Նա իր խորին երախտագիտությունն է հայտնել Կանադայի հայ համայնքին, ՀՕՄ-ին և ողջ սփյուռքահայությանը՝ աջակցության համար։

Մանուշ Խաչատրյանը սովորում է ԵՊՀ ռուս-բանասիրության ֆակուլտետում Ռուսաց լեզու և գրականության բաժնի երրորդ կուրսում, ապագա բանասեր է, տեղահանվել է Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կաղարծի գյուղից։ Նա շնորհակալություն է հայտնել ծրագրի համար.

«Կցանկանայի, որ ծրագիրը շարունակական լիներ ոչ միայն ինձ, այլ նաև ընկերներիս համար, որովետև մեր կուրսից միայն ես կարողացա ստանալ  նման աջակցություն։ Ներկա պահին, քանի որ պետական աջակցությունն էլ դադարեցնում են, շատ դժվար է թե՛ մնալու հարցով, թե՛ առօրյա ծախսերը հոգալու։ Շատ մեծ շնորհակալություն եմ հայտնում Կանադայի հայ համայնքին, տեղյակ եմ Ձեր գործունեությունից և ուրախ եմ, որ հենց ՀՕՄ-ի միջոցով եք այս աջակցությունը տրամադրել մեզ»։

Սյուզաննա Բաղրյանը տեղահանվել է Արցախի Մարտունու շրջանի Սոս գյուղից։ Այժմ ապրում է Երևանում, սովորում Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում: Սովորելուն զուգահեռ նաև աշխատում է։

«Այս դժվարին իրավիճակում շատ-շատ գնահատում ենք Հայ Օգնության Միության աջակցությունը, քանի որ մի փոքր ընտանիքի հոգսը թեթևացնելով, մի փոքր ծնողներին օգնելով մենք էլ մեզ ավելի լավ ենք զգում։ Իմ խորին շոնրհակալությունն եմ ուզում հայտնել մեր Կանադայի հայրենակիցներին, Հայ Օգնության Միությանը, մեզ նկատելու, գնահատելու համար, մենք էլ անպայման հետագայում կփորձենք վարձահատույց լինել՝ այդկերպ մեր շնորհակալությունը հայտնելով»։

ՀՕՄ-ի ԱՄՆ Արևելյան շրջանը պատրաստակամություն է հայտնել հովանավորել Արցախից տեղահանված ուսանողների, որի շրջանակներում ևս 10 ուսանողի տրամադրվել է ֆինանսական աջակցություն:

Այդ ուսանողներից Գոռ Պողոսյանը նշել է, որ ստեղծված իրավիճակում շատ դժվար է ֆինանսներ հատկացնել ուսմանը, քանի որ տեղահանությունից հետո ավելի ծանր հարցեր են ի հայտ եկել։

«Բայց մենք չենք կոտրվել, և ՀՕՄ-ի օգնությամբ, մեր կողքին կանգնած մարդկանց օգնությամբ շարունակում ենք սովորել ու խոստանում ենք մեզանից ակնկալվող սպասելիքներն անթերի կատարել»,- ասել է նա:

Ապառաժ

1