Հին ու նոր խնդիրների լուծման ուղիները փնտրող Ննգին
Գլխավոր » Լրահոս » Հին ու նոր խնդիրների լուծման ուղիները փնտրող Ննգին

Հին ու նոր խնդիրների լուծման ուղիները փնտրող Ննգին

Ստեփանակերտից ընդամենը 20 կմ հեռավորության վրա է գտնվում Ննգի բնակավայրը: Ստեփանակերտում տեղացող անձրևը լեռնային այս գյուղում փոխակերպվել էր առատ ձյան: Իսկ համայնքի ղեկավարը՝ Զարմիկ Քամալյանը, խոզերին սրսկելու գործով էր զբաղված այդ ժամանակ: Գործն ավարտելուց հետո համայնքապետարանի հին շենքի վառարանի մոտ պատմում է գյուղի մասին: 2004 թ. համայնքի ղեկավարի պարտականությունները ստանձնած Զարմիկ Քամալյանը նշում է, որ առկա խնդիրներին փորձում են սեփական ուժերով լուծումներ տալ: Ինչպես ասում են՝ գյուղ կանգնի՝ գերան կկոտրի:

Բազմաթիվ հովանավորների (60-70 հոգի) փոքր նվիրատվություններով վերանորոգել են ակումբի շենքը: «7 տարի է, ինչ աշխատում ենք ակումբի շենքի վերակառուցման, կահավորման, վերանորոգման ուղղությամբ: Երբ փողը լինում է, ինչ որ բան ավելացնում ենք: Քանի որ միջոցները սուղ ենք, աշխատանքները դժվարությամբ են առաջ գնում»,- ասում է Զարմիկ Քամալյանը:

Ննգի ակումբի շենքը

Գյուղացիներն օգտվում են ինքնահոս ջրերից, բայց տարիներ շարունակ ջրագծերի վերանորոգման հարց է առաջանում: Ըստ Ննգիի համայնքապետի՝ համայնքի բյուջեի հաշվին պոլիէթիլենային խողովակներ են գնել, նաև Արցախում բնակվող ֆրանսիացի դաշնակցական Միշել Տանկրեզի աջակցությամբ ակունքից եկող 1 կմ ջրագիծն են փոխել:

Շատ գործեր կան անելու՝ գյուղապետարանի շենքի, դեպի վարելահողեր տանող ճանապարհի երկու կամուրջների վերանորոգում, գյուղամիջյան ճանապարհների սալապատում:

Վերանորոգման ենթակա Ննգիի գյուղապետարանի շենքը

Ըստ Քամալյանի՝ Արցախի ցանկացած համայնքի պետք է սահմանված չափով դրամական աջակցություն տրամադրվի և համայնքի ավագանին տեղում, ըստ առաջնահերթության, որոշի, թե ինչ խնդիր է լուծելու:

Իհարկե, ողջունելի է, որ համայնքի ղեկավարները 5 տարվա ծրագիր են կազմում, հիմնական խնդիրները ներկայացնում, բայց երբ դրանք լուծելու ուղղությամբ ոչինչ չի արվում, այն դառնում է ձևական: «Չեմ ուզում ձևական ծրագրեր կազմենք: Ամեն ինչին պետք է գլոբալ մոտենալ, ծրագրված աշխատել»,- նշում է Զարմիկը:

Համայնքի ղեկավարը մատնանշում է Ննգիով անցնող՝ կարևոր նշանակություն ունեցող ճանապարհի ասֆալտապատման աշխատանքների ցածր որակը: Նախկին հենապատերը քանդել են, նորը չեն կառուցել, անձրևաջրերի համար նախատեսված ջրատար ուղիներ չեն դրվել:

Մոտ 600 հա անտառային հողեր ունեցող Ննգի համայնքի բյուջեն հիմնականում վառելափայտից ստացված եկամուտով է համալրվում: Նաև արոտավայրերի մաքրման ծրագիր են իրականացնում, որի շնորհիվ արոտավայրն ըստ նշանակության օգտագործելուց զատ, նաև գյուղացիներն են աշխատանք ունենում: Ծրագիրն այս տարի իրականացրել են գյուղատնտեսության նախարարության աջակցությամբ, մաքրել են արոտավայրերը, հեռացրել թփուտները: «Լավ ծրագիր էր, բայց ափսոս, որ մի տարվա ծրագիրը 3 ամսում վերջացրել ենք»,- ասում է գյուղապետը:

