ՀՄԸՄ համաարցախյան երկրորդ բանակումը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » ՀՄԸՄ համաարցախյան երկրորդ բանակումը

ՀՄԸՄ համաարցախյան երկրորդ բանակումը

Հուլիսի 23-28-ը Ստեփանակերտի «Կարկառ» ճամբարի տարածքում կայացել է Հայ մարմնակրթական ընդհանուր միության (ՀՄԸՄ) համաարցախյան երկրորդ բանակումը: Համաարցախյան առաջին բանակումը կազմակերպվել է մասնաճյուղի բացման տարվա ընթացքում՝ 2019թ.: Դրանից հետո կորոնավիրուսի, պատերազմի պատճառով աշխատանքները հետաձգվել են:

ՀՄԸՄ-ի Արցախի մասնաճյուղի ատենապետ Դավիթ Գրիգորյանի խոսքով՝ այս պայմաններում բանակումի կազմակերպումը մեծ մարտահրավեր է, սակայն առողջ դաստիարակությունը, կրթությունը չպետք է տուժեն՝ անկախ պայմաններից: «Նախքան բանակումը 25 հոգանոց խմբապետական կազմին պատրաստելու աշխատանքներ են ընթացել: Բանակումին Ստեփանակերտի դպրոցներից 4-ական տղա ու աղջիկ ենք ընդգրկել, նախատեսում էինք 96 հոգի նորագիր ու խմբապետական կազմ, բայց առաջին օրը 125 հոգի մասնակիցներ կային: Երկու օր հետո մոտ 40 լքեցին ճամբարը՝ դժվար պայմանների, հարազատների կարոտի պատճառով, այժմ 100 մասնակից կա»,- ասում է նա:

-ՀՄԸՄ-ի նպատակը միտքն ու մարմինը մարզելն է, մեր ճամբարները շենքերում չեն լինում, կազմակերպվում են վրանային պայմաններում, բնության գրկում: — Նշում է ճամբարի պետ Անդրանիկ Չավուշյանը: — Խանգարող հանգամանքներ կային, բայց կարողացանք դրանք հաղթահարել: Ժամանակի սղության ու տեղատարափ անձրևների պատճառով որոշ նախատեսված ծրագրեր չկարողացանք իրագործել: Տարբեր դպրոցների աշակերտների տարբեր խմբերում ընդգրկեցինք, կարողացանք համախմբել, ծանոթացնել իրար հետ,- հավելում է ճամբարի պետը:

Բանակումին ֆինանսապես աջակցել է ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, ծախսերի մի մասն էլ հոգացել է ՀՄԸՄ-ի Կենտրոնական վարչությունը:

Բանակումի սկիզբը ազդարարվում էր առավոտյան ժամը 7:00-ին, այնուհետև նախավարժանք, վրանների ստուգում, մաքրում, դասախոսություններ, մարզական մրցույթներ, ժամանցային խաղեր: Նպատակը պատանիներին գործնականում սկաուտական աշխատանքներին ծանոթացնելն է, սկաուտական նոր խմբեր պատրաստելը և բնությանն ավելի մոտ դարձնելը:

Ինչպես նշում են կազմակերպիչները, ամենամեծ խնդիրը սննդի հետ էր կապված, որի պատճառով ստիպված մի շաբաթ հետաձգել են ծրագիրը՝ տեղական բանջարեղենի սեզոնին հասնելու համար: Նաև բանակավայրն են Ստեփանակերտից մոտիկ վայր ընտրել, որպեսզի հնարավոր լինի սնունդը հասցնել, նաև հիվանդանոցին մոտ լինեն: Բանակումին մասնակցում էին 11-12 տարեկան պատանիներ: Նրանք նշում են, որ այս օրերի ընթացքում ավելի կարգապահ, կազմակերպված են դարձել, ավելի լավ են սկսել ճանաչել բնությունը, ու բանակումը կմնա որպես լուսավոր դրվագ:

Բանակումի փակման արարողության ժամանակ մասնակիցները հանդես են եկել սպորտային, գեղարվեստական ելույթներով, ակտիվություն ցուցաբերած սկաուտները պարգևատրվել են պատվոգրերով ու շնորհակալագրերով, իսկ երեկոն եզրափակվել է խարույկի շուրջ հաճելի ժամանցով:

1