Հողագործության պետական աջակցության նոր ծրագրեր են իրականացվում
Գլխավոր » Լրահոս » Հողագործության պետական աջակցության նոր ծրագրեր են իրականացվում

Հողագործության պետական աջակցության նոր ծրագրեր են իրականացվում

աշնանացան

Արցախի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ծրագրով՝ գյուղատնտեսության նախարարությունը հողօգտագործողներին աջակցություն կցուցաբերի աշնանացան մշակաբույսերի բարձրորակ սերմացու ներկրելու գործում: Այս մասին Ապառաժ-ի հետ զրույցում տեղեկացրել է գյուղատնտեսության փոխնախարար Վիլեն Ավետիսյանը:

Նրա խոսքով՝ տարիներ շարունակ պետությունը, ի դեմս գյուղնախարարության,   սկզբունքորեն որևէ կերպ ներգրավված չի եղել աշնանացան մշակաբույսերի սերմերի ձեռքբերման գործընթացում: Քանի որ այս տարի անբարենպաստ եղանակային պայմանների հետևանքով խիստ նվազել է ցորենի սերմի համար պիտանի հատիկի ծավալները, որոշում է կայացվել հողօգտագործողներին աջակցել էլիտար՝ բարձր վերարտադրողականությամբ  սերմացու ներկրելու գործում: Արդյունքում, ակնկալվում է առաջիկա 3-4 տարիների ընթացքում ունենալ տեղում վերարտադրված աշնանացան մշակաբույսերի որակյալ  սերմացու: Աջակցության ծրագրի համաձայն՝ սերմացուի ներկրումը պետք է իրականացվի արտերկրի և ՀՀ  մասնագիտացված ընկերություններից՝ համապատասխան ուղեկցող փաստաթղթերով: Ծրագրիրն ունի երկու խումբ շահառուներ՝ մատակարար-շահառու և շահառու: Ըստ այդմ, շահառու են հանդիսանում նրանք, ովքեր ներմուծված հացահատիկի ցանքսն իրականացնելու են իրենց հողատարածքներում: Մատակարար շահառուներ են հանդիսանում այն հողօգտագործողներն ու անձինք, ովքեր սերմացուն ներկրելու են և՛ իրենց,  և՛  այլ հողօգտագործողների համար: Հաշվի առնելով, որ որոշ հողօգտագործողներ փոքր ծավալներով սերմացու ներկրելու խնդիր ունեն,  աջակցության այս ծրագրով, առանց մասնակցի կարգավիճակ ունենալու,  որպես շահառու են ընդգրկվել նաև այն մատակարարները, որոնք համապատասխան ծավալի հացահատիկի սերմացուի ներկրման  պատվեր կստանան  մի խումբ հողօգտագործողների կողմից: Բացի այդ, մինչև սեպտեմբերի 10-ը բարձրորակ սերմացուի ներկրման համար հողօգտագործողներին  դիմելու հնարավորություն էր ընձեռվել նաև Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի միջոցով:

Գյուղատնտեսության նախարարությունը սուբսիդավորելու է  աշնանացանի բարձրորակ սերմացուի մեկ կիլոգրամի արժեքի 70 դրամը: Գործում են նաև սահմանափակումներ: Մասնավորապես, մեկ հողօգտագործողի դեպքում սուբսիդավորվելու է մինչև 200  հեկտար ցանքատարածք: Պետության կողմից սուբսիդավորվող  սերմացուի ծավալը  ցորենի դեպքում՝  1 հեկտարի համար սահմանվել է  250 կգ -ի չափով, գարու դեպքում՝ 1 հեկտարի համար՝ 160 կգ և տրիտիկալի՝ 1 հեկտարին՝  220 կգ:  Հարկ է նշել, որ ներկրված  սերմացուն պետք է փորձաքննության ենթարկվի գյուղնախարարության լաբորատորիայում: Ներկրման ծրագրի վերջնաժամկետը ընթացիկ տարվա հոկտեմբերի վերջն է: Այնուհետև, տասնհինգօրյա ժամկետում՝ մինչև նոյեմբերի 15-ը,  սերմացուն ձեռքբերելու համար բոլոր ցանկացողները պետք է ներկայացնեն պահանջվող փաստաթղթերը: Փոխնախարարի խոսքով՝ աջակցության ծրագրի նկատմամբ հետաքրքրությունը մեծ է, սակայն հստակ թվերին  անդրադառնալը դեռ վաղ է:

Գյուղատնտեսության նախարարության պաշտոնական կայքէջի հաղորդմամբ՝ նորարարական է նաև ջերմատների կառուցմանն ուղղված աջակցության ծրագիրը: Այն ներդրումային բնույթի է. 1 հա ջերմոցի կառուցման դիմաց նախատեսվում է արժեքի 50%-ի չափով փոխհատուցում, բայց ոչ ավելի, քան 200 մլն դրամի աջակցություն:
Կարևորելով անասնաբուծական կերային կայուն բազայի ստեղծումը, կխրախուսվի կորնգանի և առվույտի մշակությունը. նվազագույնը՝ 1 հեկտարի հաշվով նախատեսվում է տրամադրել 40 000 դրամ անհատույց աջակցություն:
Ծխախոտագործության ոլորտում աջակցության փոփոխությունը կայանում է մթերված յուրաքանչյուր կգ բերքի դիմաց 20 դրամ լրավճարի տրամադրում՝ նախկին 10 դրամի փոխարեն:
Ուշագրավ է վարելահողերի համատեղ մշակության ծրագիրը. վերջինս ենթադրում է նվազագույնը 10 հա հողի ենթավարձակալության պայմանագրով համատեղ մշակվող հողատարածքի դիմաց 50 000 դրամի հատուցում՝ յուրաքանչյուր 1 հեկտարի համար:
Այգեգործության վերաբերյալ հարկ է նշել, որ տնկիները կընտրվեն և կներմուծվեն հողօգտագործողի կողմից, նախարարությունը կսուբսիդավորի տնկանյութի արժեքը՝ առավելագույնը 1000 դրամ 1 տնկու դիմաց: Նախապատվությունը տրվում է տեղական արտադրությանը:

Գյուղնախարարությունն աջակցություն է տրամադրելու նաև արտեզյան ջրհորների  հորատման  համար: Սեփական ուժերով  արտեզյանի հորատման դեպքում, հողօգտագործողի՝ պետության կողմից տրամադրվող  փոխհատուցումը կազմելու է (նվազագույնը 20 հա այգի)՝ 100 մետր խորությամբ արտեզյան խորքային հորերի համար՝ առավելագույնը 7 500 000 դրամ, 125 մետրի համար՝ առավելագույնը 10 000 000 դրամ, 150 մետրի համար՝ առավելագույնը 12 500 000 դրամ:

Վան ՆՈՎԻԿՈՎ

1