Զարմիկ Քամալյանը շատ լավ է հասկանում անտառների նշանակությունը՝ հատկապես գլոբալ տաքացման ֆոնին: Բայց, նախ, Ննգիի ու հարևան գյուղերի բնակիչները ձմռանը փայտն են որպես վառելիք օգտագործում, քանի որ տաքացման այլ հնարավորություն չունեն: Եվ երկրորդ, անասնապահության համար էլ անհրաժեշտ են արոտավայրերը: «Այս հանգամանքները հաշվի առնելով՝ ինքս իմ դեմ պայքարում եմ: Քաղաքական ելույթներում բոլորը խոսում են անտառահատումներից, բայց չեն խոսում չգազիֆիկացված գյուղերի մասին: Իհարկե, կան անտառը բիզնես նպատակով օգտագործողներ, բայց հնարավոր չէ գյուղացուն արգելել փայտ վառել, եթե այլընտրանք չես առաջարկում»,- նշում է նա: Համայնքի ղեկավարը նաև անտառների տնկման ծրագիր է առաջարկել՝ ընդլայնելու գյուղի կանաչ տարածքները, առավել ևս, որ գյուղի տարածքում խոնավության շնորհիվ անտառներն արագորեն աճում են:

Ննգիի համայնքի ղեկավար Զարմիկ Քամալյանը

2005թ. արոտավայրի մաքրման համար դատական գործ է հարուցվել նրա դեմ, բայց իրականում դատը քաղաքական ենթատեքստ ուներ: Չի հաջողվել ապացուցել իր մեղքը: Զարմիկ Քամալյանը հիշաչարությամբ չի հիշում դեպքը. կարևորը՝ իր անմեղությունն ապացուցվել է, իսկ համագյուղացիները, որոնք ի պաշտպանություն իրեն նույնիսկ հրապարակ են դուրս եկել, շարունակում են աշխատել:

Սակայն, վառելափայտ վաճառելով հնարավոր չէ տան բոլոր կարիքները հոգալ: Ննգեցիները հիմնականում անասնապահությամբ են զբաղվում:

«Մեր գյուղում մի փոքրիկ գաղտնիք կա: Բարձր լեռնային տարածքներում հացահատիկային կուլտուրաները լավ չեն աճում: Իհարկե, գյուղում անասնապահությամբ են զբաղվում, բայց ծովի մակարդակից 500 մետրից բարձր վայրերում պահվող անասունների մթերատվությունը զիջում է ավելի ցածրում պահվողներին: Մեր պապերը մի խոսք ունեին՝ եթե անասունի մեջքը չի տաքանում, ոչ միս կտա, ոչ էլ կաթ: Ստիպված պահում ենք»,- ասում է համայնքի ղեկավարը՝ համեմատելով Ննգիում պահվող անասունների կաթնատվությունը հարևան՝ ավելի ցածրադիր վայրերում պահվողների հետ:

Գյուղում ընկույզ, զկեռ ու մասուր է լավ աճում, որոնք կողքից փոքր օգնություն են գյուղացիների համար, իսկ մշտական եկամուտ չեն կարող ապահովել:

Հիմնականում բարձր լեռնային շրջանում տեղակայված մի շարք գյուղեր՝ Ննգին, Բերդաձորը (Ղարաղշլաղը) և այլն, ներքևի ավելի ցածրադիր՝ Ալիբալիի, Գևորգավանի տարածքում հողատարածքներ ունեին: «Ննգին 300 տարի առաջ Ալիբալիի տարածքում հողեր ուներ: Մեր պապերի պատմածից հիշում ենք, որ այնտեղից ցորենը սայլերով բերում-հասցնում էին գյուղ: Այնտեղ հնձել, պահել են և աստիճանաբար հասցրել Ննգի: Գյուղամերձ տարածքում կտավատ ու հաճար էին ցանում, որից ստացված ձեթն օգտագործում էին կերակուրների պատրաստման համար»,- պատմում է Ննգիի գյուղապետը:

Ալիբալիի հողերը ներկայումս ննգեցիները չեն մշակում, քանի որ 1998թ. խաբեությամբ գյուղացիներին համոզել են և սեփականաշնորհել գյուղամերձ հողատարածքները: Հրավիրված ժողովի ժամանակ գյուղացիներին համոզել են, որ Ալիբալիի տարածքը ականապատ է և մշակության համար ոչ պիտանի: Ննգեցիները հաստատ չգիտեն, թե ովքեր են հիմա վարձակալները, բայց կարծում են, որ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդրն է տնօրինել իրենց պատկանող տարածքները: Ալեքսանդր Սարգսյանը նախկին գյուղապետի փեսան է:

