Ներկայացվել են ԱՀ պաշտոնական դիրքորոշման հիմքերը

Հունիսի 30-ին ԱՀ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը նշել էր, որ հանդիպումներ է ունեցել ՀՀ նախագահ Վ. Խաչատուրյանի և ԱԳ նախարար Ա. Միրզոյանի հետ: ԱՀ ԱԺ-ում այդ հանդիպումների մասին մասնավորապես ասել էր. «Բոլոր հանդիպումներում մեր ինքնորոշման իրավունքի անսահմանափակ ու անվերապահ իրացման մասին խոսել եմ, շեշտադրել եմ, որ այդ դիրքորոշումները պետք է տեղ գտնեն նաև ՀՀ հրապարակային դիրքորոշումներում»:
Դրան նախորդել էր ՀՀ նախագահ Վ. Խաչատուրյանի հունիսի 16-ի հետևյալ հայտարարությունը. «Իմիջիայլոց, այդ տեսակետին համաձայն է եղել Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը: Ես կարող եմ իրենց փոխարեն խոսել: Մենք իրենց հետ քննարկել ենք, որ մենք գնում ենք այս ճանապարհով»:
«Ապառաժ»-ը հարցում էր ուղարկել ԱՀ պետնախարարին՝ խնդրելով մեկնաբանել այդ հակասությունը և պարզաբանել, թե արդյո՞ք իրենց հանդիպումից հետո որևէ փոփոխություն է տեղի ունեցել Հայաստանի կողմից Արցախի հարցով վարվող քաղաքականության մեջ:
Հարցմանն ի պատասխան՝ Ա. Բեգլարյանը նշել է, որ հունիսի վերջին Երևանում ի թիվս այլ պետական, քաղաքական ու հասարակական գործիչների հետ աշխատանքային ու անձնական հանդիպումների, հանդիպում է ունեցել նաև ՀՀ արտաքին գործերի նախարարի և նախագահի հետ, որոնք տեղի են ունեցել ԱՀ նախագահի համաձայնությամբ և առաջինի դեպքում ԱՀ արտաքին գործերի նախարարի իմացությամբ:
Ա. Բեգլարյանը նշել է, որ հաշվի առնելով այդ հանգամանքները և քննարկված հարցերի շրջանակը՝ հստակ է, որ ինքը նրանց հանդիպել է որպես պետական նախարար, և հանդիպումը ՀՀ արտաքին գործերի նախարարի հետ չէր կարող որևէ կերպ փոխարինել ԱՀ և ՀՀ արտաքին գործերի նախարարությունների համագործակցության որևէ ձևաչափի:
Ի զարմանս մեզ պարոն Բեգլարյանը նամակում նշել է. «Կարևորում եմ, որ անկախ տարբեր արտաքին ու ներքին հանգամանքներից ու տարբերություններից, Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության պետական բոլոր մարմիններն իրար հետ ունենան ինստիտուցիոնալ կուռ փոխգործակցություն՝ հաշվի առնելով Մայր Հայաստանի և Արցախի բացառիկ կարևորությունը միմյանց համար»:
Հարկ ենք համարում նշել, որ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի՝ հունիսի 30-ին կայացած նիստին ԱՀ նախագահը ի պատասխան Դավիթ Իշխանյանի հարցմանը՝ խոստովանել էր.
«Արտաքին գործերի նախարարությունների հետ կապված Ձեր մտահոգությունները մենք կիսում ենք, երկու կառույցների միջև կա բաց: Բայց դա միայն այդ երկու կառույցների միջև չէ, մենք ունենք այդ խնդիրը: Ես ՀՀ վարչապետին էլ եմ ներկայացրել որոշ կառույցների ոչ բավարար համագործակցությունը, և պայմանավորվել ենք, որ այդ հարցը պետք է շտկենք»:
Հակառակ պարոն Բեգլարյանի պնդմանը՝ «Ապառաժ»-ը վերջին մի քանի ամիսների ընթացքում ևս չի նկատել որևէ լրատվություն ԱՀ և ՀՀ գերատեսչությունների ղեկավարների հանդիպման մասին:
Ինչևէ, պատասխանելով «Ապառաժ»-ի կողմից տրված բուն հարցին՝ Ա. Բեգլարյանը իր պատասխան նամակում նշում է.
«Բացի «Հայաստան» համահայկական հիմնադրամի և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանն առնչվող որոշ հարցերի քննարկումից՝ ես ՀՀ նախագահին ներկայացրել եմ Արցախի ապագայի վերաբերյալ ԱՀ պաշտոնական դիրքորոշման հիմքերը, փաստարկներն ու տրամաբանությունը: Այդ համատեքստում կարևորել եմ, որ ՀՀ պաշտոնական դիրքորոշման մեջ շարունակաբար նշվի` Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի անսահմանափակ ու անվերապահ իրացման սկզբունքը, ինչպես նշվում է ԱՀ դիրքորոշման մեջ:
Տեղյակ չեմ ՀՀ նախագահի նշված հայտարարության հիմքերից, քանի որ ինձ հետ նման հարց չի քննարկվել: Իսկ ԱՀ և ՀՀ դիրքորոշումները հրապարակված են լիազոր մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից, և հնարավոր է հեշտորեն համեմատել դրանց տարբերություններն ու նմանությունները:
Իմ հանդիպումից հետո ես չեմ նկատել Հայաստանի կողմից որևէ փոփոխություն Արցախի հարցով վարվող քաղաքականության ու հրապարակային դիրքորոշումների մեջ»։