«Հնչող ձայներ» և «Պատերազմի դուռը» գրքերը հասել են Արցախ. անդրադարձ Ստեփանակերտից

Սեպտեմբերի 28-ին Արցախի պետական համալսարանում տեղի է ունեցել Համազգային հայ կրթական եւ մշակութային միության հրատարակած երկու գրքերի՝ «Հնչող ձայներ» և «Պատերազմի դուռը» գրքերի շնորհանդեսը: «Հնչող ձայներ»-ը ներկայացնում է 44-օրյա պատերազմում զոհված հերոս տղաների ստեղծագործությունների ժողովածուն։ Այն տպագրվել է Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի կողմից:
Շնորհանդեսին ներկա է եղել Համազգայինի Երևանի գրասենյակի տնօրեն Ռուզան Առաքելյանը։ «Պատերազմի դուռը» գիրքը Վիտալի Պետրոսյանի 5-րդ գիրքն է, սակայն մյուս բոլոր գրքերը մնացել են հայրենի Հադրութում։ Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի նախաձեռնությամբ հրապարակված գիրքը խտացված գույներով ներկայացնում է պատերազմին նախորդող ժամանակահատվածի և հաջորդող իրողությունների տրամադրությունները:
Համազգայինի Արցախի եւ Երևանի գրասենյակների տնօրենները նաեւ հարցազրույց են ունեցել Արցախի հանրային հեռուստատեսությամբ։
yerkir.am