Հիմա կարևորը հողից զրկվածին արմատից ու ինքնությունից չզրկելն է. գրականագետ
Գլխավոր » Լրահոս » Հիմա կարևորը հողից զրկվածին արմատից ու ինքնությունից չզրկելն է. գրականագետ

Հիմա կարևորը հողից զրկվածին արմատից ու ինքնությունից չզրկելն է. գրականագետ

Որպես մայր՝ ես պարտավոր եմ չթուլանալ, արարել, աշխատել և ապրեցնել սիրելի մարդկանց թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես.

Մեր զրուցակիցը արցախցի գրականագետ, բանաստեղծուհի Զարինե Սառաջյանն է: Բանասիրական գիտությունների թեկնածու է, դոցենտ: Մինչև Արցախի բռնի հայաթափումը դասավանդում էր Արցախի պետական համալսարանում։ Երկար տարիներ եղել է համալսարանի լրատվության և հանրային կապերի բաժնի պետը: Գրքերի և հոդվածների հեղինակ է։ Արցախի կորստից և բռնագաղթի դաժան ճանապարհից հետո փորձում է կյանքը շարունակել և ապրելու հենարան գտնել մայր հայրենիք Հայաստանում։ Այժմ նա աշխատում է ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում, որը, նրա խոսքով, ոչ միայն աշխատանք է, այլև հոգու սփոփանք, ինքն իրեն վերագտնելու ճանապարհ:

— Կորցրած տան,Արցախի կարոտը խոշորացույցի պես ցուցանում է կորստի ողջ էությունն ու ավերի մեծությունը, մարդու գիտակցության, ներաշխարհի վրա թողած ազդեցությունը: Այն դատապարտում է մտքի, հոգու թափառումների և հաճախ է հնարավոր շփոթել՝ երա՞զն է ավելի իրական, թե՞ իրականը ավելի երազ: Տալիս է միաժամանակ երազ, հույս և հակառակը՝անզորություն, խորը տխրություն: Գալշոյանն ավելի դիպուկ կասեր՝ «Կարոտից զորեղ բան աշխարհում չկա, ինչքան հեռանում ես մեր քողտիկից, մեր ձորից, էնքան քու կարոտ կմեծանա: Կարոտի հետ տխրություն կմեծանա… էդ տխրություն մեծ բան կպտղե, մարդու հոգին կմեծացնե, մարդու կդարձնե աժդահա հերոս»: Ի՞նչ զգացողություններով եք ապրում  կարոտի հետ:

— Կարոտը իմ մշտական, հավատարիմ ուղեկիցն է։ Այն ինձ հետ է, երբ մենակ եմ, երբ մարդաշատ վայրում եմ, երբ ժպտում եմ, երբ է՛լ չեմ կարող ժպտալ։ Սենտիմենտալ է հնչում, բայց գուցե կարոտն այն տենդն է…երբ մեքենայի պատուհանից նայելիս մեկ էլ թվում է՝ տեսնում եմ Ստեփանակերտի Ազատամարտիկների փողոցը, շուկան ու հիմա թեքվելու է, հասնի իմ ուզած տեղը… այդպես սխալ կանգառներում եմ իջնում մինչև հիմա ու մոլորվում. ինձ թվում է՝ Ստեփանակերտի կամ իմ տուն տանող փողոցներով եմ քայլում: Հաճախ է այդպես պատահում, որ ես միայն ֆիզիկապես լինեմ այստեղ: Ինձ վայրկյաններ են պետք, որ ուշքի գամ, սթափվեմ: Անկեղծ եմ ասում, առավոտյան արթնանալիս առաջինը, որ լսում եմ, Երևանի փողոցի աղմուկը չէ, այլ Ստեփանակերտի տանս պատուհանից եկող թռչունների աշխույժ ծլվլոցը… ու եթե կողքից նկարող լինի, էդ պահին իմ դեմքը հաստատ նույն տեսքն ունի, ինչ որ Ստեփանակերտի իմ տան առավոտներին: Դա երազն է․․․Րոպեներ հետո հասկանում եմ՝ ինչքան դժվար է սովորել, որ իմ տանը չեմ, ինչ բան է հայրենիքից զրկվածի կարոտը:

