ՀՀ որեւէ իշխանություն երբեւէ Լեռնային Ղարաբաղը չի ճանաչել Ադրբեջանի կազմում. Վարդան Օսկանյան
Գլխավոր » Լրահոս » ՀՀ որեւէ իշխանություն երբեւէ Լեռնային Ղարաբաղը չի ճանաչել Ադրբեջանի կազմում. Վարդան Օսկանյան

ՀՀ որեւէ իշխանություն երբեւէ Լեռնային Ղարաբաղը չի ճանաչել Ադրբեջանի կազմում. Վարդան Օսկանյան

Հայաստանի նախկին արտգործնախարար (1998-2008) Վարդան Օսկանյանը լրատվամիջոցներին է տրամադրել իր հոդվածը Արցախի խնդրի շուրջ գործընթացների վերաբերյալ։

Ներկայացնում ենք Վարդան Օսկանյանի հոդվածը.

«Ֆրանսիայի Սենատի որոշումը մասնակի պատասխան էր բոլոր նրանց, ովքեր պնդում են, թե 44-օրյա պատերազմի հետևանքով մենք կորցրել ենք Լեռնային Ղարաբաղն ու չունենք դիվանագիտական որեւէ ճանապարհ կամ այլընտրանք, քան ընդունել Բաքվի պարտադրանքը, որ ԼՂ-ն Ադրբեջանի մաս է։

Ցավալին, իհարկե, այն է, որ հանձնվողականության գլխավոր ջատագովը Հայաստանի իշխանություններն են։ Կարծեք թե համատեղել են իշխանական ողջ հնարավորությունները աշխարհին համոզելու, թե ԼՂ-ն ադրբեջանական տարածք է։ Այս քաղաքականությունից զարմացած են անգամ միջնորդ եւ շահագրգիռ երկրները՝ անկախ նրանից, թե ինչպիսին են նրանց շահերը խնդրի լուծման այս կամ այն տարբերակի շուրջ։

Ամենայն անկեղծությամբ եւ առանց քաղաքական շահարկման նպատակ ունենալու՝ ես ուզում եմ պարզապես պահանջել, որ եթե չեք կարող կամ չեք ցանկանում պաշտպան լինել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին, ապա հակառակը մի՛ արեք, պարզապես լռե՛ք եւ մի՛ խանգարեք այլոց աշխատանքին։

44-օրյա պատերազմի առաջացրած ամեն տեսակի բացասական եւ անընդունելի հետեւանքներն արդարացնելու եւ սեփական բոլոր սխալները նախկինների վրա բարդելու մարմաջի մեջ չի կարելի մեկընդմիշտ փակել Արցախի ինքնորոշման հնարավորությունը։

Անկախ նրանից, թե Ադրբեջանն ու Թուրքիան ինչ են ասում, Լեռնային Ղարաբաղի խնդիրը չի լուծվել։ Չէր լուծվել 1918-20 թվականներին, չէր լուծվել խորհրդային ամբողջ շրջանում, չէր լուծվել նախորդ երեսուն տարիներին ու չի լուծվել նաեւ այսօր։ Լեռնային Ղարաբաղի հարցում հայկական քաղաքական եւ դիվանագիտական ձեռքբերումները չի կարելի նսեմացնել։

Հայաստանի Հանրապետության որեւէ իշխանություն երբեւէ Լեռնային Ղարաբաղը չի ճանաչել Ադրբեջանի կազմում, իսկ Մադրիդյան սկզբունքները դիվանագիտական լրջագույն ձեռքբերում էին եւ չեն կորցրել այժմեականությունը։

2007-ի նոյեմբերի վերջին Մինսկի խմբի համանախագահ երեք երկրները ԵԱՀԿ նախարարների խորհրդին այդ փաստաթուղթը ներկայացրել են ոչ թե որպես հարցի կարգավորման հերթական առաջարկություն, այլ որպես հարցի լուծման համար նրանց համատեղ վերջնական «լավագույն տարբերակ» (co-chairs best guest), որը եւ ի պահ է տրվել ԵԱՀԿ դեպոզիտարիային։

Մադրիդյան սկզբունքների փաստաթուղթն իր էությամբ նման է Կոսովոյի հարցում ՄԱԿ-ի բանագնաց, Ֆինլանդիայի նախկին նախագահ Մարտի Ահտիսաարիի՝ Սերբիայի եւ Կոսովոյի միջեւ նրա տարիների միջնորդական արաքելության արդյունքում ներկայացված վերջնական լավագույն տարբերակին (best guest), որտեղ առաջարկվում էր, որ հարցի միակ լուծումը Կոսվոյի անկախությունն է։

Մադրիդյան փաստաթղթով Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման հարցում համանախագահ երկրների ներկայացրած տեսակետները կարճ ժամանակ անց վերահաստատվեցին, երբ 2008-ի մարտի սկզբներին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում տարածքային ամբողջականության հիման վրա ԼՂ հարցի լուծման Ադրբեջանի ներկայացրած բանաձեւին համանախագահ երկրները դեմ քվեարկեցին։

Այս մոտեցումները մնացին նույնը եւ հետագայում իրենց արտահայտությունը գտան Մեծ ութնյակի շրջանակում Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների իրարահաջորդ հայտարարություններում։

Այս բոլորը մոռացության տալ այն ջնասիրությամբ, ինչ անում են Հայաստանի իշխանությունները, չի կարելի։ Ափսոս է։

Հայոց պետականությունը անկախության օրվանից եւ հաջորդող տարիներին խարսխվել է հինգ հենասյուների վրա՝ Արցախ, բանակ, սահմանադրություն, առաքելական եկեղեցի եւ սփյուռք։ Այսօր այդ հենասյուները էապես խարխլվել են, իսկ դրանցից մեկը՝ Արցախը, ամբողջական փլուզման վտանգի դեմ է կանգնած։ Հրաժարվել ենք Արցախից, փոշիացրել ենք բանակը, ոտնահարում ենք սահմանադրությունը, հալածում ենք եկեղեցին եւ արհամարհում ու նվաստացնում սփյուռքը։

Ժամանակն է զբաղվել այս հենասյուների ամրացմամբ եւ առաջին հերթին համազգային միջամտությամբ կանխել Արցախյան հենասյունի փլուզումը։

Այսօր ամբողջ հայությունն իր առաջ երկու խնդիր պետք է դնի՝ ներսում դիմադրի իշխանություններին եւ թույլ չտա՝ ստորագրվի որեւէ փաստաթուղթ, որը կփակի կամ նույնիսկ կդժվարացնի ԼՂ-ի ինքնորոշման իրավունքի իրացման հնարավորությունը, իսկ դրսում համախմբի բոլոր տեսակի քաղաքական եւ իրավական հնարավորությունները՝ կենդանի եւ այժմեական պահելու Արցախի ինքնորոշման հարցը միջազգային թատերաբեմում։

Այստեղ առաջնորդողը պետք է լինի Արցախն իր իշխանությունների հստակ, աներկբա վճռականությամբ եւ իր ժողովրդի հաճախակի եւ զանգվածային հավաքներով։

1