Հոգևոր զարթոնքը կարող է դառնալ մեր միաբանության ներուժը

Ապրիլի 23-ին՝ նախքան ավանդական ջահերով երթի մեկնարկը, Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցում տեղի է ունեցել հսկման և խոկման արարողություն, միասնական աղոթք։ Այնուհետև հավատացյալներին իր խոսքն է հղել Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը.
«Այսօր ուխտի օր է՝ և՛ եկեղեցական օրացույցով, և՛ որպես հայ քրիստոնյա. մեր հոգու ուխտն է: Եկեղեցական օրացույցով այսօր սուրբ Հովանու Կարապետի տոնն է: Սուրբ Հովանու Կարապետի անունը կրող թեմի եկեղեցիներում այսօր սուրբ և անմահ պատարագ է մատուցվել՝ ի հիշատակ այդ մեծագույն սրբի, որը լույս աշխարհ եկավ՝ հաստատելու նոր օրենք և նոր օրենքի միջոցով Քրիստոսի գալուստը:
Այսօր մենք միասնական աղոթքով և խոկումով առ բարձրյալն Աստված աղոթք բարձրացրինք զորանալու և ամրանալու և վստահ լինելով, որ Աստված երբեք չի լքում իրեն հավատացողներին: Ներկայիս մեր ժողովուրդը այդ հավատքի մնայուն կրողն է և հոգով, սրտով հավատում է մեր տեր Հիսուս Քրիստոսին: Ծանր օրերի միջով ենք մենք ազգովի անցնում: Սա կարելի է համեմատել Մովսես մարգարեի առաջնորդությամբ Եգիպտոսից դեպի Ավետյաց երկիր հրեա ժողովրդի ելքի հետ: Եթե միասնական և միակամ լինենք առ Աստված մեր մտածումներով, մեր ապրելակերպով, մեր սրբազան կենցաղավարությամբ կհասնենք Ավետյաց երկիրը վայելելուն: Սա ճշմարտություն է, այնքանով, որքանով մենք լավ գիտենք ինքներս մեզ, լավ գիտենք մեր ներուժը և շատ լավ ենք պատկերացնում այն քաղաքականությունը, որ տեղի է ունենում մեր շուրջ: Ուստի մենք ավելի հզորանալու և միաբանվելու համար պետք է կարողանանք ինքներս մեզ առաջին հերթին հասկանալ, ճանաչել և նոր մեր քայլերը կատարել:

1915թ. մեր հայրերն ու պապերը երազել են հզոր հայրենիք, պետություն ունենալու մասին և այդ երազանքը մենք ենք կյանքի կոչել, մենք ենք, որ կարողացել ենք պետություն ստեղծել և այդ պետությունը պահել ու պահպանել: Երջանկահիշատակ Վազգեն Վեհափառ Հայրապետն ասում էր. «Պետություն ստեղծելը հերոսություն է, պետություն պահելը և պահպանելը՝ առաքելություն»: Ուստի հերոսություն են արել այն անձինք, ովքեր պետություն են կառուցել. հերոսություն ու առաքելություն ունեն ա՛յն անձինք, ովքեր պետք է պահեն և պահպանեն այս պետականությունը:
Որպեսզի մենք կարողանանք այս դժվարին օրերն անցկացնել և ճիշտ քայլ կատարել, պետք է ունենանք բանաձև: Այդ բանաձևն այն է, որ կարևորագույն և լրջագույն հարցերում պետք է միակամ ու միասին լինենք, երկրորդական հարցերում կարող ենք ինքնուրույնություն ցույց տալ, իսկ ամեն ինչում պետք է առաջնորդվենք հավատքով և սիրով: Ահա այս է այն բանաձևը, որով մենք կարող ենք ճիշտ և հզոր քայլ կատարել այս դժվարին օրերին:
Համախմբված աղոթեցինք: Հավատքն է այն զորավոր ուժը, որ մեզ միավորում է. առանց հավատքի անձը տկար է: Մենք կարող ենք վստահ ասել, որ հայ ժողովուրդն իր ամբողջ կյանքի ընթացքում հավատացել է իր ճշմարիտ Աստծուն, հոգով, սրտով նվիրվել իրեն, սիրել է իր հայրենիքը, եկեղեցին և պատվել իր ծնողներին: Բայց քաղաքականության մեջ հավատք չկա, քաղաքականության մեջ կա շահ, պայքար, քաղաքականության մեջ կա քաղաքականություն:

Մեր հավատքն առ Աստված լինի անմնացորդ, մեր սերը առ եկեղեցի՝ նվիրական, պատվենք մեր ծնողներին, սիրենք մեր զավակներին և իրապես կկարողանանք ճիշտ քայլ կատարել մեր ապագայի նկատմամբ:
Այս մտածումներով մենք պետք է արթնանանք հոգևոր թմբիրից, հոգևոր զարթոնքը կարող է դառնալ մեր միաբանության ներուժը: Իրապես պետք է ասենք՝ զարթնի՛ր, լաո, մեռնիմ քեզի, որովհետև ահա այս ձևով է, որ Աստված կպահի մեր ազգը: Այս մտածումներով թող Աստված օրհնի մեզ բոլորիս և կարողանանք ուխտի գնալ հավատքով, աղոթքով դեպի մեր նախնիները: Եկեղեցին նրանց սրբագործել է, և նրանք մեր ականջին մշտապես շշնջում են, որ այլևս պետք չէ, որ մենք սայթաքենք»: