Հնարավոր չէ այլ վայրում գտնել այն երջանկությունը, որը զգում ենք մեր հողի վրա ապրելով
Հայ Յեղափոխական Դաշնակցության Արցախի երիտասարդական միության գործունեության պատմությունը սկսվում է Արցախյան առաջին պատերազմի տարիներից, երբ Սփյուռքի տարբեր օջախներից այստեղ ժամանած գործիչների ու տեղի դաշնակցական ընկերների կողմից կազմակերպվում էին սկաուտական, պատանեկան բանակումներ, աշխատանք էր տարվում երիտասարդական խմբերի հետ։ ՀՅԴ ԱԵՄ-ի գործունեութունը, կարելի է ասել, պաշտոնապես հայտարարվեց 1999 թ․, երբ ձևավորվեց միության աշխատանքները համակարգող վարիչ մարմինը։ Անցած տարիների ընթացքում ՀՅԴ ԱԵՄ-ը և ՀՅԴ «Արամ Մանուկյան» ուսանողական միությունը բավական ակտիվ դերակատարություն են ունեցել Արցախի հասարակական, քաղաքական կյանքում, յուրատեսակ թրծման ու կայացման դպրոց եղել բազմաթիվ երիտասարդների համար։
44-օրյա պատերազմը և դրա հետևանքով ստեղծված իրավիճակը բացասական ազդեցություն են թողել ԱԵՄ-ի կազմակերպական գործունեության վրա, միությունը կրել է անդառնալի մարդկային կորուստներ, ցրվել են Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղում, Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաքում գործող պատանեկան ու երիտասարդական խմբերը։ ՀՅԴ ԱԵՄ-ի կենտրոնական վարչության անդամ Վահագն Խաչատրյանի խոսքով՝ պատերազմից հետո բոլորի նման երիտասարդական միության անդամներն էլ բարդ հոգեբանական վիճակում էին գտնվում ու շատ դժվար էր բոլորին նորից կենտրոնացնել մեկ գաղափարի շուրջ։ «Պատերազմի ընթացքում կառույցն ունեցավ երկու գործող ընկերների և երկու նախկին ընկերների կորուստ։ Կովսականի, Վազգենաշենի ընկերները, որոնք հիմնականում վերաբնակիչներ էին, պատերազմից հետո մեծ մասամբ հաստատվել են ՀՀ-ում»,- նշում է Վ․ Խաչատրյանը։ Նրա խոսքով՝ պատերազմից հետո մի քանի հստակ ուղղությամբ էին աշխատում, փորձում աշխուժացնել երիտասարդական կյանքը և ընկերներին վերադարձնել ակտիվ երիտասարդական դաշտ։ «Տարբեր ծրագրեր իրականացրինք պատերազմից հետո վնասված պատմամշակութային հուշակոթողների վերականգնման, մաքրման ուղղությամբ։ Պատերազմից անմիջապես հետո ՀՅԴ Բյուրոյի երիտասարդական գրասենյակի հետ իրականացրինք «Վերելք» ծրագիրը, որի նպատակը երիտասարդներին որակյալ ոչ ֆորմալ կրթություն տալն էր, նաև հնարավորություն ընձեռելը, որպեսզի նրանք երիտասարդ տարիքում սկսեն բիզնես գործունեությունը, Արցախում նոր աշխատատեղեր բացեն և իրենց արմատները այս հողում գցեն։ Ծրագիրը տևել է շուրջ վեց ամիս, և մասնակցել են մոտ 110 երիտասարդներ։ Ուսուցման ավարտից հետո ընտրված լավագույն բիզնես ծրագրերը ֆինանսավորվել են։ Դրանք այժմ էլ գործում են, սակայն ինչպես բոլոր ոլորտների վրա, այնպես էլ այս ծրագրերի վրա շրջափակումը իր բացասական ազդեցությունն է թողնում՝ արգելակելով արտադրանքի արտահանումը, ինչպես և հումքի ներմուծումը»,- իրականացված ծրագրերը ներկայացնում է ԿՎ անդամը։
Բացի վերոնշյալից՝ պատերազմից հետո առաջին տարում Արցախում անց են կացվել 10 ճամբարներ, որոնց մասնակցել են շուրջ 1200 պատանիներ։ Ճամբարները կյանքի են կոչվել Լիբանանի և Ֆրանսիայի ՀՅԴ երիտասարդականների հետ համատեղ։ 2022 թ․ ճամբարային ծրագրին միացավ ԱՄՆ արևմտյան շրջանը, վերապատրաստման և վարժողական ծրագրեր են իրականացվել, որոնց մասնակցել են Ամերիկայի արևելյան և արևմտյան շրջանների երիտասարդները։ Այստեղ գտնվելով՝ նրանք իրենց փորձն են փոխանակել ու փորձառություն ձեռք բերել, նաև շփվել են տեղի երիտասարդների հետ․ այսպիսով՝ ամուր կապեր են հաստատվել տարբեր շրջանների երիտասարդականների հետ։ ՀՅԴ ԱԵՄ-ը ուշադրություն է դարձրել նաև սոցիալական ծրագրերին, ՀՅԴ այլ երիտասարդական շրջանների հետ իրականացվել է Արցախի սահմանամերձ շրջաններում երեխաներին նվերների բաշխման ծրագիր։
Մեծ աշխատանք է տարվում նաև պատանեկան միությունների հետ։ Այս իրավիճակում հատկապես խոցելի են պատանիները, ուստի փորձ է արվում տարաբնույթ դաստիարակչական, ժամանցային և այլ ծրագրերով նրանց պահել ուշադրության կենտրոնում։
Քարոզչական ու գաղափարական աշխատանքների շնորհիվ պատանեկան և երիտասարդական նոր խմբեր են կազմավորվել Ասկերանի շրջանի Նորագյուղ և Մարտակերտի շրջանի Վանք համայնքներում։ Այս երկու համայնքներում գրասենյակներ են բացվել։ Բացի դրանից՝ ՀՅԴ ԱԵՄ-ը ակտիվորեն արձագանքել է քաղաքական դաշտում տեղի ունեցող զարգացումներին և տարբեր ակցիաների միջոցով իր բողոքի ձայնն ու անհամաձայնությունն է արտահայտել տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ, նաև ավանդական դարձած հիշատակի երթեր ու միջոցառումներ են կազմակերպվել։
Ինչ վերաբերում է շրջափակման ժամանակ ծավալված գործունեությանը, երիտասարդական միությունը բախվել է նոր մարտահրավերների, հատկապես տրանսպորտի բացակայության պատճառով դժվարացել է կապը մայրաքաղաքի և մյուս շրջանների միջև։
«Համենայն դեպս այս պայմաններում ևս փորձել ենք աշխատել։ Խոշոր ծրագրերից էր գարնանը Վանքում կայացած մեկօրյա պատանեկան ճամբարը, որում ընդգրկվել են նաև հարակից չորս գյուղերի պատանիները։ Շուրջ 100 պատանի շրջափակման այս ծանր պայմաններում ուրախ ժամանց ու հաճելի առօրյա է ունեցել»,- ասում է Վ․ Խաչատրյանը։
Շրջափակումը ՀՅԴ ԱԵՄ-ին զրկել է Արցախից դուրս կազմակերպվող մի շարք ծրագրերին մասնակցելու հնարավորությունից, անհնարին է դարձել նաև դրսից ընկերների մուտքը Արցախ և տարբեր ծրագրերի իրականացումը։ ՀՅԴ ԱԵՄ-ի կենտրոնական վարչության որոշմամբ, չնայած դժվարություններին՝ որոշվել է շարունակել ավանդական ճամբարների կազմակերպումը և սեփական ուժերով Մարտունիում պատանեկան ճամբար ու Վանքում երիտասարդական բանակում կազմակերպել։ «Չնայած Արցախի լիակատար շրջափակմանը՝ մենք ամեն դեպքում մեր առջև նպատակ էինք դրել ամառային ճամբարները սեփական ուժերով կազմակերպել, քանի որ Սփյուռքից մեր ընկերները չկարողացան ժամանել։ Սննդի, վառելիքի բացակայության պայմաններում և մնացած այլ խնդիրներն անտեսելով՝ մենք Մարտունիում կարողացանք կյանքի կոչել 10-օրյա բակային ճամբար, որին մասնակցել են 100-ից ավելի պատանիներ»,- ասում է Վ․ Խաչատրյանը։
«Բոլոր ծրագրերը կյանքի են կոչվում մեր ընկերների մեծ պատրաստակամության, ջանքերի շնորհիվ, որովհետև ստեղծված սոցիալ-տնտեսական ու անվտանգային խնդիրները ոչ միայն կազմակերպության աշխատանքներն են խաթարում, այլ նաև լուրջ խնդիրներ են ստեղծում մեր անձնական կյանքում։ Չնայած այս ամենին՝ ծրագրերը իրականություն ենք դարձնում, որովհետև պարտական ենք զգում մեր այն ընկերների առջև, որոնք իրենց կյանքը չեն խնայել, որպեսզի կարողանանք այստեղ ապրել։ Որքան էլ պայմանները լավ լինեն, հնարավոր չէ այլ վայրում գտնել այն երջանկությունը, որն այսօր մենք զգում ենք՝ ապրելով մեր հողի վրա»,- նշում է ՀՅԴ ԱԵՄ-ի անդամը։
Տաթևիկ Աղաջանյան
Արցախ, լրագրող