Հիմա կարևորը հողից զրկվածին արմատից ու ինքնությունից չզրկելն է։ Ուզում եմ, որ արցախցիները չկորցնեն իրենք իրենց, արթուն պահեն հիշողություններն ու վերադառնալու ձգտումը, որ միասին նորից գնանք տուն: Այս սպասումը մաշող է, բայց նաև տոկունացնող։

— Որպես Արցախից բռնագաղթած միջին վիճակագրական ընտանիք՝ ինչպե՞ս կբնութագրեք ձեր սոցիալական իրավիճակը։ 

-Սոցաջակցության ծրագրերը հեզհետե նվազում են, իսկ արցախցիների խնդիրները, հակառակը, ընդլայնվում։ Մարդը, որ ֆիզիկական բնաջնջման սպառնալիքի տակ ստիպված բռնագաղթել է իր հազարամյա հայրենիքից, կորցրել է թանկ մարդկանց,  իր տունը, հողը, ապրելակերպը, չպետք է նաև ամեն օր կորցնի արժանապատվության զգացումը՝ պարզապես գոյատևելու փորձերի մեջ։ Արցախցին աշխատասեր է։ Նա սովոր չէ ձեռքը մեկնած սպասել օգնության։ Արցախում մենք սովոր էինք ստեղծել, արտադրել, աշխատել հողի, ձեռքի, մտքի ուժով։ Մեր ընտանիքում, օրինակ, հիմա բոլորս աշխատում ենք՝ ես, ամուսինս, ուսանող աղջիկս՝ ուսման հետ համատեղելով, երբեմն անչափահաս տղաս, որ կարողանանք հասցնել։ Սոցիալական աջակցությունն այս պահին անհրաժեշտ հենարան է, բայց ոչ նպատակ, ոչ էլ երկարաժամկետ լուծում։ Մենք չենք ուզում մշտապես ապրել աջակցության հույսով՝ պարզապես գոյատևելով։ Անհրաժեշտ են ողջամիտ ծրագրեր, հնարավորություններ, աշխատելու, ստեղծելու, ընտանիքն արժանապատվորեն պահելու պայմաններ։ Երբ մարդուն հնարավորություն ես տալիս ինքնուրույն առաջ գնալու, նա իր ուժերին է հենվում, ոչ թե պետության ուսերին։ Բայց դրա համար պետք են հստակ ծրագրեր, հասանելի աշխատաշուկա, բնակության տարբեր գոտիներում բնակապահովման հասանելի ծրագրեր, համապատասխան աշխատանք և աջակցող միջավայր։ Սոցիալական աջակցությունը պետք է կամուրջ լինի դեպի կայունություն, ոչ թե անորոշության մեջ խրվելու ճանապարհ։ Արցախցին պատրաստ է իր աշխատանքով, նվիրումով, ներուժով նպաստելու Հայաստանի տարբեր բնագավառների զարգացմանը։

— Ծանոթ լինելով Եղեռնը վերապրածների մասին կարոտի գրականությանը՝ Արցախից հետո ունե՞ք սրբազան պարտքի զգացում՝անմար պահելու հայրենի եզերքի հուշը,վերադառնալու հավատը, ինչքան էլ քաղաքականության քամիները տանում,տարուբերում են շատ բան,հույսն էլ: Դուք ավելի մեծ ակտիվությամբ եք խոսում Արցախի, նրա կարոտի մասին, որը հաճախ է վերածվում գեղեցիկ բանաստեղծությունների, ինչպես՝ «Մի գիշեր Շահերիզադեն կքնի, իսկ իմ աչքերի թախծոտ լույսը հազար ու մի գիշեր կշարունակի քեզ պատմել Արցախի արևածագերի…,Սիրո և ավելի մեծ սիրո և եդեմական այն սքանչելիքների մասին, որ չկան Արևելքի ամենաչքնաղ հեքիաթներում» և այլն։

