Հողն էր մեզ ուժ տալիս, Արցախի հողը, որի վրա, անկախ ամեն ինչից, միշտ պինդ էինք կանգնած․․․
Սերյոժա և Ժաննա Բալայանները Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղից են տեղահանվել Հայաստան։
Այս ընտանիքը պատերազմի աղետաբեր հետևանքներն իր վրա զգացել է դեռևս 90-ականներին, երբ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ հրետակոծության հետևանքով 12 հոգանոց ընտանիքից զոհվել են 5 հոգի, իսկ երկուսը՝ վիրավորում ստացել։
Այդ ժամանակ Ժաննան երիտասարդ հարս էր, երկու փոքրիկ երեխաների մայր։ Աչքի առաջ կատարված ողբերգությունը երբեք չի կարողանում մոռանալ․ մի վայրկյանում կորցրել է հարազատներին, որոնց մեջ կային նաև երկու փոքրահասակ երեխաներ։ Ինքը ծանր վիրավորվել է, ինչի հետևանքով կորցրել է աջ ոտքը։ Երիտասարդ կինը կարողացել է իր մեջ ուժ գտնել և ամուսնու հետ մեկտեղ ոտքի կանգնեցնել տղաներին ու հետզհետե ստեղծել մեծ տնտեսություն։ Թաղավարդում զբաղվում էին գյուղատնտեսությամբ։
2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Թաղավարդ գյուղի Վերին Թաղավարդ հատվածն անցավ թշնամու վերահսկողության տակ ու մնաց փշալարերից այն կողմ։ Բալայաններն ապրում էին Ներքին Թաղավարդում (Կալեր)։
-2023-ի սեպտեմբերի 19-ին, երբ սկսվեցին հրետակոծությունները, ամուսնուս հետ տանն էինք, տղաներս՝ աշխատանքի, թոռնիկներս՝ դպրոցում։ Կրտսեր տղաս՝ Նիկոլայը, զանգեց, հորդորեց շուտ հավաքել փաստաթղթերն ու անհրաժեշտ իրերը և ասաց, որ ինչքան հնարավոր է շուտ պետք է դուրս գալ գյուղից։ Ուզում էի երեխաների հետևից գնալ, բայց այդ պահին իրենք եկան դպրոցից։ Այդ պահին միայն մի միտք էր հետապնդում ինձ՝ առանց կորուստ դուրս գալ գյուղից։ Սակայն, ցավոք, այս պատերազմը ևս անտարբեր չանցավ մեր գերդաստանի կողքով։ Ամուսնուս եղբոր տղան զոհվեց սեպտեմբերի 19-ին։ Հանգչում է Երևանի Եռաբլուր զինվորական պանթեոնում․․․
Հաջորդ օրը, ընդամենը մի քանի հագուստ ու փաստաթղթեր վերցնելով, դուրս եկանք գյուղից, ու նախ՝ Հերհեր, ապա Կոլխոզաշեն գնացինք։ 5 օր մնացինք մեզ բոլորովին անծանոթ մի ընտանիքում, որը, իհարկե, հարազատ դարձավ մեզ։ Միշտ կհիշենք այդ հյուրընկալ ու սրտացավ մարդկանց։ Սեպտեմբերի 25-ին Կոլխոզաշենի բնակչությունն սկսեց տարհանվել․ նախօրոք վառելիք էին բաժանել մեքենա ունեցողներին։ Այդ օրը մենք ևս ճանապարվեցինք դեպի Ստեփանակերտ։ Կրտսեր որդիս Ստեփանակերտում էր ապրում․ Ջիվանի գյուղից է տեղահանվել 2020-ին։ Բոլորս միասին սեպտեմբերի 27-ին բռնեցինք գաղթի ճանապարհը․ աներևակայելի դաժան ճանապարհ, որ անցանք մեր ուժերի գերլարումով։ Հակարիի կամուրջը հատելուց հետո կարողացա մի փոքր շունչ քաշել։ Շատ էի վախենում որդիներիս համար, քանի որ թշնամուց ամեն ինչ սպասելի էր,-պատմում է տիկին Ժաննան և չի կարողանում թաքցնել ներքին դողը։ Չորս պատերազմների միջով անցած, խեղված մարմնով կինն ինչպե՞ս չհուզվեր․ մահվան աչքերին անձամբ է նայել․․․
