Հին ու սիրված մուլտֆիլմերը խոսում են արցախյան բարբառով

Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի նախկին դերասան, ներկայումս Երևանում բնակվող Պարույր Ներսիսյանի՝ հիմնականում ռուսերենից արցախյան բարբառով թարգմանած ու ձայնագրած հին ու բարի մուլտֆիլմերը լայն տարածում են գտել ֆեյսբուք սոցիալական կայքում, որտեղ նաև «Դեդո-բաբոյի բարբառով մուլտեր ու ֆիլմեր» խորագրով հատուկ խումբ է ստեղծվել:

Խոսելով արցախյան բարբառով մուլտֆիլմերի թարգմանությամբ զբաղվելու մտահղացման մասին, «Ապառաժ»-ի հետ զրույցում Պարույրը տեղեկացրեց, որ երկրում հայտարարված արտակարգ դրության պատճառով պարտադրված լինելով տանը մնալ, փորձեց հետաքրքիր անակնկալ մատուցել հանրությանը: Արդյունքը՝ ունեցած տեխնիկական հնարավորություններով մուլտֆիլմերի թարգմանությանն ու վերաձայնագրմանը ձեռնամուխ լինելն էր:
Ծննդով արցախցի՝ մեր համերկրացու խոսքով՝ հաճախ է հանդիպել հայերենի տարբեր բարբառներով թարգմանված ու ձայնագրված ֆիլմերի, մուլտֆիլմերի, մինչդեռ արցախյան բարբառով գրեթե չկար: Ըստ մեր զրուցակցի՝ արցախյան բարբառն իր ուրույն համ ու հոտն ունի, որը մուլտֆիլմերին նոր հետաքրքրություն է հաղորդել :

Արցախյան կոլորիտից բացի, Պարույրի բարբառային թարգմանություններն ուրախ տրամադրություն են հաղորդել հին ու նոր սիրված մուլտֆիլմերին: Նրա հաղորդմամբ, թարգմանությունը բառացի չի կատարում, քանի որ այդ դեպքում միայն ռուսերենին բնորոշ շատ արտահայտություններ ու ռուսական ժողովրդական ասացվածքներ դուրս կմնային: «Մեր բարբառը ոչնչով չի զիջում այլ լեզուներին ու բարբառներին: Ես փորձել եմ այդ հետաքրքիր մուլտֆիլմերը համեմել մեր ոսկեղենիկ բարբառով»,- նշում է Պարույրը՝ տեղեկացնելով, որ այս ընթացքում ավելի քան 8 մուլտֆիլմ, ինչպես նաև գեղարվեստական ֆիլմ է արցախյան բարբառով ներկայացրել հանրությանը: Արձագանքները դրական են ու ոգեշնչող: Քննադատողները համարում են, որ բարբառային թարգմանությունը վնասում է մուլտֆիլմերի ասելիքին: Այդուհանդերձ, նախաձեռնության հեղինակը դրական է վերաբերում արձագանքերին՝ միաժամանակ հավելելով, որ ուրախ կլիներ լսել նաև առաջարկներ: Անդրադառնալով մուլտֆիլմերի ընտրությանը, Պարույրը մանրամասնեց, որ արցախյան բարբառով փոխադրում է հիմնականում այն մուլտֆիլմերը, որոնք հայտնի ու սիրված էին իր մանկության տարիներին:

Վան Նովիկով