-Հիմա Արցախը մենք ենք առավել, քան երբեք: Արցախն ինձ համար մաքուր լույս է՝ զով առավոտներով, կարմիր արևածագերով, հպարտ ու բարձր լեռներով, մարդու և հողի խոր կապով: Հայրենի հողիս մասին գրելը իմ հոգևոր սնունդն է, պահող խարիսխը, ապրեցնող, թև տվող մեծ ուժը (Այստեղ համեստորեն լռում է՝ չցանկանալով շարունակել խոսել իր մասին): Որպես գրականագետ՝շատ եմ կարևորում Արցախի մասին ստեղծվող գրականությունը՝ ցանկացած ժանրում, արժեքային մակարդակում, որովհետև դա ևս հիշողությունը արթուն պահելու, կոլեկտիվ հիշողությամբ նաև վերադարձի կամքը նորոգ պահելու միջոց է։ Եղեռնի գրականությունը այժմ զգում եմ նաև որպես վերապրող։ Երբ Եղեռնի գրականության էջերում հանդիպել էի, որ Արևմտյան Հայաստանում կորցրած տան դռան բանալին Եղեռնից մազապուրծ հայը իր հետ տարել և տասնամյակներով պահել է սրբորեն՝ վերադարձի սպասումով, նույն պատկերը կրկնվել է նաև մեր կյանքում։ Ստեփանակերտի մեր տան բանալիները Երևանի մեր վարձով տանը դեռ պահում եմ՝ վերադարձի սպասումով։ Ամեն օր ապրում եմ վերադարձի սպասումով՝ տանդ դուռը բացելու, ծանոթ հոտը շնչելու, մեր շիրիմներին ծաղիկ խոնարհելու, Գանձասարում, Ամարասում մոմ վառելու ու աղոթելու սպասումով։ Հաճախ եմ մտածում՝ ինչո՞ւ այսպես եղավ, որտե՞ղ էր սխալը… Միգուցե հաղթանակից թմբիրի մե՞ջ էինք ընկել, չգիտեմ, դրա մասին թող դատողություններ անեն ռազմական փորձագետները, դա իմ դաշտը չէ․․․:Ես հավատում եմ, որ մի օր նորից կլինեմ Արցախում։ Իսկ մինչ այդ պետք է աշխատել, ուժեղանալ, յուրաքանչյուրն իր սխալից դասեր պիտի քաղի և ամեն օրը նվիրի վաղվա օրը ավելի լավը դարձնելուն։ Հիմա ինձ ստեղծելու, պայքարելու ուժ է տալիս հույսը, դա է ապրեցնում: Մարդը չի կարող առանց հույսի ապրել: Ես միշտ հիշում եմ մեծերի խոսքը՝ «Ամենամութ խավարից հետո էլ լույսը բացվում է: Իմ հույսը բնավ հուզական ցանկություն չէ կամ անիրատես երազ…: Որովհետև աշխարհաքաղաքական իրողություններն անսպասելի շրջադարձեր են ունենում, և հանկարծ կատարվում է այն, ինչ չենք սպասում, ինչպես, օրինակ, Արցախի հայաթափումը, ուստի անսպասելի կարող է հակառակը տեղի ունենալ: Մեր կարճ կյանքի ընթացքում բազմիցս ենք ականատես եղել այդպիսի բեկումնային  շրջադարձերի: Թեպետ աշխարհը լուռ դիտում էր՝ ինչպես էր արցախահայությունը ճարահատ, ոչ իր կամքով հեռանում իր բնօրրանից, սակայն 21-րդ դարում չի կարող այսպես կոպտորեն արհամարհվել մարդու կենսական ազատություններն ու իրավունքները. մարդը զրկվի իր տանն ապրելու, իր շիրիմներին ծաղիկ խոնարհելու հնարավորությունից: Չի կարող այսպես ավարտվել Արցախի պատմությունը: Մի օր, երբ ավելի հանդարտ ժամանակներ գան, վեպ եմ գրելու իմ տեսած-ապրածի մասին:

