Հիմնական և կարևոր է, որ Արցախի ժողովուրդն ինքը պաշտպանի իր իրավունքները. Գասպար Կարապետյան
Գլխավոր » Լրահոս » Հիմնական և կարևոր է, որ Արցախի ժողովուրդն ինքը պաշտպանի իր իրավունքները. Գասպար Կարապետյան

Հիմնական և կարևոր է, որ Արցախի ժողովուրդն ինքը պաշտպանի իր իրավունքները. Գասպար Կարապետյան

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ, Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախմբի անդամ Գասպար Կարապետյանի հետ «Ապառաժ»-ը զրուցել է Արցախի հարցով իրականացվող աշխատանքների մասին։

Արցախցիների հիմնարար իրավունքների և պատանդների վերադարձի համար պայքար

Արցախի ժողովրդի  համար մեր  հիմնական աշխատանքը նրանց հիմնարար իրավունքների ուղղությամբ պայքարն է։  «Հիմնարար իրավունք» ասելով, առաջին հերթին, նկատի ունենք Արցախ հավաքական վերադարձի իրավունքը՝ միջազգային պաշտպանության երաշխիքներով։

Հաջողել ենք Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի իրավունքը ամրագրել մի շարք երկրների կառավարությունների ծրագրերում, օրինակ Բելգիայի կառավարության ծրագրում։ Հաջողվել է Բելգիայում՝  ՀՀ դեսպանության հետ գործակցելով, արձանագրել նաև նրանց մնայուն հարաբերությունների պահպանման անհրաժեշտությունը ՀՀ-ի հետ։

Երկրորդ ուղղությունը 23 հայ պատանդների ազատ արձակման հարցն է, որի համար բավական ժամանակ լրջորեն զբաղվում ենք։ Հաջողել ենք Եվրոպական խորհրդարանում ունենալ մի շարք բանաձևեր՝  Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի ու հայ պատանդների եւ ռազմագերիների ազատ արձակման հարցի շուրջ։

Այս աշխատանքները նաև այլ երկրներում մեր հանձնախմբերի աշխատանքների արդյունքում հնարավոր դարձավ։

Բոլոր կողմերն ասում են, որ Արցախի ժողովուրդը պետք է վերադառնա իր հայրենիքը

ՀՅԴ կուսակցության որոշմամբ մասնակցում եմ Արցախի Ազգային ժողովի կողմից ձեւավորված հանձնախմբին, որը զբաղվում է Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների միջազգային պաշտպանությամբ։ Հայ դատի գրասենյակներն Արցախի հանձնախմբի հետ սերտ գործակցություն ունեն։ Բավական ճանապարհ ենք անցել այն իմաստով, որ այլևս չկա որևէ կողմ, որը կառարկի Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի դեմ։ Բոլոր կողմերն սա են ասում, որ Արցախի ժողովուրդը պետք է վերադառնա իր հայրենիքը, բայց հարցն այն է, որ ամեն մեկը դա տարբեր ձևով է հասկանում։

Ալիևն էլ է ասում, որ կարող են վերադառնալ, բայց հասկանալի է, թե նրա ասածն ինչ է նշանակում։ Մեր ասածը բոլորովին տարբեր է։

Այստեղ նաև դերակատարություն է ունեցել «Եվրոպացիներ հանուն Արցախի» հարթակը։ Այն բաղկացած է 15 երկրների համայնքների ներկայացուցիչներից։ Սա Արցախի ժողովրդի օժանդակության համար կազմված հարթակ է, որը բավական նախաձեռնություններով հանդես եկավ, ցույցեր կազմակերպվեցին Բրյուսելում  և եվրոպական 55 քաղաքներում, 500-ից ավելի ստորագրություններով նամակներ են գրվել ԵՄ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներին։

Արցախի ժողովուրդն ինքը պետք է պաշտպանի իր իրավունքները

Անշուշտ, շատ ճանաարհ կա անցնելու, դեռևս սկզբում ենք, բայց հիմնական և կարևոր է, որ Արցախի ժողովուրդն ինքը հավատա, պաշտպանի իր իրավունքները։ Եթե Արցախի ժողովուրդը չցանկանա նախաձեռնել որևէ բան, մենք՝ որպես ոչ արցախցի, այդքան լեգիտիմություն չունենք դա անելու։ Մեր աշխատանքն է դյուրացնել այդ ամենը, միջազգայնացնել, օժանդակություն ապահովել, սակայն ժողովուրդն ինքն իր բախտը պետք է իր ձեռքն առնի։ Ի՞նչ ձևով, դա կորոշի Արցախի ժողովուրդը։

Շատ կարևոր է նաև, որ Արցախի ժողովուրդը մնա Հայաստանում։

Եթե Արցախի ժողովուրդն այստեղ չէ, չունի հավատք, անիմաստ է խոսել վերադարձի իրավունքի մասին։ Եթե օրինակ 10000 հոգի վերադառնա, Ալիևի «հացին յուղ կքսենք» դրանով, կասի ապրում են, նորմալ է։ Դա հավաքական վերադարձ չէ։ Հավաքական վերադարձի իրավունք՝ նշանակում է ունենալ միջազգային պաշտպանության երաշխիք և արցախցիներն իրենք պիտի որոշեն, ինչպես ապրեն այնտեղ՝ ազատ ինքնորոշման իրավունքը իրացնելով։ Սա բանակցությունների հարց է Ադրբեջանի հետ։

Ադրբեջանցիները հիմա արդեն ագրեսիվ չեն, չեն ուզում խոսել Արցախի մասին։ Ժամանակին իրենք էին մշտապես բարձրացնում, հիմա իրենց կարծիքով հարցը լուծված է և առաջվա ագրեսիվությունը չունեն։

Բայց որովհետև Ալիևը կարծում է, որ ամեն ինչ կարող է անել ուզած մարդու հետ, նրա սանձարձակ գործողությունների պատճառով Եվրոպական խորհրդարանի շրջանակներում և ընդհանրապես Եվրոպայում՝ Ադրբեջանից հոգնել են։ Ադրբեջանն իր առաջվա կարողություններն այս պահին չունի, որն անշուշտ հեշտացնում է մեր աշխատանքը, բայց միշտ պետք է նկատի ունենալ, որ ունի նյութական հսկա կարողություններ, որի միջոցով կարող են ազդել մարդկանց վրա։

Բայց իրենց անուղղակի հարձակումները, զրպարտությունները մեդիայով, վիդեոներով մեր գրասենյակի հանդեպ և իմ անձի նկատմամբ շարունակվում են, որովհետև իրենք էլ գիտեն, որ մեր գրասենյակի գոյությունն իրենց համար լուրջ վտանգ է։

Եվրոպական խորհրդարանի հետ էլ փաստորեն կապ չունեն իրենք, որովհետև Եվրոպական միության պատվիրակություններ չեն այցելում Ադրբեջան, նրանց պատվիրակություններն էլ սառն են ընդունվում եվրոպական խորհրդարանի գործընկերների կողմից, դրա համար էլ նրանք այդքան ագրեսիվ չեն։

Ժամանակին ինչ նիստ, որ լինում էր, կամ թեկուզ Հայաստանի ու Ադրբեջանի հետ կապ ունեցող ցուցահանդես, նրանք սկսում էին՝ պիտակավորել հայերին ու արցախցիներին։ Հիմա այդպես չէ, իրենք են խուսափում խոսել, բայց տարբեր ձևերով իրենց աշխատանքը շարունակում են։

Դեսպանատներում Արցախի ներկայացուցիչների բացակայությունը դժվարացնում է աշխատանքները

Մենք միշտ համագործակցել ենք տարբեր երկրներում ՀՀ դեսպանատների հետ, որքան պայմանները ներել են։ Ճիշտ է, անցյալի նույն դյուրությունը չկա, բայց համագործակցություն կա, համագործակցում ենք նաեւ բոլորի հետ՝ ովքեր առաջնորդվում են ազգային շահերով եւ պայքարում են մեր ժողովրդի իրավունքների համար։

1