Զարմիկ Քամալյանի խոսքով՝ մի անգամ առաջարկել են ստորագրել այդ փաստաթուղթը, հրաժարվել է: «Ինձ նաև առաջարկել են տարբեր վայրերից հողեր հատկացնել ննգեցիներին, բայց մերժել եմ առաջարկը: Դեռևս ռուսական իշխանության ժամանակներից հողերը գյուղացիներին նույն վայրից էին հատկացնում: Բնակչությունը, իրար աջակցելով, մշակում էր նույն վայրի հողը, հիմա ինչու՞ պետք է տարբեր տեղերում հող ստանան: Որոշ գյուղեր տեր են կանգնել իրենց հողերին: Ամբողջ Ղարաբաղում միայն Ննգին է, որ զրկվել է իր հողերից: Ժողովի ժամանակ մարդկանց խաբել են, ասել, որ ականապատ տարածք է, բայց այդ մասին ոչ մի որոշում չկա»,- ասում է համայնքի ղեկավարը՝ ցավով ավելացնելով, որ ննգեցիները զրկված են հացահատիկային կուլտուրաների մշակման հնարավորությունից, քանի որ Ննգիի գյուղամերձ տարածքները դրա համար պիտանի չեն: Այս տարի փորձում են կտավատ ցանել, բայց հավանականությունը քիչ է, որ բավարար բերք կստանան:

Կրթությամբ իրավաբան Զարմիկ Քամալյանը մասնագիտության մասին հարցին քմծիծաղով է պատասխանում՝ ի՞նչ մասնագիտություն, կռվում էի: Միջնակարգն ավարտելուց հետո Երևանի մարշալ Բաբաջանյանի անվան նորաբաց ռազմական ուսումնարան է ընդունվում, մի տարի սովորելուց հետո ուսումը կիսատ թողնում և վերադառնում Ղարաբաղ, մասնակցում մի շարք փոքր մարտերի: Օմոնականների տեսադաշտից հեռանալու համար վերադառնում է Երևան, մտնում խորհրդային բանակ: 7 ամիս ծառայելուց հետո, 1991թ. Սիմֆերոպոլից կրկին գալիս է Արցախ: Արդեն ձևավորվող կանոնավոր բանակում դասակի, վաշտի հրամանատար էր, այնուհետև երեք գյուղերի հրամանատար: 1997թ. զորացրվել է, ներկայումս պահեստազորի սպա է:

Զարմիկ Քամալյանը Դաշնակցություն կուսակցությանն է անդամագրվել 2005թ.՝ չնայած բոլորը նրան «հին դաշնակ» են ասում: «Դաշնակցության գաղափարը սրտիս մեջ էր: Ծառայում էի Դավիթ Իշխանյանի գումարտակում, որը ոնց որ դաշնակցական գումարտակ լիներ: Ես երդված չէի, բայց երբեք ինձ օտար չեմ զգացել: Գյուղապետ ընտրվելուց հետո եմ երդում տվել»,- ասում է Զարմիկը:

Նրա խոսքով՝ երիտասարդները հիմնականում մնում են գյուղում: Այլ վայր տեղափոխվում են հիմնականում սպաները՝ կապված ծառայության հետ:

Ննգիի դպրոցը

Դպրոցում աշակերտների թիվը 39 է, որը վերջին տարիներին համարյա չի փոխվում: Աշակերտների թիվը նախկինի համեմատ քիչ է, բայց պատճառը ոչ թե բնակիչների արտագաղթն է, այլ որ գյուղում շատ են չամուսանացած երիտասարդները: Նրանք պատճառաբանում են տան, մշտական աշխատանքի բացակայությունը:

Այս առումով՝ Ալիբալիի հողերի վերադարձը երիտասարդներին աշխատանքով կապահովեր: «Ննգին առանց Ալիբալիի հողերի չի կարող զարգանալ, հատկապես, որ այնտեղի եղանակը բարենպաստ է հացահատիկային կուլտուրաների մշակության համար»,- համոզված է երկարամյա գյուղապետը:

Տաթևիկ Աղաջանյան

1