Թաղավարդում հարուստ տնտեսություն ունեին։ Քրտինքով ստեղծած ամեն ինչ մնաց թշնամուն։ 44-օրյա պատերազմից հետո, երբ թշնամին մի քանի մետր հեռավորության վրա էր, միևնույն է՝ Բալայանները չէին ցանկանում լքել գյուղը։ Նրանք շարունակում էին ստեղծել, արարել։ 2023-ի սեպտեմբերին նրանց ցորենի ամբարները լեցուն էին բերքով, բանջարանոցներն ու այգիները կքում էին բերքի առատությունից։ Քանի-քանի մեղվափեթակներ ու անասուններ թողեցին այնտեղ։ Մեղրը նոր էին քամել, տարին լավ էր։ Աշխատասեր ընտանիքը պատրաստվում էր ձմեռվան. հոգ չէր, որ Արցախը շրջափակված էր, կդիմանան․․․
-Տեղահանվելուց հետո սկզբից բնակություն ենք հաստատել Նոր Խարբերդում, իսկ վերջերս տեղափոխվել ենք Արարատի մարզի Մասիս քաղաք։ Ավագ որդուս ընտանիքի հետ ենք ապրում։ Ամուսնուս հետ թոշակառուներ ենք։ Իհարկե, դժվարություններ շատ կան այստեղ։ Տղաներս տարբեր մասնավոր կազմակերպություններում են աշխատում, զբաղվում շինարարությամբ, իսկ գործից ազատ ժամանակ՝ տաքսու ծառայություններ մատուցում։ Իմ որդիները ձեռքները ծալած չեն կարող նստել։ Սոցիալական խնդիրները շատ-շատ են, սակայն, ինչ արած, դա է արցախցու ճակատագիրը։ Մեզ ուժ է տալիս տուն վերադառնալու հավատը։ Մտածում եմ՝ մենք չգնանք, մեր սերունդները անպայման կվերադառնան։ Տղաներիս ու հարսներիս հորդորում եմ երեխաների հետ մեր բարբառով խոսել, որ երբեք չմոռացվի արցախյանը։ Կապ ենք պահպանում մեր համագյուղացիների հետ, դա ևս մեզ ուժ է տալիս։ Կցանկանայի, որ նորից միասին ապրեինք, կողք-կողքի։ Արցախը կորցնելուց հետո գոնե իրար չկորցնենք,-մտահոգություններն է կիսում Ժաննա Բալայանը։
Ինչպես բոլոր արցախցիները, Բալայանները նույնպես չեն կորցնում վերադարձի հույսը։ Նրանք ծանր են տանում Արցախի կորուստը, և հայրենի հողի կարոտն օրեցօր ավելի է մեծանում։ Շուտով մեկ տարին կլրանա, ինչ ապրում են Արցախից հարյուրավոր կիլոմետրեր հեռու։ Դա մի անպատում ցավ է, որ բոլորովին միտք չունի մեղմանալու․․․
-Երբ հիշում եմ Արցախյան առաջին պատերազմը, անմիջապես իմ աչքերի առաջ հարազատներս են գալիս, որ մի ակնթարթում թշնամու արկի զոհ դարձան։ Հինգ աճյուն միանգամից հողին հանձնեցինք։ Տղայիս ողջ մարմինը բեկորներից վնասվել էր, իսկ կինս ծանր վիրավորվել։ Նրանք հրաշքով են ողջ մնացել։ Դաժան այդ ցավը մի կերպ կարողացել ենք հաղթահարել և ապրել։ Հետո տեսել ենք քառօրյա ու 44-օրյա պատերազմներ և նորից հաղթահարել բոլոր դժվարությունները։ Հիմա հասկանում եմ՝ հողն էր մեզ ուժ տալիս, Արցախի հողը, որի վրա, անկախ ամեն ինչից, միշտ պինդ էինք կանգնած,-կնոջ խոսքը շարունակում է Սերյոժան։
Բալայան ամուսինները հիմա զբաղվում են թոռնիկների խնամքով։ Այդ հաճելի աշխատանքը նրանց հեռացնում է դառը հուշերից և նորից կյանք վերադարձնում։
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