-Հայրենի տունը կորցնելուց հետո մայր հայրենիքում  Ձեր մեջ և Ձեզնից դուրս ի՞նչն է ամենից շատ օգնում վերապրել, գուցե՝ չկորցնել ինքներդ Ձեզ: Ի՞նչն է ոգեշնչում նորից կառուցել կյանքը, ապագա տեսնել, ստեղծել: Այնուամենայնիվ՝«ցավը միայն վերքի տիրոջն է յարա տալիս»։

-Կորցնելով հայրենի տունը՝ կորցրել եմ ոչ միայն ֆիզիկական տարածք, այլև ինքնությանս մի մասը, որտեղ ամփոփված են իմ արմատները, մանկությունը, հիշողությունները, սրբությունները, իմ ապրածը, մարդիկ։ Կորցրել եմ իմ և երեխաներիս համար կառուցած երազանքը։ Բայց հենց այդ ինքնությունն է, որ ամենադժվար պահերին ինձ ուժ է տալիս ապրելու, հիշողություններս և այն հույսը, որ կլինի վերադարձ։

Մայր հայրենիքում առաջ շարժվելու ուժ է տալիս ինձ նաև արցախցու համառ, ինչ-որ տեղ մի քիչ վայրի բնավորությունս։

Ինձ ուժ է տալիս նաև Հայաստանի այն հայրենակիցների վերաբերմունքը, որոնք ապրում են ոչ միայն իրենց ցավով, այլ նաև արցախցու ցավն են զգում, ապրումակցում մեզ և օգտվելով առիթից՝ շնորհակալությունս եմ հայտնում բոլոր բարի մարդկանց, որոնք այս ծանր պահերին մեր կողքին են, թեկուզ մի բարի խոսքով ու աջակցող ժպիտով։

Ապրելու համար ազդակ են նաև աշխատանքս ու ստեղծագործելը, որոնք հիշեցնում են, որ արմատների ու ինքնության ուժն է ապրեցնող, կանգուն պահողը։ Ի դեպ, անընդունելի եմ համարում վշտի ու կորստի մեջ գտնվող մարդու հանդեպ անտարբերությունը և չհասկացվածությունը, քաղաքական շահարկումները, մարդկային պարզ վերաբերմունքի բացակայությունը, ձևական սրտացավություն խաղալը, արժեքների հանդեպ քամահրանքը, խտրականությունը։

Ապագայի հանդեպ լավատեսություն և ապրելու ուժ են հաղորդում ընտանիքս, հատկապես՝ երեխաներս։ Որպես մայր՝ ես պարտավոր եմ չթուլանալ, արարել, աշխատել և ապրեցնել սիրելի մարդկանց թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես։

Կուզենայի ընդգծել՝արցախցիներիս համար ամեն մի օրն է պայքար, նույնիսկ տնից դուրս գալն ու  աշխատանքի գնալը: Աշխատանք գտնելն է պայքար: Նոր միջավայրում դրականորեն դրսևորվել, լավ աշխատելը, որպեսզի քեզ ընդունեն, հարգեն որպես լավ մարդ, կոլեկտիվի անդամ: Լավ մասնագետ լինելդ ապացուցելն է պայքար: Դու ջանք ես թափում, որովհետև դու կորցրել ես քո ընկերական շրջապատը, աշախատանքիդ վայրը, որտեղ աշխատել ես երկար տարիներ, կենսամիջավայրը, ծանոթ մարդկանց, որոնք ժպիտդ, աչքերդ տեսնելիս ժպտում էին միանգամից: Այստեղ դու պետք է ստեղծես ժպտալուդ հիմքը:

Բարդ հոգեբանական վերլուծություն պետք չէ անել հասկանալու համար, որ արցախցու մեջ այժմ ահռելի է կորստի վախը, և փորձում է կառչած պահպանել մայր հայրենիքում գտած ամեն հնարավորություն: Մի փոքր նրբանկատությունը բավական է հասկանալու համար: Ամեն դեպքում մենք հիմա ամենամեծ տագնապով մի բան ենք ուզում, որ Աստված պինդ պահի-պահպանի Հայաստանը:

Թամարա Ղազարյան

1